«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ԱՆՀՐԱԺԵՇՏ 500 ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՑ 22-Ն ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

Երեւանում է Մարսելից «Ռենո» մակնիշի ավտոբուսների երկրորդ խմբաքանակը։ Երեկ Լիոնի «Սիտրալվի» տրանսպորտային կազմակերպությունը 12 մեքենաները հանձնեց Երեւանի քաղաքապետարանին։ Երեւանում «Ռենո» ավտոբուսների թիվը հասավ 22-ի։ Այս մեքենաները Լիոնում առնվազն 10 տարի շահագործվել են, բայց նախքան Հայաստան գալը 15 օր փորձաքննության մեջ են եղել եւ դեռ 10-15 տարի պիտանի են շահագործման։ Դրանք Հայաստանում անցել են տեխզննում, ստացել համարանիշներ եւ մի քանի օրից արդեն դուրս կգան երթուղի։

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գնահատմամբՙ սրանով, իհարկե, չի լուծվում քաղաքի տրանսպորտի հարցը։ Երեւան քաղաքում ավտոբուսների խնդիրը վերջնականապես լուծելու համար 3-4 տարի կպահանջվի։ Քաղաքի երթեւեկությունը կարգավորելու համար մոտ 500 խոշոր ավտոբուս է հարկավոր։ Այժմ բանակցություններ են ընթանում արտասահմանյան այլ ընկերությունների հետ եւս, եւ մյուս տարի արդեն Հայաստան կներկրվի 180-200 ավտոբուս։ Մինչեւ տարեվերջ եւս 18 ավտոբուս կգա Երեւան։

Լիոնի «Սիտրալվի» կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակվի։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի գնահատմամբՙ այս ոլորտում Երեւանի հետ համագործակցության 10 տոկոսն իրականացված է։ Ծրագրված է տարեկան 40-ական մոտ 200 ավտոբուս Լիոնից բերել Երեւան։ Նա ավտոբուսների ներկայությունը Հայաստանում որակեց հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ։

«Սիտրալվի» կազմակերպության նախագահ Բեռնար Ռիվալտայի խոսքերովՙ Լիոնում տարեկան մոտ 80 ավտոբուս փոփոխվում է, օգտագործվածները կամ վաճառվում են Ֆրանսիայի ավտոբուսային այլ ընկերությունների, կամ համագործակցության շրջանակներում տրվում այլոց։ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ այս ավտոբուսները տարբեր երթուղիներով գործելու են հիմնականում Երեւանի կենտրոնումՙ հաշվի առնելով, որ հենց կենտրոնական փողոցներում են միկրոավտոբուսները խանգարում երթեւեկությանը։

Երթուղին հավանաբար 50 դրամ կարժենա։ Վարորդների աշխատավարձը դեռեւս պարզ չէ, բայց նրանք հույս ունեն, որ, օրինակ, «ԼԱԶ»-ի վարորդի աշխատավարձից բարձր կլինի։

Քանի որ մեքենաները արտասահմանյան են, հեշտ չէ լուծել դրանց վերանորոգման խնդիրը։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանն ասաց. «Ցանկացած տեխնիկաՙ արտասահմանյան կամ տեղական արտադրության, ժամանակի ընթացքում փչանում է, հարկավոր է խնամքով օգտագործել, վերանորոգել»։ Ըստ վարորդներիՙ Երեւանում այս ավտոբուսների համար ավտոպահեստամասեր չկան։ Նախորդ 10 ավտոբուսներից 2-3-ը շարժիչների խափանման պատճառով չեն աշխատում։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4