Ստեփանակերտում խմելու ջրի աղտոտումների վտանգ չկա, ուստի եւ ջրից հիվանդությունների տարածման հավանականությունն աննշան է։ Այս համոզմունքին է «Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ տնօրեն Վլադիմիր Արզումանյանը։ Նրա այս հավաստիացումն այնքանով է համոզիչ, որ գոնե վերջին տասնամյակում այս հենքով համաճարակներ Ստեփանակերտում չեն գրանցվել։
ԼՂՀ մայրաքաղաքը խմելու ջուր ստանում է երեքՙ Ղայբալուի, Թրակետի եւ Բալուջայի ջրակունքներից։ Տնօրենի խոսքերով, բնակչությանը մատակարարվող ջուրը ամեն օր մանրէաբանական զննության է ենթարկվում, ինչպես նաեւ իրականացվում են ջրազտիչ համապատասխան միջոցառումներ։ Վերջերս Երեւանում տեղի ունեցած ջրատարների վթարի դեպքը ավելի զգոն է դարձրել Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի աշխատողներին։ Կանխարգելիչ միջոցառումներն այստեղ նաեւ սեզոնային բնույթ են կրում։ Օրերս, ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ջրակունքները մաքրվել են հեղեղաբերուկներից, խորացվել են հուներըՙ ձմռանը սառցակալումից պաշտպանելու նպատակով։
Ստեփանակերտցիներին հիմնականում հուզողը տարվա ընթացքում մի քանի անգամ խմելու ջրի «գունափոխումն է», որն անձրեւների պատճառով է տեղի ունենում։ Սակայն ամեն անգամ թե՛ «Ջրմուղ-կոյուղու» եւ թե՛ հակահամաճարակաբանական ծառայության աշխատակիցները բնակչությանը հանգստացնում են, որ գունափոխությամբ հանդերձ այն միանգամայն անվտանգ է։ Իսկ որպես գլխավոր խորհուրդՙ նրանք մատնանշում են խմելու ջուրը եռացնելուց հետո օգտագործելը։
Որ Ստեփանակերտում առ այսօր համաճարակային միջադեպեր չեն եղել, բնավ չի նշանակում, թե անհանգստանալու պատճառ ընդհանրապես չկա։ Առաջին մտահոգիչ պատճառն այն է, որ Ղայբալուի եւ Թրակետի մայրուղային ջրատարներն անցնում են Ստեփանակերտի գերեզմանատան միջով։ Պատկերացնել կարելի է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ դրանցՙ նույնիսկ չնչին չափով վնասվելը։ Այս կապակցությամբ ընթացիկ տարում ԼՂՀ կառավարությունը որոշում էր ընդունել նշված ջրատարները գերեզմանատան տարածքից տեղափոխելու մասին։ Ընդ որում, որոշումը վերաբերում էր 2003 թվականին, սակայն մեր տվյալներովՙ այս խնդրի լուծումը չգիտես ինչու տեղափոխվել է հաջորդ տարի։
Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ 1998 թվականից Ստեփանակերտը սնուցող ջրատարները դուրս են մնացել ռազմականացված հսկողությունից։ «Ջրմուղ-կոյուղու» ղեկավարությունը դա բացատրում է ֆինանսների սղությամբ. ռազմականացված հսկողություն տանելու համար ամեն տարի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ն ԼՂՀ ներքգործնախարարությանը վճարում էր 42 մլն դրամ։ Ըստ Վ. Արզումանյանի, կառավարությունը համաձայնություն է տվել 2004 թվականից նշված ջրակունքների վրա կրկին ռազմականացված հսկողություն սահմանելու համարՙ հատկացնելով համապատասխան միջոցներ։
Մնում է հուսալ, որ եկող տարում իրականացվելիք այս խիստ անհրաժեշտ միջոցառումներին չեն նախորդի ջրի հետ կապված տհաճ անակնկալներ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ