«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2003-11-08 | #206, 2003-11-11 | #207, 2003-11-12


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Ո՛չ երիտասարդների ուղեղների լվացմանը

«Թուդեյ» անվանումով մարդու իրավունքների պաշտպանության թուրք-գերմանական ընկերությունը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ, որը կոչվում է «Պատմությունը հանուն խաղաղության»։ Ընկերության շուրջ հավաքված ավելի քան 300 մտավորականներՙ Թուրքիայի հասարակական կյանքում ճանաչված դասախոսներ, իրավաբաններ, արվեստագետներ, լրագրողներ, պատմաբաններ, արհմիության աշխատողներ եւ վետերան զինդատավորներ, ըստ էլ. փոստով ստացված հաղորդագրության, Թուրքիայի կրթության նախարարությանն են ներկայացրել իրենց նախաձեռնությունըՙ կոչ անելով չեղյալ համարել 2003 թ. ապրիլի 14-ին նախարարության հրապարակած շրջաբերականը, որով պահանջվում էր դիտավորյալ աղավաղել պատմական փաստերը դպրոցական դասագրքերում եւ կրթական ծրագրերում։

Համաձայն այդ շրջաբերականի, միջնակարգ դպրոցի դասատուներից պահանջվում էր ստեղծել կամ հորինել մի նոր առարկա, որն օրինական ուժից կզրկեր քրիստոնյա հայերի, պոնտացի հույների եւ ուղղափառ սիրիացիների պահանջները։ Ուսուցիչները պետք է վերապատրաստվեին դառնալու «ժխտողական քաղաքականության» գործակալներ։ Աշակերտները պետք է գրեին շարադրություններ «Ո՞վ է առավել հակահայ ազգայնականը» նշանաբանով։ Հայերը, հույներն ու սիրիացիները ներկայացված պետք է լինեին որպես թշնամիներ, բարբարոսներ, լրտեսներ եւ դավաճաններ։ Եկեղեցիներն ու սինագոգները պետք է դիտվեին որպես «վտանգավոր, ահաբեկչական որջեր»։

Պատմության դասավանդումը զերծ պետք է լինի գրաքննությունից եւ ամեն տեսակի կամայական նենգափոխումներից, պնդում են նոր նախաձեռնության հեղինակները։

Հոկտեմբերի 4-ին հրապարակված իրենց հայտարարության մեջ նրանք գրում են. «Որպես քաղաքացիներ եւ ծնողներ մենք խորապես մտահոգված ենք կրթության նախարարության նոր ուղենիշներով, որոնք պահանջում են փոփոխություններ մտցնել կրթական ծրագրերում եւ դասագրքերում։ Անկախ նպատակներից, յուրաքանչյուր միակողմանի տեսակետ չի կարող երկրի կրթական քաղաքականության հիմքը դառնալ, հատկապես երբ որոշ խնդիրներ եւ հարցեր կարող են դառնալ հակամարտության աղբյուր։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները կրթվեն միջազգային ուղենիշների մակարդակով, ուրիշների կարծիքները հաշվի առնելու եւ հանդուրժողական լինելու ոգով, ազգությունների եւ էթնիկական խմբավորումների միջեւ եւ վստահություն սերմանելու պատրաստակամությամբ։ Եվրախորհրդի 2001 թ. հոկտեմբերի 31-ի որոշումը մեզ հուշում է, որ պատմության ուսուցումը հիմնաքարն է ժողովրդավարական Եվրոպայի։ Այդ որոշումն ստորագրել է նաեւ Թուրքիան։ Ոչ միայն միջազգային պայմանագրերը, այլեւ մեր օրենքներն են արգելում պատմության նենգափոխված դասավանդումը եւ դրա օգտագործումն էթնիկական խմբավորումների միջեւ խտրականություն սերմանելու։

Ներքոստորագրյալներս պահանջում ենք կրթության նախարարությունից անհապաղ չեղյալ համարել այդ շրջաբերականը։ Յուրաքանչյուր քայլ այս ուղղությամբ կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը մեր երկրում եւ վերջ կտա կրթական ծրագրերը թշնամանքի եւ խտրականության գործիք դարձնելուն»։

Հուսանք, որ նախաձեռնողները կհասնեն իրենց նպատակին, եւ աշխարհը մի անգամ եւս չի խաբվի։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4