Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը։ Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի դիրքորոշումը» գիրքը, որն ընդգրկվել է «Նյու Յորք թայմսի» լավագույն գրքերի ցանկում, արժանացել է Հենրի Մորգենթաուի թոռանՙ Հենրի Մորգենթաու III¬ի դրվատանքի խոսքերին։ «Բոստոն գլոբ» ամերիկյան օրաթերթի նոյեմբերի 1¬ի համարում տպագրվել է նրա «Ճանաչելով ժողովրդի բնաջնջումը» հոդվածը, որտեղ նա համառոտակի մեկնաբանում է գիրքըՙ արտահայտելով այն տեսակետը, որ մարդկությունը մշտապես չի անտեսել Հայոց ցեղասպանությունը, ինչպես վկայված է Հենրի Մորգենթաուի եւ Փիթեր Բալաքյանի գրքերում։
«Թուրքիայի կառավարության հովանավորությամբ իրագործված հայ ժողովրդի բնաջնջումը հաճախ անվանում են «մոռացված ցեղասպանություն»։ Հրեաներին կոտորելու վերջնական վճիռը կայացնելիս Հիտլերն ասել էՙ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը»։ Եվ իրոք, մոտ երեք քառորդ դար Հայոց ցեղասպանությունը մի կողմից մոռացված է եղել, մյուս կողմիցՙ կատաղի հերքված թուրք ոճրագործների կողմից։ Անգամ Մ. Նահանգները թերացել է ճանաչել», հոդվածի սկզբում գրում է նա։ Այնուհետեւ Մորգենթաուն ընդգծում է, որ Բալաքյանի նոր գիրքը վկայակոչում է 19¬րդ դարավերջի եւ 20¬րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում հնչած աղաղակները, որոնցով հեղեղվել էր հայության կյանքըՙ վառելով գթասրտության կրակներ։ Իբրեւ օրինակ նա նշում է 1890 թվականին արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի հրամանով 200 հազար հայերի կոտորածի մասին, որը սարսափ էր առաջացրել ողջ Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Վիլյամ Գլադսթոնը կատարվածն ընկալում է իբրեւ անձնական դեպք, այդ լուրն արագորեն տարածվում է Մ. Նահանգներում նույնկերպ մտածող մարդկանց շրջանում։ Բալաքյանի գրքից նա առանձնացնում է 1894 թվականի նոյեմբերի 26¬ին Բոստոնում տեղի ունեցած համաժողովը, որի ժամանակ հնչած կրքոտ ճառերն ուղղված էին կանանց իրավունքների պաշտպանությանը։ Դրան հաջորդել է «Հայաստանի միացյալ ընկերներ» կազմակերպության գործուն աշխատանքըՙ նոր հիմնադրամներ ստեղծելու ու մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։
Հայերի ջարդի մասին իրազեկությունը, գրում է նա, հիմնականում ուժեղանում է 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ավելի քան 1 մլն հայերի բնաջնջման ժամանակ։ «Իմ մեծ հայրն այն ժամանակ Թուրքիայում Մ. Նահանգների դեսպան է եղել եւ փորձել է ամեն կերպ կանխել այդ հրեշավոր ալիքը։ Բալաքյանը գրում է, որ նա մեծ պատասխանատվություն է կրել, վճռականորեն հանդես գալով արյունահեղության մասին իրազեկելով ամերիկյան հասարակայնությանը։ Իր բարոյական բարձր գիտակցությամբ Մորգենթաուն եղել է առաջին բարձրաստիճան դիվանագետը, որն առճակատվել է օսմանյան կառավարության ղեկավարների դեմ», գրում է նա։
Հոդվածի վերջում Մորգենթաու III¬ը իր վերաբերմունքն է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ, ընդգծելով, որ երկարատեւ տառապանքներից հետո հայերի մի մասը սփռվել է աշխարհում, ապրել մեկուսացման մեջ, մյուս մասը հայտնվել է երկաթյա վարագույրի հետեւում։ Նրա գնահատմամբ, այսօրվա անկախ Հայաստանում ցեղասպանության հիշատակի կրակը վառ է եւ ձգում է Ամերիկայում ամուր դիրքեր ունեցող հայերին։ Իսկ Թուրքիան, ըստ նրա, դեռ շատ հեռու է պատմական ճշմարտությունը ճանաչելու քաջություն ցուցաբերելուց։ Նրանք նույնիսկ ոչ վաղ անցյալում փորձում էին վարկաբեկել Մորգենթաուին ու նրա գրքերը։ Մինչդեռ, նրա համոզմամբ, թուրքերը պիտի հետեւեն Գերմանիայի օրինակին, որն իր մեղքերը քավեց հրեաների առաջ դրամական փոխհատուցմամբ, հուշակոթողների կառուցմամբ ու Իսրայելի հետ ամուր համագործակցությամբ։ Նա համոզված է, որ Մ. Նահանգները դեռ երկար է շարունակելու ահաբեկված մնալ դաշնակից Թուրքիայիցՙ հրաժարվելով ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ