«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2003-11-08 | #206, 2003-11-11 | #207, 2003-11-12


ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԵՎՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ

Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվո՞ւմ է

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեքշաբթի ուշ երեկոյան նախատեսված էր նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հանդիպումն ընդդիմության առաջնորդների հետ, ովքեր մի քանի օր շարունակ պահանջում էին չեղյալ հայտարարել նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, Վրաստանի նախագահի հրաժարականը։

Վրաստանից ստացվող հաղորդագրությունները հույս են ներշնչում, որ այս երկրում ներքաղաքական հերթական ճգնաժամը հաղթահարվում է։ Մ. Նահանգները եւ Ռուսաստանը, որոնք Վրաստանում ունեն լուրջ շահեր եւ ի վիճակի են ազդելու երկրի ներքաղաքական զարգացումների վրա, հստակ հայտարարում են, որ կողմնակից են ներքաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելուն։

Վլադիմիր Պուտինը Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն էր հայտնել, իսկ երեկ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեի հետ հանդիպումից հետո լրագրողներին, ըստ Civili.ge էլեկտրոնային թերթի, հայտնել է ԱՄՆ դիրքորոշումը, ըստ որի, ներքաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել բացառապես խաղաղ ճանապարհով։

Շեւարդնաձեն իր նախագահության տարիներին ձեւավորել է իշխանական մի համակարգ, որն առաջին հերթին ուղղված է եղել նրա իշխանության պահպանմանը, եւ երբ տարածաշրջանում լուրջ շահեր հետապնդող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում Շեւարդնաձեի տապալումը, ապա ընդդիմության համար դա գրեթե անհնար է։

Թե ինչով կավարտվեն Շեւարդնաձեի եւ վրացական ընդդիմության առաջնորդների գիշերվա բանակցությունները, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ ընդդիմությունը սպառել է ենթադրյալ իշխանափոխության պաշարները եւ ընդդիմադիր որոշ գործիչներիՙ խորհրդարանի շենքի առջեւ հացադուլի փաստը հենց այդ մասին է խոսում։

Երեկ Շեւարդնաձեն, ըստ Ինտերֆաքս գործակալության, հեռախոսազրույցներ է ունեցել ԱՊՀ մի շարք առաջնորդների, այդ թվումՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը լիովին աջակցություն են հայտնել Շեւարդնաձեին։ Թե հատկապես որ հարցի շուրջ են «լիովին աջակցություն» հայտնել, հստակ չի նշվում։

Անդրկովկասյան երեք հանրապետություններում ձեւավորվում է ընտրությունները կեղծելու ավանդույթ։ Հայաստանի նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունները ուղեկցվեցին, ինչպես նշում են միջազգային դիտորդները, լուրջ կեղծիքներով, Ադրբեջանի իշխանությունները մեկ քայլ ավելի կատարեցինՙ ժողովրդի դեմ օգտագործելով բիրտ միջոցներ։ Եռանկյան երրորդ գագաթը լրացրեց Վրաստանը, որտեղ խորհրդարանական ընտրությունները կրկին, ըստ միջազգային դիտորդների, ուղեկցվեցին աղաղակող կեղծիքներով։

Փաստորեն, անդրկովկասյան երեք հանրապետությունները 2003 թ.-ի իրենց ընտրություններով եվրոպական կառույցներին հասկացրին, որ իրենք այնքան էլ ժողովրդավարական չեն։ Եվրոպան երեք երկրների ընտրությունների կեղծիքները հավասարապես դատապարտեցՙ բոլորին չափելով նույն արշինով։

Ռոբերտ Քոչարյանն, ինչպես հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը (հղում է արվում Վրաստանի նախագահի մամլո ծառայությանը), Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վրաստանի հայ քաղաքացիներն ընտրություններում միաձայն արտահայտել են իրենց աջակցությունը նախագահ Շեւարդնաձեին։ Ըստ Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության, Քոչարյանը հեռախոսազրույցում ասել է, որ Վրաստանի ներքին կայունությունը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշենք, որ Վրաստանի հայերը միաձայն չեն պաշտպանել կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքին։ Ճիշտ է, Շեւարդնաձեի աջակցությունը վայելող դաշինքի օգտին քվեարկել են հիմնականում երկրի երկու խոշոր էթնիկ փոքրամասնություններըՙ ադրբեջանցիները (մոտ 90 տոկոս) եւ հայերը (մոտ 70 տոկոս), սակայն այս «աջակցությունը» ստացվել է առավելապես «սեւ» քարոզչության, շանտաժի, բացահայտ սպառնալիքների պայմաններում։

Շեւարդնաձեի ամենամերձավոր համախոհները Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում քարոզչության ընթացքում ադրբեջանցիներին սարսափեցնում էին, թե Վրաստանի ընդդիմության առաջնորդները ծագումով հայեր են։ Հայաբնակ շրջաններում նույն գործիչները նշում էին, թե երբ էթնիկ փոքրամասնությունը չի աջակցում կառավարամետ դաշինքին, ապա նա չի կարող երկար ապագա ունենալ։

Ի դեպ, Վրաստանի հայերը խիստ դժգոհ էին կառավարամետ դաշինքի ընտրացուցակից, որտեղ առաջին հայի անունը 54-րդ հորիզոնականում էր, իսկ նրան նախորդում էին երկու ադրբեջանցիներ, մեկ օս եւ մեկ ռուս։

Կրկնությունից խուսափելու նպատակով չենք մեջբերում Շեւարդնաձեի համախոհների ընդգծված հակահայկական հայտարարությունները նախընտրական, ապա նաեւ հետընտրական շրջանում։

Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիեւն աջակցություն հայտնելով իր հոր երկար տարիների ընկերոջը, նշել է, որ ադրբեջանցիները միաձայն աջակցել են եւ իրենց ձայնը տվել կառավարամետ դաշինքին։ Ի դեպ, վրաց ընդդիմության առաջնորդները, որոնք կառավարամետ ուժերի կողմից քննադատվում էին հայկական ծագում ունենալու մեջ, հետընտրական շրջանում անում են ադրբեջանցի ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտություններ։ Մասնավորապես Նինո Բուրջանաձեն, Միխայիլ Սահակաշվիլին եւ Զուրաբ Ժվանիան հրապարակային ելույթներում Վրաստանի ադրբեջանցիներին համարել են անգրագետ մարդիկ, որոնք անգամ չեն կարողանում քվեներ հաշվել։

Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիեւը նշել է, որ հայրիկի առողջությունը կայուն է եւ շարունակվում է նրա բուժման ընթացքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4