Նյու Յորքում մեկնարկեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի եւ «Ֆրիտց-8» համակարգչային ծրագրի միջեւ շախմատային յուրօրինակ մրցամարտը։ Մրցակիցները կանցկացնեն չորս պարտիա դասական շախմատի կանոններով։ Հիշեցնենք, որ խաղն ընթանում է ոչ թե իրական խաղատախտակի շուրջ, այլ եռաչափ տարածքային պատկերի վրա, իսկ քայլերը կատարվում են ձայնային ազդանշանի միջոցով։ Մրցակիցների առաջին պարտիան 37-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի։ Խաղարկվեց սլավոնական պաշտպանության տարբերակը։ Կասպարովը շուտով զինվոր զոհաբերեց եւ ակտիվ դիրք ստացավ։ Հետագայում նա ոչ միայն հետ բերեց զինվորը, այլեւ որակ շահեց։ Սակայն առավելությունը զարգացնել չհաջողվեց. համակարգչային ծրագիրը հստակ քայլերով կարողացավ հավերժական շախի շնորհիվ հասնել ոչ-ոքի արդյունքի։
Մրցախաղի ավարտից հետո Գարի Կասպարովը նշել է, որ ինքը հաղթելու լավ հնարավորություններ ուներ, սակայն չկարողացավ օգտագործել առավելությունը։ Կասպարովը խոստովանել է, որ մի փոքր անսովոր է նման պայմաններում խաղալը, երբ քայլերը կատարվում են ոչ թե ձեռքով, այլ ձայնային հրահանգի միջոցով։ Ուստի աշխարհի չեմպիոնին նոր պայմաններին հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ։
«Ֆրիտց-8»-ի գլխավոր կոնստրուկտոր եւ ծրագրավորող Ֆրանս Մորշը լիովին գոհ էր արդյունքից։ Նա նշել է, որ շատ ուրախ է համակարգչի վստահ խաղի համար։ Դա իրոք գեղեցիկ պարտիա էր։