Թերեւս դա պայմանավորված է ԱՄՆ-ի քրդական ծրագրերով
Հետպատերազմյան Իրաքի վարչականորեն վերակառուցման առումով առանձնակի նշանակություն ունեն ԱՄՆ-ի քրդական ծրագրերը։ Դրանց իրագործումը ենթադրում է Իրաքի հյուսիսում, թեկուզ դաշնային հիմունքներով, քրդական պետականության ստեղծումը։ Այս պայմաններում Իրաքը կանգնում է մասնատման փաստացի սպառնալիքի առջեւ։ Թերեւս քրդական ծրագրերի առնչությամբ պատահական չէր քուրդ առաջնորդներ Ջալալ Թալաբանիի եւ Մասուդ Բարզանիի սերտ համագործակցությունն ինչպես պաշտոնական Վաշինգտոնի, այնպես էլ Իրաքում ամերիկյան վարչակարգի հետ։
Սակայն երբ խոսքը վերաբերում է Վաշինգտոնին ու քուրդ առաջնորդներին, համագործակցությունը վերջիններիս համար հլու-հնազանդ ծառայություն է ենթադրում, իսկ քրդական պետականության ստեղծումը հանգում է ԱՄՆ-ի կենսական շահերին։ Քանի որ դրանք տարածաշրջանում համահունչ են Իսրայելի շահերին, ուստի Վաշինգտոնին ենթարկվող քուրդ առաջնորդներն ակամա կանգնում են Թել Ավիվի կամքին ենթարկվելու փաստի առջեւ։
Հուլիսի 9-ին թուրքական հանրային հեռուստաէկրանից Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտ., պրոֆ. Ումիթ Օզդաղը նշել է. «Հակաիրաքյան պատերազմի ավարտին Իսրայելի վարչապետը Հյուսիսային Իրաքում 150 հազար հրեա վերաբնակեցնելու մասին արտահայտվեց»։ Սրանք այսպես կոչված քրդական եւ արաբական հրեաներն են, որոնց գոյության փաստը շրջանառության մեջ դրվեց վերաբնակեցման հարցի հետ։ Ավելին, ինչպես այդ մասին «Վաքիթի» հոկտեմբերի 28-ի համարում վկայում է Աբդուռահման Դիլիփաքը, Բարզանին եւ Թալաբանին Իսրայելի ղեկավարության հետ Հյուսիսային Իրաք 150 հազար քրդական հրեայի վերաբնակեցման համաձայնության են գալիս եւ դա ամրագրում են ստորագրված արձանագրությամբ։
Ուրեմն ամենեւին պատահական չէ, որ Անկարան Իրաք զորք մտցնելու կառավարական որոշումը իսլամական աշխարհին պատճառաբանում էր «Իրաքի հյուսիսում երկրորդ Իսրայելի ստեղծումը կանխելու անհրաժեշտությամբ»։ Այլ կերպ, Իրաքի հյուսիսում ձեւավորվող քրդական պետությունը հրեականի հատկանիշներ է ստանում։
Հարցը սակայն սոսկ քրդական եւ արաբական հրեաների Հյուսիսային Իրաքում վերաբնակեցումը չէ, այլ միջքրդական հակասությունները։ Նոյեմբերի 11-ին PKK-ի իրավաժառանգորդ KADEK-ի ջոկատների եւ Բարզանիի փեշմերգեների միջեւ տեղի ունեցան զինված բախումներ։ Թեեւ ԱՄՆ-ի միջամտությամբ բախումներն առանց ծավալվելու կանխվեցին, նաեւ գերիներ փոխանակվեցին, սակայն դրա հաջորդ օրը հայտարարվեց KADEK-ի ինքնալուծարման մասին։
Օգտվելով առիթից նշենք, որ PKK-ն ստեղծվել էր 1978 թ.-ին։ Նրան 2002 թ. ապրիլի 4-ին փոխարինել էր KADEK-ը։ Ենթադրվում է, որ KADEK-ին էլ փոխարինի Ժողովրդավարական ազատագրություն կուսակցությունը կամ Ժողովրդի ժողովրդավարական համագումար անունով մեկ այլ կազմակերպություն, ինչը KADEK-ի ինքնալուծարումը որպես մարտավարական քայլ որակելու հիմք տվեց Թուրքիայի քաղաքական շրջանակներին։
Ըստ երեւույթին, KADEK-ի լուծարման որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին, կազմակերպության երկրորդ արտակարգ համագումարում, որը հրավիրվել էր Իրաքի հյուսիսում։ Դրա աշխատանքներին, «Ենի շաֆաքի» վկայությամբ, մասնակցել են Եվրոպայից, Միջին Արեւելքի երկրներից եւ Անդրկովկասից ժամանած 364 պատվիրակներ։ Ինչ վերաբերում է KADEK-ի լուծարմանը, ապա դա պատճառաբանվել է PKK-ի որդեգրած քաղաքական կուրսին հետամուտ լինելու անհեռանկարայնությամբ, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակում նոր եւ առավել ժողովրդավարական կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությամբ, որպեսզի այս կազմակերպությունը տարածաշրջանային նշանակություն ունենա եւ ոչ թե իր գործունեությունը կենտրոնացնի միայն Թուրքիայի դեմ պայքարում։
Սա նշանակում է, որ KADEK-ը չի կատարել PKK-ի գործունեությունը քաղաքականացնելու միջազգային առաջադրանքը։ Այսինքնՙ մնացել է որպես ռազմական կառույց։ Իսկ այդպիսի կառույցները, անկախ ԱՄՆ-ի հետ համագործակցությունից կամ քրդական ծրագրերի նկատմամբ դրական մոտեցումից, միշտ էլ խոչընդոտ են դիտվում ծրագրերի իրագործմանը, քանի որ ռազմական ուժը նրան վերահսկողությունից դուրս գալու հնարավորություն է ընձեռում։ Ուրեմն KADEK-ի ինքնալուծարումն օրինաչափ է։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ