Վրացական ընդդիմությունը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն միջամտի Վրաստանի ներքին գործերին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկուշաբթի երեկոյան Աջարիայի Ինքնավար Հանրապետության առաջնորդ Ասլան Աբաշիձեն անակնկալ այցով ժամանեց Երեւան, որտեղից ուղեւորվեց հարեւան հանրապետության մայրաքաղաք Բաքու։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, որ տարածել են տարբեր լրատվական գործակալություններ, Աբաշիձեն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հայ-վրացական երկկողմ կապերին առնչվող հարցեր։
Բաքվում Աբաշիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկու ժամ տեւած բանակցություններում վերջինիս շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, քննարկել վրաց-ադրբեջանական երկկողմ կապերին առնչվող, այդ ենթատեքստում Բաքվի եւ Բաթումի կապերի ամրապնդման հարցեր։ Նկատենք, որ Աբաշիձեն անակնկալ այցեր կատարեց Երեւան եւ Բաքուՙ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեիՙ Բաթում կատարած անակնկալ այցից հետո։
Աբաշիձեի «Աղորձինեբա» կուսակցության առաջնորդներից Ջեմալ Գոգիտիձեն «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի աջակցությունը Շեւարդնաձեին կարեւոր գործոն է հենց այս օրերին, երբ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը լարված է։
Գոգիտիձեն բացառեց վրացական ընդդիմության առաջնորդների այն մեկնաբանությունները, թե իբր Շեւարդնաձեն փորձում է Աբաշիձեին դարձնել խորհրդարանի նախագահՙ վերջինիս համար Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը դարձնելով առավել մատչելի։ «Աբաշիձեն երբեք չի հավակնում խորհրդարանի նախագահի պաշտոնին, նրա մտահոգությունը Վրաստանի քաղաքական իրավիճակի կայունացումն է», ասաց Գոգիտիձեն։
Ընդդիմադիր Բուրջանաձե-«Միացյալ ժողովրդավարներ» նախընտրական դաշինքի առաջնորդներից Գեորգի Բարամիձեն «Ազգի» հետ հեռախոսազրույցում զարմանալի համարեց Աջարիայի առաջնորդի անակնկալ այցերը Երեւան եւ Բաքու։ Ըստ Բարամիձեի, առավել մտահոգիչ է, երբ Շեւարդնաձեի էմիսար Աբաշիձեին ընդունում են ամենաբարձր մակարդակով։
Բարամիձեն զարմանալի համարեց նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Երեւան այցելության համընկնումն Աջարիայի առաջնորդի Երեւան այցելության հետ։ Ըստ նրա, Շեւարդնաձեն փորձում է ամեն կերպ իր ձեռքում պահել իշխանությունը եւ անհրաժեշտության դեպքում օգտագործել հարեւան հանրապետություններինՙ Հայաստանին եւ Ադրբեջանին։
Չպետք է բացառել, որ երկօրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Իվանովը Երեւանում օգտագործելով առիթը, բանակցած լինի Ասլան Աբաշիձեի հետ։ Նկատենք, որ Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական երկու ռազմակայաններից մեկը գտնվում է Աջարիայի տարածքում, մյուսըՙ գերազանցապես հայերով բնակեցված Ախալքալաքում։
«Մենք վստահ ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրատեսական են գնահատում Վրաստանի ներքաղաքական իրավիճակը եւ չեն միջամտի Վրաստանի ներքին գործերին։ Բացի այդ, Աբաշիձեն չունի այն պաշտոնը, որը նրան հնարավորություն կտար ամենաբարձր մակարդակով ընդունելության արժանանալ Վրաստանին հարեւան եւ բարեկամ Հայաստանում եւ Ադրբեջանում», ասաց Բարամիձեն։
Քաղաքական վերլուծաբան Դիա Նորդիայի կարծիքով, Շեւարդնաձեն, ենթադրաբար, ցանկանում է նրան դարձնել Վրաստանի խորհրդարանի նախագահ։
Նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք, ըստ միջազգային դիտորդների, ուղեկցվեցին աննախադեպ եւ աղաղակող կեղծիքներով, եւ որոնց արդյունքները վերջնականապես ի մի չեն բերվել, հաղթում են Շեւարդնաձեի աջակցությունը վայելող «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը եւ Աբաշիձեի վերահսկողության տակ գտնվող «Աղորձինեբա» կուսակցությունը։ Միջազգային դիտորդները նշում են, որ ընտրություններն անթույլատրելի չափերով կեղծվել են Աջարիայում եւ Քվեմո Քարթլիումՙ համապատասխանաբար «Աղորձինեբայի» եւ կառավարամետ դաշինքի օգտին։
Երեկ ուշագրավ հայտարարություն է արել կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի առաջնորդներից Վախթանգ Ռչեուլիշվիլին։ Նա, ինչպես հաղորդում է Civil.ge էլեկտրոնային թերթը, մամլո ասուլիսում նշել է, որ դաշինքը պատրաստ է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հրաժարվել եւ արձանագրել Սահակաշվիլու կուսակցության հաղթանակը։ «Իշխանությունները ստեղծված ներքաղաքական իրավիճակի համար պատասխանատվություն են կրում։ Մենք պատրաստ ենք առաջին տեղը զիջել ընդդիմությանը։ Կարծում եմ, որ Ասլան Աբաշիձեն էլ կհամաձայնի։ Իշխանությունները պատրաստ են հրաժարվել Աջարիայի, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի խիստ վիճարկելի մի շարք ընտրատեղամասերի քվեներից», ասել է Ռչեուլիշվիլին։
Ընտրություններում իրական հաղթանակ տարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին երեկ մտահոգությամբ է արտահայտվել Աբաշիձեի Հայաստան այցելության առնչությամբ։ Սահակաշվիլին, ելույթ ունենալով արդեն 9-րդ օրը բողոքի ցույցերին մասնակից մի քանի հարյուր մարդկանց առջեւ, կարծիք է հայտնել, որ Աբաշիձեն եւ Շեւարդնաձեն կարող են Վրաստանում քաղաքացիական առճակատում սադրելու նպատակով օգտագործել Հայաստանում ու Աջարիայում տեղակայված ռուսական զորքերը։ Նա չի բացառել նաեւ, որ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի հայերը կարող են ներգրավվել այդ սադրանքներում եւ անջատողական շարժումներում։
Ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիան հայտարարել է, որ Շեւարդնաձեն, հնարավոր է, իշխանությունը կփոխանցի Աջարիայի առաջնորդին ռուսական սցենարով, երբ ՌԴ նախագահ Ելցինը իշխանությունը փոխանցեց Պուտինին։
Աբաշիձեն վերջին անգամ Վրաստանի մայրաքաղաքում եղել է 10 տարի առաջ եւ իր բացակայությունը Թբիլիսիից պայմանավորում է Շեւարդնաձեի կողմից իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգով։ Աբաշիձեն ընտրությունների նախօրեին Շեւարդնաձեին մեղադրել էր ահաբեկչության մեջ։