«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԶՆՎԱԿԱՆԸ

Խոսում էինք Թեքեյանի մասին. բանաստեղծ Թեքեյանի, այլ ոչ թե նրա անունը կրող կազմակերպությունների։ Բարեկամիս հատկապես հետաքրքրում էր բանաստեղծի դերը հայ պոեզիայում եւ թե ի՞նչ ասել էՙ «հայ բանաստեղծության ազնվական» արտահայտությունը (ինչ-որ գրվածքում նա հանդիպել էր այս ձեւակերպմանը)։

Ես հասկացա, որ ոչ միայն աղոտ են բարեկամիս պատկերացումները քնարերգակ Թեքեյանի մասին, այլեւ տկար է նրա իմացությունը Թեքեյան մարդու եւ հասարակական գործչի լայն ճանաչողության առումով։

Եվ ես կփորձեմ պատասխանել բարեկամիս, թե ո՞վ էր 125 տարի առաջ Պոլսի Օրթագյուղ արվարձանում ծնված Վահան Թեքեյանը։

Նրա անունը առաջին անգամ 60-ական թվականների սկզբին լսել եմ համալսարանի փոքրիկ լսարանումՙ սիրված ու մեծարված դասախոս Հրանտ Թամրազյանի շուրթերից։ Եվ մենքՙ ապագա բանասերներս, որ շատ բանաստեղծություններ անգիր գիտեինք արեւմտահայ պոեզիայի քանքարներ Դուրյանից, Մեծարենցից, Վարուժանից, Սիամանթոյից, հանկարծ մի նոր անուն... ու մի նոր աշխարհ բացվեց մեզ համար։ Հանրակացարանի մեր սենյակում ձեռքից ձեռք էր անցնում մի քանի տարի առաջ լույս տեսած Վ. Թեքեյանի «Երկեր» քնարական ժողովածուն։

Քու պատկերըդ աչքիս մէջ եւ քու ձայնըդ ականջիս,

Կը թրթըռան այս գիշեր, երակներուս մէջ կարծես

Քաղցրահոտ շունչդ է լեցուած, որ կը զգլխէ, կ՚օրրէ զիս,

Մինչ երեսէս ալ կ՚անցնին կարծես մատներըդ անտես։

Գրեթե դուրյանական, տերյանական այս տողերը ցնցում էին մեզ եւ մենք լցվում էինքՙ հարստանում ու թարմանում էր մեր հոգին։ Այս տողերը քաղված են «Հրաշալի հարություն» քերթվածների թիվ երկրորդ հատորյակից։ Ինքնատիպ, պատկերավոր արտահայտությամբ օժտված Հակոբ Օշականի վերլուծությամբՙ «Վահան Թէքէեան այս հատորով լիութիւնը կը գտնէ իր տաղանդին։ Այդ գիրքը նոյն ատեն տաճար մըն է մեղմ ու սրտառուչ ձայներով թրթռման սպասող»։

Ի դեպՙ այս գիրքը լույս է տեսել չորս տարի անց այն բանից հետո, երբ 1910 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Հայ գրողներ» ժողովածուի երկրորդ հատորում զետեղվել է կազմողների (Հովհ. Թումանյան, Աղայան, Փափազյան) կողմից գնահատվածՙ «թրքահայ հայտնի գրողներից մեկի»ՙ Թեքեյանի բանաստեղծությունների շարքը։

Միայն ճակատագրի երջանիկ պատահականությամբ Վ. Թեքեյանը փրկվեց թուրք յաթաղանից։ Փրկվեց...Եվ ստեղծագործելով եւս երեք տասնամյակ շողաց նրա արգասավոր տաղանդըՙ հայ գրականությանը տալով «Կես գիշերեն մինչեւ արշալույս», «Սեր», «Հայերգություն», «Տաղարան» ժողովածուները, արձակ երկեր, հրապարակախոսական հոդվածներ, թատերական գործեր, թարգմանություններ, հուշեր, նամակներ... Նրա քերթվածքներն ու արվեստը բարձր գնահատեցին ժամանակակիցներըՙ Սիամանթոն ու Վարուժանը, Չոպանյանն ու Օշականը, Լեւոն Զ. Սուրմելյանն ու Զապել Եսայանը։ Մեզանում նրա արվեստով հետաքրքրվեցին Չարենցն ու Ալազանը, Նորենցն ու Տարոնցին։ Գրականագիտության բնագավառում Գ. Վանանդեցին ու Աս. Ասոյանը։ Ռուսաստանում նրա պոեզիան ու արվեստը արժեվորեցին Վ. Բրյուսովն ու Ն. Տիխոնովը։

Ունենալով փակ բնավորություն, անձնական որոշակի տառապանքներ, վրդովված հոգի ու զրկանքներ, սակայն նաեւ պայծառ, մաքուր ու անքեն հոգի, Թեքեյանը ապրել է բարդ ու հակասական կյանք։ Դրանով հանդերձ անցել է ճշմարիտ, ազնվական բանաստեղծի ուղիՙ ստեղծագործելով տարբեր ժանրերով, իր երանգապնակում օգտագործել է վառ եւ նուրբ գույներ ու երանգներ, միաժամանակ «բանեցնելով» իր անզուգական քերթվածքաշինական տեխնիկան.

Կ՚երթայ հանըմնՙ անմատոյց, քօղածածուկ, հոյաձեւ,

Կին կամ ոգի, պահ մ՛ելած պալատներէն Պոլիսի,

Պոլսոյ ոգին, խուսափուկ, անքննելի՜, սխրալի՜...

Եվ իզուր չէ, որ Ա. Չոպանյանը նրան անվանել է «խոսքի մեծ արվեստագետ», «մարդկային հոգիի բարձրաքնար արտահայտիչ»։ Եվ իզուր չէ, որ Բրյուսովը նրա բանաստեղծական ձեւը համարել է «բարձր կատարելության հասած ձեւ»։

Թեքեյան կարդալիս դժվար չէ համոզվել, որ նրա շատ եւ շատ քերթվածներ մեր գրականության ամենապայծառ էջերից ենՙ ճառագած նրա ներանձնական զգացումներից, վերաճած համամարդկային ու մարդասիրական վեհ զգացումների։ Եթե տարիներ առաջ մարդերգակ եւ հայերգակ բանաստեղծը մնում էր միայն ընտրյալների բանաստեղծ, ապա այսօր իր տաղանդի ողջ փայլով ու վսեմաշուք ողջ հասակով հառնել է հայ գրականության նորօրյա պատմության մեջ։ «Թեքեյանի գրականությունը այսօր ավելի ժողովրդական է, քան քսան տարի առաջ։ Ու քսան տարի ետքՙ ավելի եւս ժողովրդականացված պիտի ըլլա ան ... Թեքեյան սիրելն ու գնահատելը ճաշակի ու վարժության հարցեր են. կարելի չէ մեկ օրեն սիրել Թեքեյանը. սակայն, անգամ մը սիրելե ետքՙ կարելի չէ մոռանալ անոր խորունկ ու թափանցող արվեստը». գրել է սփյուռքահայ ճանաչված գրականագետ Երվանդ Ազատյանը դեռեւս 1978 թվականին։

Բարեկամիս երկրորդ հարցին պատասխանելուց առաջ, սակայն, հարկ եմ համարում անդրադառնալ Վ. Թեքեյանի կենսագրության որոշ դրվագներին։ Նրա աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1894-իցՙ ապահովագրական մի ընկերությունում աշխատելով գրագիր։ Այնուհետեւ, որպես առեւտրական պաշտոնյա, մեկնում է Լիվերպուլ, հետո հինգ տարի աշխատում է Մարսելում, տարի ու կեսՙ Համբուրգում, ուր մեկնելուց առաջ հանդիպում է Արշակ Չոպանյանին, որը իր թերահավատությունն է հայտնումՙ արդյո՞ք Թեքեյանը հաջողություն կունենա առեւտրի ասպարեզում։ Եվ ահա 1903թ. նա Չոպանյանին հղում է իր խոստովանությունը. «Իրականութիւնը, ուրեմն, այն է, որ հակառակ այսչափ տարիէ ի վեր ինքզինքս ու երբեմն ուրիշներն ալ խաբելուսՙ գէշ ու գէշէն գէշ վաճառական մըն եմ»։

Եվ քանի որ Թեքեյանը այդ տարիներին զբաղվում է նաեւ գրական-խմբագրական աշխատանքներով, փորձում է ազատագրվել առեւտրից։

Սիամանթոյին գրած նամակում (1904թ.) կարդում ենք. «Համպորգի գործս չէր քալեր կոր. յետոյ գերմանացիներուն հետ չկրցայ երբեք հաշտուիլ ու լաւագույն համարեցի...կառքս Ալեքսանդրիա քաշել...»։ Այստեղ մեկ տարի անց Թեքեյանը Միքայել Կյուրճյանի հետ ձեռնարկում է «Շիրակ» պարբերաթերթի հրատարակությունը։ Այնուհետեւ սկսվում է Վ. Թեքեյանի ազգային-հասարակական-քաղաքական գործունեությունը։ Արդեն 1910 թվականին, երբ Թեքեյանը Ե. Օտյանի հետ խմբագրում էին «Արեւելք» օրաթերթը, բանաստեղծը դառնում է քաղաքական հակառակորդների հարձակման թիրախը։ Եվ այնուամենայնիվ Թեքեյանը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած գաղափարներին ու համոզմունքներին։

1914թ. հրատարակված «Հրաշալի հարություն» գրքի (որը Ե. Օտյանը բնութագրեց որպես հայ բանաստեղծության կոթող) հեղինակը ընտրվելով Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության կենտրոնական վարչության անդամ եւ Ալեքսանդրիայում հիմնադրելով «Արեւ» թերթը (որը խմբագրել է պարբերական ընդհատումներով մինչեւ կյանքի վերջը), ճակատագրի բերումով փրկվեց եղեռնի արհավիրքից, այնուամենայնիվ 1916-ին գաղափարական հակառակորդի կողմից ենթարկվում է խոշտանգմանՙ զրկվելով աջ աչքի լույսից։

Իմ մէկ հատիկս... օհ, ինչպէ՜ս սիրտըս վրադ կը դողայ,

Երբ կը տեսնեմ քեզմով քեզ.

Քո արցունքովդ քեզի կը պաղատիմ ես հիմա,

Որ դուն ալ զիս չլքես...։

Եվ սակայն, գրելով այս տողերը, այլ առիթներով նա այնքան չողբաց իր անձնական խոշտանգուի, զրկանքների ու իր հուսահատական մի վիճակի առիթով, որքան որ տառապում էր հայ գրականության վիճակի համար։

Շահան Շահնուրին գրած նամակում նա գանգատվում է. «Իմ կարծիքս է¬համոզումս, հավատքս¬որ արտասահմանը հայ պահելու միակ միջոցը հայ գրականութիւն ունենալն է, իսկ ասիկաՙ ձրի կարելի չէ ունենալ։ ... Եկուր տես, որ մեր մեծերը հայ նպարավաճառութիւնը ազգապահպանման աւելի նպաստաւոր կը համարեն քան հայ գրականութիւնը...»։

(Որքա՜ն նման է մեր այսօրվա իրողությանը...)։

Եվ Թեքեյանը իր ամբողջ կյանքում միշտ նրբանկատ ու հոգատար եղավ այն երիտասարդ գրողների հանդեպ, որոնք հույս եւ հավատ էին ներշնչում նրան։ Նա խորին ակնածանքով ու անթաքույց հիացմունքով էր կարդում ու տպագրում իր ժամանակակիցներիՙ մեծաքանքար Սիամանթոյի եւ Վարուժանի բանաստեղծությունները։

«Քու բանաստեղծութիւնդ մտքին ճախրանքն է ոլորտներու մէջ, ուր ամենուն տրուած չէ նոյնիսկ նայիլ, անոր կռիւն է գաղափարները կապտելու, ուր պատկերները կը ծնին շքեղ ու վեհափառ ու այնչափ լուսաւոր, որ երբեմն նայուածքը կը կուրցնեն». գրել է Սիամանթոյին ուղղված նամակում։ Իսկ Վարուժանին, որին փափագել է հրավիրել «Շիրակ»¬ին աշխատակցելու, բայց միշտ վարանել է, գրում է. «...Պիտի զարմանաք սակայնՙ «Շիրակ»ի ներկայ թիւին մէջ, որ միաժամանակ Ձեր ձեռքը կը հասնի, չգտնելով մեզի ղրկած Ձեր քերթուածը։ Ասոր համար, ըսե՛մ անմիջապէսՙ թէ գուցէ Ձեզմէ աւելի նախանձախնդիր Ձեր համբաւինՙ քանիցս զայն կարդալէ յետոյ որոշեցի չհրատարակել, որովհետեւՙ հակառակ ուժով ու աղուոր տողերուՙ ամբողջութիւնը տկար գտայ եւ տեղ-տեղՙ անհասկնալի մանաւանդ։ Բանաստեղծութեան մէջ յստակութիւնը նախընտրած յատկութիւնս չէ, բայց կ՛ուզեմ ու պէտք է որ ես գոնէ հասկնամ ինչ որ մութ նկատուի իսկ շատերէն»։ Դանիել Վարուժանը իր ավագ գրչեղբորը պատասխանում է սրտառուչ, շնորհակալական նամակով, երախտագիտությամբ, որ «առջի հեղ ըլլալով գրականութեան ճամբուն վրայ կարկառեցիք ինծի»։ Նամակագրությունը շարունակվում է եւ ահա 1909թ. «Անահիտ» պարբերականում կարդալով Վարուժանի «Աղբյուրը լույսի» բանաստեղծությունը, շտապում է գրել. «Մեր բանաստեղծութեան անմահ մէկ էջն է»։ Եվ այնուամենայնիվ Թեքեյանը ցավով հետ է վերադարձնում «Շիրակ»-ին ուղղված Վարուժանի բանաստեղծություններըՙ իր իսկ ձեռքով մատիտով նշումներ արված, եւ հույս է հայտնում, որ չի նեղանա իրենից, քանի որ ինքը երեւան է հանում երիտասարդի մեկ «պզտիկ մեղքը»...

Այսպիսով, համոզվում ենք, որ Թեքեյանը լինելով իրավ բանաստեղծ, նաեւ անաչառ էր իր գրական ճաշակի ու գնահատումի մեջ, բծախնդիր խմբագրապետ էր ու նաեւ ազնվագույն մարդՙ ազնվականի կեցվածքով։ Նա «Հրաշալի հարություն» գրքի հեղինակն էր, եւ այդ մասին գիտեին ու գիտակցում էին թե Սիամանթոն, թե Վարուժանը։

Հավատարիմ մնալով իր դավանանքին, որպես մարդ, բանաստեղծ, քաղաքացի Թեքեյանը իր գործունեության հարցերի հարցը համարում էր հայապահպանության խնդիրը Սփյուռքում։ Պոլսում հիմնադրված Հայ արվեստի տունը կարկառուն օրինակ էր։ Այդ շրջանումՙ 1921 թվականին Հովհաննես Թումանյանի այցը Պոլիս խանդավառում, թեւեր է տալիս հայ մտավորականությանը։ Ռամկավար Ազատական կուսակցությունը ընդունելություն է կազմակերպում բանաստեղծի պատվին։ Կուսակցության ատենապետ Վ. Թեքեյանը ողջունելով մեծ բանաստեղծին, խիստ կարեւորում է նրա առաքելությունը Պոլիս։ «Հովհաննես Թումանյան գերազանցապես հայ բանաստեղծն է, հայ երկրին եւ հայ ժողովրդին սիրովը ներշնչված բանաստեղծը... Մեր ամեն ժամանակի ամենեն ժողովրդական քերթողներեն մեկն է ան...Երբ հայ ժողովուրդը կռիվներե, սովե, ցուրտէ եւ հիվանդություններե կը ջարդվի, բանաստեղծը չի կրնար հանգիստ ըլլալ եւ չի կրնար իսկ երգելՙ բացի անզոր կատաղության կամ հուսահատության հազվադեպ ամուլ երգերե։ Որպեսզի բանաստեղծը մնա բանաստեղծ, պետք է ամենեն առաջ հավատա թե պիտի ապրի ժողովուրդը, որմէ կառնե եւ որուն կուտա իր քերթվածը...»։ Այս տողերը տպագրվեցին «Ժողովրդի ձայն» թերթի խմբագրականում։

Անշուշտ, ունենալով իր այս հավատքը, եւ ինչու չէ, ոգեւորվելով նաեւ Թումանյանիՙ ազգին ծառայած կյանքի դրվագներից, Թեքեյանը իր ջանքն ու եռանդը ներդնում է աշխարհով մեկ սփռված հայ որբերի հավաքագրման գործում։ «Եթէ ազգը իր որբերը իբրեւ հայ չհոգայ եւ չկրթէ, ազգը վաղը ինք որբ պիտի մնայ, եւ աւելի խեղճ որբ մը ապահովապէս»։ Հենց այդ շրջանում (1992թ.) նա ծանոթանում է մի որբ պատանուՙ Զավեն Սուրմելյանի հետ, որի բանաստեղծությունը Օշականի երաշխավորությամբ Թեքեյանը տպագրում է «Ժողովրդի ձայն» թերթում։ Այդ պահից ի վեր ստեղծվում է մի անզուգական, պերճախոս ու աստվածային բարեկամությունՙ որբ մի տղայի եւ արդեն համբավավոր բանաստեղծի միջեւ։ «Կես գիշերեն մինչեւ արշալույս» ժողովածուում կարդում ենք. «Զաւակի մը շնորհն անգամ, ո՛վ Տէր, զլացար...»։ Եվ ճակատագրորեն, Տիրոջ կամքով Թեքեյանը Սուրմելյանի մեջ գտնում է «սրտին, մտքին եւ երազին զաւակը»։ «Որդեգիր զավակը» ի պատասխան «հոր» անսահման սիրուն ու նվիրումին, պատասխանում է «որդիական» ջերմ զգացումներով, անկաշառ սիրով։ Եվ ինչպես բոլոր հոգատար հայրերը, Թեքեյանը եւս, երբ հիվանդանում է իր զավակը, աղոթքներով դիմում է Աստծունՙ պահել, պահպանել, կյանք շնորհել իր զավակին.

Տղաս հիւա՜նդ...։ Տէ՛ր, ներէ։ Միայն աղօթք, աղաչանք,

Արտասուախառն, հոգեբուխ աղօթք ունիմ քու առջեւդ...

Իսկ նրանց բարեկամությունից երկու ամիս անց, ճակատագրի հեգնանքով Թեքեյանը առհավետ բաժանվում է տասնվեցամյա Սուրմելյանից։ Սակայն նրանց հոգեւոր կապը շարունակվում է նամակագրությամբ։ Թեքեյանը ողջ էությամբ իրեն զգում է հայր եւ իր հեռավոր զավակին ամեն անգամ կարոտալի, սրտառուչ խոսքեր է գրում։ Պատահաբար հին թերթերի մեջ գտնելով Սուրմելյանի ոտանավորները, նա ոգեւորված գրում է (1924թ.). «Եւ գիտե՞ս ինչ անցաւ մտքէս... Քեզի եւ ինծի աղուոր հաճոյք մը պատճառելու համարՙ բոլոր ոտանաւորներէդ շատ մաքուր տպագրութեամբ հատորիկ մը կազմել եւ յանկարծ անոր անակնկալը ընել քեզի։ Ըսէ՛ ընե՞մ, չընե՞մ. յառաջաբանո՞վ մը, առա՞նց յառաջաբանի, ինչպէ՞ս...»։ Սուրմելյանը այս նամակին պատասխանում է առանց ուշացումի. «Երբեք մտքէս անցած չէր, որ ես ալ կրնայի «գիրք գրել»։ Ինչ ալ խանդավառութեամբ լուր կուտաս ինծի։ Ես հիացայ հիացումիդ վրայ։ Գալով «Յառաջաբան»ին, ըսեմ, որ ինծի համար ատկէ մեծ պատիւ դժուար է գտնալ...»։

1924թ. Փարիզում Թեքեյանի անձնական միջոցներով հրատարակվում է Սուրմելյանի առաջին գրքույկըՙ «Լոյս Զվարթ» խորագրով։ Սուրմելյանը երախտագիտությամբ գրում է. «... առաքեալի մը չափ սուրբ եւ անձնազոհ բարութեանդ համար միայն սա ունիմ փոխադարձօրէն տալիք. աւելի աշխատանք, աւելի աշխատանք, մինչեւ վերջ աշխատանք, որպէսզի այսպիսի ձեւով այնքան մեծնամ, որպէսզի «զաւակի» պատկերս այնքան կատարեալ եւ հարազատ ըլլայ, որ յոյսդ եւ հաւատքդ արդարօրէն վարձատրուին...»։

Վիշտն ու թախիծը իր մեջ խտացրած այս Մարդը, սակայն իր մեջ կրում էր հոգեւոր կապի գեղեցկությունը, «հոր եւ զավակի» այս աննախադեպ պատմությունները, որոնք աչքի են ընկնում ազնվական վեհությամբ։

Թեքեյանի վեհանձն հոգու, մարդկային բարձր նկարագրի, ծանրակշիռ մտավորականի, ազնվական կեցվածքի փայլուն մի փաստ հիշատակենք եւս։

Հայտնի է, որ Վ. Թեքեյանի «Հոգեր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել Փարիզում, 1901 թվականին։ Եվ հայտնի է, որ տակավին երիտասարդ բանաստեղծի առաջին գիրքը ենթարկվում է անողոք քննադատության։ Նույնպես տակավին, երիտասարդ գրագետ Միքայել Կյուրճյանը, որն աշխատակցում էր Կահիրեում հրատարակվող «Փարոս» օրաթերթին, հանդես է գալիս «Հարբխոտ բանաստեղծ մը» հեգնող վերտառությամբ երգիծական մի «անգութ» գրախոսությամբ։ Երիտասարդ գրաքննադատը բանաստեղծի տրամադրությունը նմանեցնում է «գիշերային երկար թափառումներու ատեն ցրտառությամբ ստացուած հարբուխի մը» եւ խորհուրդ է տալիս. «Քիչ մը դուրս եկո՛ւր մութին սահմաններէն, բաց օդին, արեւին եղի՛ր, կեանքի ջերմութիւնը եւ լոյսը կուշտ ու կուռ վայելէ եւ նայէ որ ժամ առաջ անցունես աս հարբուխը, որ տակաւ մուսան տարածելու, արիւնը ջուր ու լորձունք դարձնելու վրայ է»։ Հետագայում, իհարկե, Կյուրճյանը զղջում է իր գրածի համար, մանավանդ որ Թեքեյանը նրան պատասխանում է վեհանձնաբար, հույս հայտնելով, որ գուցե երիտասարդ գրագետը իր ժողովածուն ընթերցել է հապճեպ։ Բանաստեղծի ներողամիտ նամակը հուզում, ամաչեցնում է քննադատին։ «... Արթնցաւ մէջս սուր խղճի խայթ մը, ցաւագին գիտակցութիւնը անտեղի կերպով վիրաւորած ըլլալու փափուկ եւ ազնուական հոգի մը»։ Երիտասարդ բանաստեղծի եւ երիտասարդ գրաքննադատի հետագա բարեկամությունը, սկսյալ 1904 թվականից, տեւում է ավելի քան քառասուն տարի եւ ոչ մի անգամ չի հիշատակվում որեւէ կշտամբանքով, մտածելու, խորհելու տեղիք է տալիս Կյուրճյանին։ Նա գրեթե տառապում է, խղճի խայթ զգում, հատկապես մեծ բարեկամի մահից հետո։

«Արեւ» օրաթերթի նախկին խմբագիր Երվանդ Ազատյանը հորդորում է Կյուրճյանին քավել իր «մեղքը»։ Եվ ահա 1965թ. «Արեւ» օրաթերթում տպագրվում է Կյուրճյանի «մեղայագիրը», ավա՜ղ, սակայն նրա ողբերգական մահից մի քանի օր հետո։ «Եթէ այսօր, այնքան տարիներ յետոյ կը հրապարակեմ գրական-եթէ ոչ... քրէական-յանցանքս, զայն հրապարակաւ քաւելու համար է, եւ ապամահ մեծարանք մը ընելու համար բարեկամիս խնկելի յիշատակին»։

Սա իրավ հոգեցունց մի դրամա էր, որին անդրադարձել են գրեթե բոլոր նրանք, ովքեր փորձել են գրել Թեքեյանի մասին։

Ճակատագրի բերումով հայտնվելով արեւմտահայ պոեզիայի եւ սփյուռքահայ պոեզիայի սահմանագծում Թեքեյանին վիճակվեց լինել սփյուռքահայ առաջին եւ իրավ բանաստեղծը։ Հ. Օշականը շիտակ ու ազնիվ, զգաստացնող ու վերահաստատող մի դիտողություն ունի. «Վահան Թէքէեան իրաւ բանաստեղծ մըն էր. մեր իրաւ բանաստեղծներէն Պեշիկթաշլեանին, Դուրեանին, Մեծարենցին, Վարուժանին, Սիամանթոյին չափ։ ... Արեւմտահայ բանաստեղծութիւնը-իրաւը անշուշտ-չի բաժնուիր հակամարտ ճակատներու...։ Վարուժանի եւ Սիամանթոյի քերթողական գործը չի պատկանիր կուսակցութեան մը։ Ոչ ալ Վահան Թէքէեանը մենաշնորհ մըն է ուրիշ կուսակցութեան մը։ Անոնք երեքն ալ հայ ժողովուրդին ազնուական-արուեստի մէջ-տաղանդաւոր զաւակներն են»։

Եթե նրանցից երկուսը զոհ գնացին Մեծ եղեռնին, ապա Թեքեյանը ճակատագրի բերումով ապրեց մինչեւ 1945 թվականը, ապրեց դժբախտ ու դառնագին մի կյանք եւ ճակատագրի հեգնանքով իր մահկանացուն կնքեց բարեկամներից ու ընկերներից հեռու, օտարների հայացքի տակ. եւ ինչպես պրոֆեսոր Ա. Սանճյանն է նշում. «հայ ազգը չէր սորված իրեն ծառայողները վարձատրելՙ իրենց արժէքին համեմատ»։

Սա է իրավ բանաստեղծի կյանքի ու գործի իրավ դրաման, որը սակայն ազնվական ճակատագիր է «ու կը կրէ երանգը ցեղային մեր տրտմութեան»։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4