Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄՀ ներկայացուցիչը
Երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների խորհրդի անդամ Ջերոն Քրեմերսը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում։
Կենտրոնական բանկի նախագահն իր ելույթն սկսեց երկու իրադարձությունների տարեդարձների հիշատակումով։ Առաջինըՙ ԿԲ հիմնադրման 110-ամյակն էր, որի առթիվ հրապարակվել է գիրք բանկի անցած ճանապարհի մասին։ Երկրորդըՙ ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու 10-ամյակը։ Այս կապակցությամբ այսուհետեւ նոյեմբերի 23-ը կնշվի որպես ֆինանսական աշխատողի տոն։ Վերոհիշյալ տեղեկությունները հաղորդելուց հետո Տիգրան Սարգսյանն անցավ հայկական դրամի ստեղծման պատմությունն ու ներկա վիճակը ներկայացնելուն։ Նա նշեց, որ 10 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը պարտադրված էր ազգային դրամը ներդնել, քանի որ Ռուսաստանն ինքը հրաժարվեց խորհրդային ռուբլուց։ Սակայն այն ժամանակվա Հայաստանի կառավարությունը, ի տարբերություն նախկին խորհրդային մյուս հանրապետությունների, պատրաստ չէր դրան ոչ միայն հոգեբանորեն, այլեւ տեխնիկապես։ Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները հույսը չէին կորցնում ռուսական ռուբլու գոտում ընդգրկվելու հարցում։ Ակնհայտ է, որ առանց ազգային դրամի ԿԲ-ն չէր կարող ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն իրականացնել։ Ներկայումս ունենք գների կայուն մակարդակ, կայունանում է նաեւ դրամի տատանումների ցուցանիշը։
Կենտրոնական բանկի նախագահն անդրադառնալով ժամանակակից միտումներին, հայտնեց, որ քննարկվում է ԱՊՀ շրջանակներում միասնական արժույթ ստեղծելու հարցը։ Սակայն այս հարցում Հայաստանի վարած քաղաքականությունն ավելի շատ մոտ է եվրոպական չափանիշներին։ Տեսակետ էլ կա, որ ապագայում կդրվի համաշխարհային արժույթի ընդունման հարցը։ Կան նաեւ այլ մոտեցումներ, ըստ որոնց հնարավոր է, որ աշխարհը բաժանվի 5-6 խոշոր միջազգային արժույթների։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ իրենք հետեւում են այդ զարգացումներին, իսկ ազգային դրամն առայժմ կշարունակի կատարել իր դերը։
ԱՄՀ ներկայացուցիչ Ջերոմ Քրեմերսը նախ տեղեկացրեց, որ ինքը ներկայացնում է 12 երկրների, այդ թվում Հայաստանին, կազմակերպության գործադիր խորհրդում։ Այս միջազգային կառույցը բաղկացած է աշխատակազմից եւ գործադիր խորհրդից։ Աշխատակազմի ներկայացուցիչը (Հայաստանում Ջիմ Մաքյուն է) բանակցում է կառավարության հետ եւ հաջողության դեպքում հարցը ներկայացվում է գործադիր խորհուրդ։
Ապա ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյան, որը նաեւ գիտական աշխատանքներով է զբաղվում, անդրադարձավ Հայաստանի տնտեսական կացությանը։ Նա եւս ընդունեց, որ վերջին մի քանի տարիներին մեր երկիրը մակրոտնտեսական լուրջ առաջընթաց է արձանագրել։ Սակայն կարեւոր համարեց տնտեսական աճի արդյունավետ օգտագործումըՙ ե՛ւ սոցիալական ծախսերի ավելացումը, ե՛ւ արդյունավետ բաշխումն ու եկամուտների բեւեռացվածության մեղմացումը։ Անհրաժեշտ են կառավարման կառուցվածքային փոփոխություններ եւ մասնավորապես դատական համակարգի բարելավում։ Ջերոմ Քրեմերսը կարեւոր համարեց նաեւ հակակոռուպցիոն ծրագրի իրականացումը եւ հարկային ու մաքսային համակարգերի բարելավումները։ Դասախոսության վերջում հյուրը պատասխանեց ուսանողների հարցերին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ. Գ. ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց այն երկու լավագույն ուսանողների անունները, որոնք շահել էին ԿԲ հայտարարած մրցույթը եւ արժանացել Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակիՙ մեկ կիսամյակի ընթացքում ամսական 50 հազար դրամ։ Նրանք են Արտակ Սահակյանը եւ Հասմիկ Թորոյանը։