«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Մի քանի օր հետո նախատեսված են խորհրդարանական լսումներ լեզվի եւ կրթության վերաբերյալ։ Ըստ հավաստի աղբյուրների, Ազգային ժողովը պատրաստվում է այնպիսի փոփոխություններ ու լրացումներ կատարել 1993 թ. ապրիլին ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում, որոնք օրինականացնելու են լեզվական ոլորտում աղաղակող ապօրինությունները հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում։

Այս աղետը կանխելու նպատակն է հետապնդում հոկտեմբերի կեսերին լույս տեսած լեզվի պետական տեսչության հիմնադիր ու առաջին պետ Վալերի Միրզոյանի «Լեզվական օրենսդրության տասը տարին» գրքույկ-ահազանգը։ 32 էջանոց գրքույկը հրատարակել է «Մաշտոց» միավորումը, գրախոսը եւ պատասխանատու խմբագիրն է բանասիրության թեկնածու Լեւոն Ղազանչյանը։

Հրատարակությունը բաղկացած է հրատարակչի խոսքից, ութ բաժիններից, «Հավելվածից» ու «Ծանոթագրություններից»։

Հեղինակը կարեւորում է լեզվի ազգապահպան եւ պետականաստեղծ գործառույթը։ Նա 1990-ից առ այսօր լեզվապայքարը բաժանում է երեք փուլի.

1. 1990-1993. սկսվում է «Հայաստանի անկախության մասին» 23 օգոստոս 1990-ի հռչակագրով եւ ավարտվում «Լեզվի մասին ՀՀ օրենքի» ընդունմամբ։ Վ. Միրզոյանը շարադրում է այս օրենքի ծանր երկունքի շատ համառոտ պատմությունը։

2. 1993-1998. այս փուլում հիմնադրվեց Լեզվի պետական տեսչությունը (1993 թ. հոկտեմբեր)։ Վ. Միրզոյանը ներկայացնում է տեսչության գործունեության տարբեր ուղղությունները (զանգվածային լրատվամիջոցների, կրթության համակարգի եւ խորհրդարանի լեզվավիճակի հսկողություն, Հայերենի բարձրագույն խորհուրդ եւ այլն)։

3. 1998-ից առ այսօր. հեղինակն այս փուլն անվանում է «կարգավորված նահանջի փուլ», որն սկսվեց անհեթեթ «հիմնավորումով» Վ. Միրզոյանին աշխատանքից հեռացնելով։ 2000 թ. կեսերից բացահայտ հարձակում սկսվեց լեզվի օրենքի դեմ, մեկը մյուսին հաջորդեցին նրանից ազատվելու կամ ամորձատելու օրենքի նախագծերը (Տարոն Սահակյան, 11 ՀԺԿ-ական պատգամավորներ, «Օրինաց երկիր»)։ Վ. Միրզոյանը ապացուցում է, որ այս բոլորը բխում են Մոսկվայից, որի առաջ, ըստ նրա, Ռ. Քոչարյանը պարտավորվել է փոխել լեզվի օրենքըՙ ի շահ ՀՀ-ում ռուսաց լեզվի դիրքերի է՛լ ավելի հզորացման։ Միրզոյանը հաստատում է, որ «ռուսերենը Հայաստանում օտար լեզու է, եթե շատ ենք ուզում դասդասելՙ առաջին օտար լեզուն, սակայն ոչ երբեք «երկրորդ մայրենի» լեզուն (էջ 13)։ Այս փուլում իջեցվեց լեզվի պետական տեսչության կարգավիճակըՙ ընդգրկելով կրթության եւ գիտության նախարարության կառույցի մեջ։

Այնուհետեւ լեզվի տեսչության նախկին պետը խստագույն քննադատության է ենթարկում ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 18-ին հաստատած «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը», ցույց տալիս նրա անօրինական կողմերը, «լեզվաքաղաքական, ազգային այս ինքնաստորացումը» հայտարարելով «պետական դավաճանություն» (էջ 16)։

«Պետության ղեկավարի լեզվական պատասխանատվությունը» բաժնում, «հանուն արդարության» նշելով հանդերձ, որ «Ռ. Քոչարյանը զգալիորեն բարելավել է հայերենի իմացությունը» (էջ 17), այնուամենայնիվ, հեղինակը նրան եւ կառավարությանը (մասնավորապես ՀՀԿ իշխանավորներին) մեղադրում է ոչ միայն հայերենի նկատմամբ անհոգությամբ, այլեւ հոգեւոր ոլորտն առհասարակ օտարների տնօրինությանը հանձնելու մեջ (էջ 19)։

Վ. Միրզոյանի եզրակացությունը հայ մարդու հոգին է ալեկոծում։ «Պատերազմ է հայտարարված հայոց լեզվին։ Պետության վիթխարի մեքենան գործում է պետության լեզվի դեմ», ահազանգում է նա։

Հեղինակը, սակայն, ամեն ինչ կորած չի համարում։ Նա, «ցավոք», հույսը չի կապում «հայերենի մասնագետների, գրողների, առհասարակՙ մտավորականության հետ», «օտար դրամաշնորհներով բարգավաճող հասարակական կազմակերպությունների», «հեռուստաընկերությունների», «հայոց գրերի 1600-ամյակի գալիք պետական տոնակատարության», ոչ էլ, վերջապես, «ՀՀ ներկա նախագահի հետ»։ «Հայերենը կփրկվի միայն ազգային նոր վերելքով, չորրորդՙ հայերենափրկիչ փուլը կսկսվի միայն չորրորդ հանրապետության հաստատմամբ», որը «հայերենի՛ պետությունը պետք է լինի, հայերենախոսությա՛ն, հայերենապաշտությա՛ն պետություն» (21)։

Գրքույկի «Հավելված» բաժինը երկու նյութ է բովանդակումՙ հեղինակի «Պետության լեզուն» տպագրված հոդվածի («ՀՀ, 12 հուլիսի, 1998 թ., «Օր», 25 հուլիսի 2002 թ.) կրճատված տարբերակը եւ «Լեզվի մասին ՀՀ օրենքի» լրիվ շարադրանքը։

Հայ մարդու համար անհնար է առանց ներքին ցասումի կարդալ Վալերի Միրզոյանի այս վերջին հրապարակումը։ Դա մի կոչ է բոլորին, ում համար թանկ է մայրենին, ամուր կանգնելու նրա պաշտպանության դիրքերում։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4