«Հիլիարդ անսամբլը» Հայաստանում
Բրիտանական աշխարհահռչակ համույթի Հայաստան գալը իրադարձություն է, որը նշանակությամբ համարժեք է քրիստոնեական տարբեր ուղղությունների միջազգային համագումարին. երկու դեպքում էլ նպատակը քրիստոնեական ավանդույթների միասնությունն ու համախմբումն է։ Հազարամյակներ շարունակ մարդկության հոգեւոր մշակույթի աղբյուր հանդիսացող Աստծո խոսքը ձեւավորել է յուրաքանչյուր ազգի համար անհատական գեղարվեստական արժեքներ։
Երկրագնդի տարբեր անկյուններում դրանց ընկալման մեկուսացվածությունը ժամանակակից մարդուն խանգարում է ըմբռնել ազգերի հոգեւոր ձգտումների ընդհանրությունը, ազգեր, որոնք անընդգրկելի մշակութային տարածքում մշակում են մեկ պարտեզ, մեկ աշխարհ։
Անգլիական վոկալ համույթը դասվում է նրանց թվին, ովքեր ձգտում են նվազեցնել ազգային գեղարվեստական արժեքների մեկուսացման աստիճանը։ Իր երգացանկում այն ընդգրկում է զանազան ժամանակաշրջաններ, կոմպոզիտորական դպրոցներ ու ոճեր, որոնք մարդկության կրոնական-հոգեւոր միասնական ժառանգության տարբեր ոլորտներն են։ Գործունեության 30 տարում «Հիլիարդ անսամբլը» համաշխարհային կատարողական արվեստում հաստատել է իր տեղը որպես երգիչների առաջնակարգ կոլեկտիվ, որոնք (վերականգնման կամ ոճավորման միջոցով) վերածնում են Միջնադարի եւ Վերածննդի դարաշրջանի երաժշտության վոկալ նկարագիրը։ Հայաստանյան համերգներում կատարվեցին 16-րդ դարի ականավոր վարպետների ստեղծագործություններ։ Դրանք են պոլիֆոնիայի այսպես կոչված խիստ ոճի ներկայացուցիչ Օռնալդո դի Լասսոն (1532-1594), իտալական պոլիֆոնիկ դպրոցի ղեկավար Ջովանի Պիեռլուիջի դա Պալեստրինան (1525-1594) եւ Էլիզաբեթյան ժամանակաշրջանի խոշորագույն կոմպոզիտոր Թոմաս Թալլիսը (մոտ 1505-1585), որը 1575 թ. ականավոր կոմպոզիտոր Ուիլյամ Բյորդի հետ Անգլիայում առաջին անգամ լույս ընծայեց «Cantiones Sacrae» («Սրբազան երգասացություններ»)ՙ իր լատինական մոտետների ծաղկաքաղը։
«Հիլիարդ անսամբլի» կազմի մեջ են հրաշալի երգիչներ Դեւիդ Ջեյմսը (կոնտրատենոր, տենոր, ալտինո), Ռոջերս Քովեյ-Քրամփը (տենոր), Սթիվեն Հարոլդը (տենոր), Գորդոն Ջոնսը (բարիտոն) եւ հայաստանյան հյուրախաղերի հրավիրված Դեւիդ Բիվենը (բաս)։ Երեւանումՙ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում համերգի ժամանակ նրանց ներկայացրած եվրոպական պոլիֆոնիայի վարպետների երաժշտության հարուստ ծրագիրն ավարտվեց Պալեստրինայի «Բաբելոնի ջրերի մոտ» տոնական-հրճվալից երգասացությամբ, իսկ համերգի երկրորդ մասը Սբ. Էջմիածնի Մայր տաճարում, Գ. Ջոնսի հիանալի մենակատարման լատինական լամենտացիայով զարդարվածՙ հայ ունկնդրի առջեւ բացահայտեց անգլիացի Թ. Թալլիսի երաժշտական ֆենոմենը։ Համույթը 16-րդ դարի ազգային երաժշտության առաջնորդ Թալլիսին ներկայացրեց նրա «Երեմիա մարգարեի ողբը» ծավալուն մոտետի երկու մասերի կատարմամբ, որոնք տպավորություն գործեցին ինչպես հմուտ բազմաձայնային տեխնիկայով, այնպես էլ ներքին էներգիայի ոճով։
Երկու համերգներում էլ առաջին մասը նվիրված էր հայկական շարականներին, որոնց բազմաձայնային մշակումն իրականացրել է Կոմիտասը (1869-1935)։ Ըստ էության, Մովսես Խորենացու (5-րդ դար), Ներսես Շնորհալու (12-րդ դ.), Մխիթար Այրիվանեցու, Հովհաննես Երզնկացու (13-րդ դ.) եւ հայ մյուս օրհներգագիրների շարականները Կոմիտասի համար լոկ մեղեդային-թեմատիկ աղբյուր են եղել երգչախմբային ինքնուրույն բազմաձայն ստեղծագործություն կերտելիս։
«Հիլիարդ անսամբլը» կատարեց Կոմիտասի 11 հոգեւոր խմբերգ, որոնցից ութն օգտագործված են Սբ. Պատարագի երգեցողություններում։ Ծրագրի հայկական մասը կառուցելով որոշակի սյուժեի ձեւովՙ սկսելով «Տեր, ողորմյա» ապաշխարանքի շարականից եւ ավարտելով «Բազմությունք հրեշտակաց» եւ «Ալելուիա. լերինք» գործերով եւ կենտրոնում դնելով լուսապայծառ «Ամեն. Հայր Սուրբը», անգլիացի երգիչները ծրագրին տվեցին համերգային ավարտունություն։ Համույթի կողմից Կոմիտասի կատարման բուն փաստը պատմական է։ Բացի դրանից, Սաղմոսավանքում Կոմիտասի մեծ թվով ստեղծագործություններ ձայնագրելով, «Հիլիարդ անսամբլը» դրանով իսկ նոր ուղիներ բացեց Կոմիտասի հանճարեղ ժառանգության միջազգային տարածման համար։ Մի՞թե դա լավագույն նվերը չէ Սբ. Էջմիածնի տաճարի 1700-ամյակը տոնող Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։
«Հիլիարդ անսամբլը» Կոմիտասի գործերի կատարման մեջ ներածեց երգի եւ ոճավորման անհատական ձեւ։ Համույթին բնորոշ զգացմունքների խստությունը, անխռովությունը եւ ոգու հանդարտությունը, որոնք համապատասխանում էին տարածության միաշերտ, ասես որմնանկարային լուծմանը, Կոմիտասի երաժշտության մեջ ընդգծեցին դրա հին ակունքները։ Մերթ տոնային փոփոխականությունը, մերթ էլ առանձին հնչյունների ձգվածությունը կամ ակորդների սլացիկությունը շեշտող անգլիացի երգիչների համաչափ երգեցողությունը հիացնում էր երանգավորման եւ համույթային զուգակշռության բարձր կուլտուրայով։ Ինչպես հայկական, այնպես էլ արեւմտաեվրոպական երաժշտության կատարման ընդհանուր խաղաղ բնույթը թույլ է տալիս այն անվանել զղջման երգասացություն։ Ապաշխարանքի ոգինՙ քրիստոնեության արմատը, համերգասրահում հաստատվեց անմիջապեսՙ առաջին իսկ հնչյուններից։ Եվ երեւանցի ունկնդիրը դրա համար երախտապարտ էր համույթին։
«Հիլիարդ անսամբլի» գալուստն իրականացվեց «ՎԷՄ» ռադիոկայանի եւ անձամբ տեր Մեսրոպ քահանա Արամյանի նախաձեռնությամբ, որը Երեւանում ղեկավարում է Աստվածաբանական կենտրոն, «Թուֆենկյան» ընկերության հովանավորչությամբ։ Խանդավառ ընդունելությունը նոր նախաձեռնությունների, վերջին տարիների զգալիորեն աշխուժացած հայ-բրիտանական մշակութային հետագա շփումների հույս է տալիս։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր