Պատմախեղությանը վերջ կդրվի՞ ի վերջո
Հայագիտական միջազգային համաժողովը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 16¬22¬ը, հագեցած էր զեկուցումներով, որոնց մեջ իրականում քիչ էին հայագիտության արդի խնդիրները լուսաբանող թեմաները։ Հատկապես պատմության մասնաճյուղում, որտեղ քննարկումները գրեթե միշտ աշխույժ մթնոլորտում էին անցնում, չէին ընդգրկված հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանին առնչվող վիճահարույց թեմաներՙ թեժ բանավեճերից խուսափելու նկատառումով։ Ահա թե ինչու համաժողովի ավարտին ընդունված բանաձեւում որոշվեց հայ պատմագիտության կնճռոտ հարցերին հստակ պատասխաններ տալու նպատակով առաջիկայում անցկացնել առանձին գիտաժողովներ։
ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր հովանավորությամբ եւ «Վարդանանք» տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 13¬15¬ը ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայկական լեռնաշխարհը հայոց եւ համաշխարհային քաղաքակրթության բնօրրան» վերնագրով գիտաժողովը, որի ընթացքում լայն քննարկման կդրվեն հայոց հին պատմության կարեւորագույն հիմնահարցերը։
Գիտաժողովից առաջ զրուցեցինք ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։ «Հայագիտական միջազգային գիտաժողովում առաջ քաշվեցին մի շարք խնդիրներ, որոնք առանձին քննարկման նյութեր էին եւ պահանջում էին լիարժեք ու համակողմանի մոտեցում։ Հայ ժողովրդի կազմավորման, հայոց պետականության, հայ էթնոսի ձեւավորման եւ հիմնարար մյուս հարցերի վերանայումն ու հստակեցումը վաղուց արդեն դարձել է հրատապ ու անհրաժեշտՙ արեւմտյան պատմագրության մեջ տարածված թյուր ըմբռնումներին վերջ դնելու համար։ Հենց գիտաժողովի վերնագրից կարելի է բխեցնել, որ առանձնակի շեշտադրում է ունենալու Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկության հարցը։ Հրավիրված պատմաբանները, ազգագրագետները ու մարդաբանները ճշգրիտ ու հիմնավորված փաստարկներով կտան այդ բազմիցս չարչրկված հարցի վերջնական ու հաստատական պատասխանը»։
Պրն Մելքոնյանը հակիրճ ներկայացրեց զեկուցումների հիմնադրույթները։ Դրանց մեջ տեղ են գտել Այրարատյան թագավորության, Ուրարտու պետության էթնիկ խնդիրները, ավանդություններում հնդեվրոպական նախահայրենիքի հիշողությունները, բասկերի երկրում հայկական ցեղա¬տեղանունները, հայ էթնոսի կազմավորման խնդիրը, Տայոց աշխարհը, մաշտոցյան այբուբենի կառուցվածքային առանձնահատկությունները, հայ ազգի ինքնության պահպանման հիմքերը, հայրենի երկրի բնագիտական էությունը եւ այլ հարցեր։
Հայագիտական միջազգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ մեր հարցին պրն Մելքոնյանը պատասխանեց, որ կան ֆինանսական ու շենքային բազում խնդիրներ, որոնց լուծումն իրականանալի է միմիայն սփյուռքի ու պետության հովանավորության, ուժերի համախմբման միջոցով։ Առայժմ հայագիտական միջազգային հանդես ու հիմնադրամ ստեղծելու աշխատանք է տարվում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ