Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի առաջնությունում դիպուկ կրակոցներով աչքի ընկավ Նորայր Բախտամյանը։ Օդամղիչ ատրճանակով նա 10 մ հեռավորությունից 60 կրակոց մրցաձեւում վաստակեց 580 միավոր։ Այդ արդյունքը մրցաշարի 72 մասնակիցների մեջ 10-րդն էր։ Անշուշտ, հայ հրաձիգի ելույթն արժանի է դրվատանքի։ Նշենք, որ Նորայր Բախտամյանը հայ մարզիկներից առաջինն է, որ դեռեւս անցյալ տարի լրացրել է օլիմպիական վարկանիշը եւ Աթենքի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք է ձեռք բերել։ Այնպես որ, աշխարհի առաջնությունը հայ հրաձիգի համար օլիմպիադային նախապատրաստվելու հերթական հնարավորությունն էր։