«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՅՈՒԼԼԵՐՆ ԱՉՔԵՐԻՍ ԷՐ ՆԱՅՈՒՄ»

«Արարատի» կրկնակի հաղթանակի 30-ամյա հոբելյանի տոնակատարություններին մասնակցելու համար ԱՄՆ-ից Երեւան էր ժամանել նաեւ թիմի կենտրոնական պաշտպան Արմեն Սարգսյանը։ 1990-93 թթ. նա «Արարատի» գլխավոր մարզիչն էր, որի գլխավորությամբ արարատցիները 10 տարի առաջ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները։ 1994-98 թթ. Արմեն Սարգսյանը ղեկավարել է ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիան։ Արդեն չորս տարի է, ինչ նա բնակվում է Լոս Անջելեսում։ Այսօր ֆուտբոլի անվանի վետերանը խմբագրության հյուրն է։

- Չորսամյա ընդմիջումից հետո Դուք կրկին հայրենիքում եք, հարազատ շրջապատում, նախկին թիմակիցների հետ։ Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք։

- Անչափ ուրախ եմ կրկին գտնվելու մայր հայրենիքում, ընկերների, բարեկամների շրջապատում։ Զգացված եմ, որ 30 տարի անց ժողովուրդը հիշում է մեզ, գնահատում մեր աշխատանքը, մեծարում արդեն վետերան դարձած արարատցիներին։ Անչափ շնորհակալ եմ տոնախմբության կազմակերպիչներից, որ հնարավորություն ընձեռեցին կրկին հանդիպելու թիմակիցներիս, նրանց հետ վայելելու ֆուտբոլային խաղի հաճույքը։

- ԱՄՆ-ում սիրած մարզաձեւի հետ կապը չե՞ք խզել։

- Առաջին տարում մարզում էի ԱՄՆ-ի 3-րդ լիգայի առաջնության մասնակից «Հայլենդերսին», որը բավական բարձր կարգի թիմ էր։ Հետո աշխատեցի «Հերոսներում»։ Միաժամանակ աշխատում էի Հայկական բարեգործական միության ֆուտբոլի դպրոցումՙ մարզելով պատանիներին։ Հետագայում այդ նույն դպրոցում առաջարկեցին մենեջերի պաշտոն։ Պիտի համակարգեի դպրոցի 5 մարզիչների աշխատանքըՙ միաժամանակ շարունակելով մարզչական գործունեությունը։ Իմ սաներից շատերը Համահայկական 3-րդ խաղերում արժանացան չեմպիոնի տիտղոսին։ Ցավոք, հնարավորություն չունեցա թիմի հետ Հայաստան ժամանելու։ Ներկայում առողջական վիճակի պատճառով արդեն մեկ տարի է, չեմ աշխատում։ 11 ամիս դեռ պիտի բուժվեմ, հետո պարզ կդառնա, թե կկարողանա՞մ կրկին զբաղվել մարզչական գործունեությամբ։

Պետք է նշեմ, որ այսօր ամերիկյան ֆուտբոլը շատ արագ թափով է զարգանում, աշխատանքները ճիշտ ձեւով են կազմակերպվում, էլ չեմ ասում կանանց ֆուտբոլի մասին, որ ուժեղագույններից մեկն է աշխարհում։ Շաբաթ-կիրակի օրերին մոտ 20-30 խաղադաշտերում երեխաների մասնակցությամբ առավոտից մինչեւ երեկո միմյանց փոխարինելով հանդիպումներ են անցկացվում։ ԱՄՆ-ում հատուկ ծրագիր է մշակված եվրոպական ֆուտբոլի զարգացման համար։ Եվ արդյունքն արդեն առկա է. ԱՄՆ-ի հավաքականն արդեն 3 անգամ հանդես է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնություններում։

- Մտովի վերադառնանք այն երանելի ժամանակները, երբ «Արարատը» վերելքով էր հանդես գալիս ԽՍՀՄ առաջնություններում։ Այն ժամանակ զգո՞ւմ էիք, որ իրոք մարզչական սխրանք եք գործելՙ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսն ու բյուրեղապակյա գավաթը։

- Այն տարիներին թիմի առջեւ մեկ խնդիր էր դրված. յուրաքանչյուր խաղում խաղադաշտ դուրս գալ հաղթելու վճռականությամբ։ Այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ 30 տարի անց մեզ կրկին հիշելու են, մեծարելու են։ Սակայն, բարեբախտաբար, կան անձնավորություններ, ովքեր կազմակերպեցին թիմի հոբելյանական տոնակատարությունը, հրավիրեցին մեզ։ Հիշում եմ, երբ չեմպիոն դարձանք ու մեզ մեծարում էին, նստած էի Ալեքսանդր Կովալենկոյի կողքին։ Ու երբ նայեցի նրան, զգացի, որ արտասվում է, ասացի. «Շուր ջան, ի՞նչ է պատահել»։ Պատասխանեց. «Արմեն ջան, այսքան տարի ֆուտբոլ եմ խաղացել, երազել եմ չեմպիոն դառնալ եւ ահա երազանքս վերջապես իրականացել է։ Կարող եմ արդեն հանգիստ լինել, իրականացած երազանքով հրաժեշտ տալ ֆուտբոլին»։ Իսկ ես, 20 տարեկան երիտասարդս, կարծում էի, թե մոտակա տարիներին մեկ անգամ եւս չեմպիոն կդառնանք։ Չէի պատկերացնում, թե որքան դժվար է կրկին չեմպիոնական բարձունքը նվաճելը։ Իզուր չեն ասում, որ չեմպիոն դառնալն ավելի հեշտ է, քան ուժեղագույնի տիտղոսը պահպանելը։

Իհարկե, իմ լավատեսությունը հիմնված էր այն բանի վրա, որ «Արարատն» իրոք ուժեղ էր։ Սակայն, հետագա 30 տարիներին, ցավոք, այլեւս մեծ նվաճումների չհասանք, բացառությամբ 1975 թ. ԽՍՀՄ գավաթակրի եւ 1976 թ. գարնանային առաջնության 2-րդ մրցանակակրի տիտղոսների։ Ճիշտ է, ԽՍՀՄ-ը փլուզվեց, սակայն այժմ առանձին պետություն ենք, մեր թիմերն ու հավաքականները մասնակցում են միջազգային մրցաշարերի։

- Դուք բախտավոր աստղի տակ եք ծնվել։ 20 տարեկանում միանգամից ընդգրկվեցիք «Արարատի» հիմնական կազմում եւ դարձաք չեմպիոն ու գավաթակիր։ Ձեր մուտքը շռնդալից ստացվեց, թեեւ երիտասարդ տարիքին, հասուն խաղ ցուցադրեցիք։ Տարիքային տարբերությունն ինչպե՞ս էր անդրադառնում խաղընկերների հետ փոխհարաբերություններում։

- Խաղադաշտում տարիքային տարբերություն երբեք չեմ զգացել մեր փոխհարաբերություններում, որովհետեւ հիմնականում իմ պարտականությունները կատարել եմ, փորձել եմ օգնել նաեւ խաղընկերներիս։ Իհարկե, նրանք էլ, առաջին հերթին Ալեքսանդր Կովալենկոն, նաեւ Նորիկ Մեսրոպյանը, Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանն իրենց խորհուրդներով միշտ օգնել են ինձ։ Իսկ առօրյա կյանքում, իհարկե, զգում էի այդ տարբերությունը։ Թիմում էլ նույնն է, ինչ բանակում։ Եթե, ասենք, կինոդահլիճում նստած ես, տարիքով ֆուտբոլիստը ներս է մտնում, պետք է տեղդ զիջեիր նրան։ Դա հարգանքի դրսեւորում է խաղընկերոջ նկատմամբ, թեկուզ հնարավոր է, որ նա թիմի հիմնական կազմում չի խաղում։ Երեւի թե նման վերաբերմունքի հետեւանքն էր, որ խաղընկերներիս կողմից փոխադարձ հարգանքի ու վստահության էի արժանանում, հետագայում էլ թիմում երկար տարիներ հանդես եկա։

- Ո՞րն է ձեր ֆուտբոլային կենսագրության ամենահիշարժան խաղը։ Դուք շատ ֆուտբոլիստների դեմ եք խաղացել։ Նրանցից ո՞վ է ամենամեծ տպավորությունը թողել ձեզ վրա։

- Հիշարժան հանդիպումներ շատ են եղել։ Կնշեի առաջին հերթին գավաթի եզրափակիչը, առաջնության վերջին խաղը «Զենիթի» հետ։ Սակայն կցանկանայի հատուկ առանձնացնել «Բավարիայի» հետ խաղերը։ Այսպիսի դեպք տեղի ունեցավ։ Մյունխենի օլիմպիական մարզադաշտի հանդերձարանում նախապատրաստվում էինք «Բավարիայի» հետ առաջին հանդիպմանը։ Տղաներից մեկը բացականչեց. «Բավարիայի ավտոբուսը ժամանեց»։ Բոլորս նետվեցինք դեպի հանդերձարանի պատուհանները, վարագույրների արանքից սկսեցինք գաղտագողի նայել մրցակցի ֆուտբոլիստներինՙ մեկս մյուսին ասելով. «Տես Մայերը, ահա Բեկենբաուերը, Մյուլլերը, Հյոնեսը...»։ Մեզ համար նրանք ֆուտբոլային «աստղեր» էին, արտասովոր ֆուտբոլիստներ։ Տարիներ անց, երբ մարզիչ էի աշխատում, հասկացա, որ նման պահվածքով մենք արդեն խաղից առաջ հոգեբանորեն զիջել էինք մրցակցին։ Որովհետեւ մի տեսակ վախի զգացումն էր համակել մեզ։ Սակայն երբ խաղադաշտ մտանք ու խաղացինք, զգացինք, որ նրանք էլ մեր նման ֆուտբոլիստներ են, ճիշտ էՙ պրոֆեսիոնալ, ավելի լավ պայմաններում մարզվող։ Եվ զգացինք, որ կարող ենք նաեւ հաղթել։

Այդ խաղերում ես Մյուլլերին էի հսկում։ Շատերի դեմ եմ խաղացել, սակայն նրա նման ֆուտբոլիստի դեռ չէի հանդիպել։ Ամբողջ խաղի ընթացքում Մյուլլերն աչքերիս էր նայում։ Երկու պահ եղավ, մեկը Մյունխենում, մյուսըՙ Երեւանում, որ ես մի պահ հսկողությունից դուրս թողեցի նրան եւ մեր դարպասին անմիջապես վտանգավոր պահ ստեղծվեց։ Հետագայում հասկացա, որ ֆուտբոլիստի աչքերին նայելիս կարելի է որոշել, նա պատրա՞ստ է քեզ հսկելու, թե՞ ոչ։

- Ճակատագրի բերումով, ԽՍՀՄ վերջին առաջնություններում ձեզ էր վիճակված գլխավորելու «Արարատը»։ Եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ֆուտբոլիստների այդ սերունդը կարո՞ղ էր հաջողությունների հասնել։

- 1991 թ. «Արարատը» ԽՍՀՄ վերջին առաջնությունում 7-րդ տեղը գրավեց։ Հաջորդ տարի ծրագրել էինք մտնել լավագույն հնգյակ, նաեւ պայքարել մրցանակային տեղերի համար։ Սակայն մարզչի համար կարեւորը միայն մրցաշարային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելը չէ։ Կարեւորվում էր նաեւ երկրի տարբեր հավաքականներում ֆուտբոլիստներ ունենալը։ Բավական ժամանակ մենք հավաքականներում պատվիրակներ չունեինք։ Եվ ահա սկսեցին ազգային հավաքական հրավիրել Պոդշիվալովին, Սուքիասյանին, Սարգիս Հովհաննիսյանին, Ալբերտ Սարգսյանին։ Երկրորդ հավաքականի թեկնածու էր Հարություն Աբրահամյանը, երիտասարդականի համար պատրաստել էինք Մխիթարյանին, Շահգելդյանին, Արմեն Պետրոսյանին։ Ցավոք, ԽՍՀՄ-ը փլուզվեց, «Արարատն» էլ կարճ ժամանակում զրկվեց իր մի շարք առաջատար ֆուտբոլիստներից։ Հակառակ դեպքում, համոզված եմ, կլինեին հաջողություններ։

- Հետեւո՞ւմ եք Հայաստանի ֆուտբոլային իրադարձություններին։

- Բնական է, հետեւում եմ, հիմնականում թերթերի միջոցով։ Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ վերջապես մեր պատանեկան հավաքականները հաջող մրցելույթներ ունեցան։ Սա վկայում է, որ մանկապատանեկան ֆուտբոլին լուրջ ուշադրություն է հատկացվում եւ արդեն որոշակի առաջընթաց է նկատվում։ Իհարկե, դժվար է միանգամից ոտքի կանգնեցնել հայկական ֆուտբոլը, դրա համար համալիր ծրագիր ու ժամանակ է անհրաժեշտ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4