Օր երրորդ
Երեկ Նաիրի Հունանյանը շարունակեց իր պաշտպանական ճառը։ Սկզբից եւեթ բազմիցս Հունանյանն ընդգծեց այն միտքը, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին իրականացնելով ահաբեկչությունըՙ իրենք որեւէ մեկին սպանելու նպատակ չեն ունեցել։ Ասվածի հիմնավորումը, ըստ Նաիրի Հունանյանի, այն է, թե ահաբեկիչներն ունեցել են գործողությունների ծրագիրՙ բաղկացած 10 կետից, որ վերջանում էր վարչապետի հրաժարականով, ապաՙ ձերբակալությամբ։ Միայն այս հանգամանքից անգամ կարելի է եզրակացնել, ըստ Հունանյանի, որ սպանությունների մտադրություն չի եղել։
Հաջորդ հիմնավորումը, ըստ Հունանյանի, հենց տուժողների ցուցմունքներն են, որոնցից, իր կարծիքով, տպավորություն է ստեղծվել, թե, հայտնվելով ԱԺ դահլիճում, ահաբեկիչները հանկարծակիի են եկել։ Որ սպանության մտադրություն չի եղել, Հունանյանի խոսքերով, վկայում է նաեւ այն, որ Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության դեպքում պարտադիր չէր սպանել հենց առաջին պահին։ Ի դեպ, եթե սպանություններ ծրագրված էին, ապա, Հունանյանի կարծիքով, դա կարող էր անել ինքը միայնակՙ առանց խմբի, խորհրդարանի դահլիճի խցիկներից պարզապես կրակելով դահլիճում նստածների վրա։
Ավարտելով, Հունանյանն անդրադարձավ իր եղբորը ներկայացված մեղադրանքինՙ փորձելով մեղմացնել, անգամ ժխտել այն։ Ըստ այդմ, Նաիրի Հունանյանը հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե Կարեն Հունանյանը ռազմական պատրաստվածության դասեր չի անցել, չի ունեցել նման իրավիճակներում ինքնատիրապետման ունակություն, չի պատկերացրել անգամ, թե հոգեկան ինչ վիճակում կարող է հայտնվել։ Այսինքնՙ Կարեն Հունանյանը գործել է տարերայնորեն չունենալով որեւէ փորձ։
Ապա խոսելով Կարեն Դեմիրճյանի սպանության մասին, Հունանյանը նշեց, թե Դեմիրճյանի սպանությունը դիտավորությամբ կատարելու վերաբերյալ ապացույցներ դատարանում չեն ներկայացվել։ Անտրամաբանական համարվեց նաեւ Նաիրի Բադալյանի հետ կապված նախաքննական դրվագը։
Խոսելով տեսաերիզի մասին, Նաիրի Հունանյանը թերեւս երեւակայության գերագույն ճիգերով ուղղակի աղճատեց իրականությունը։ Հունանյանը մասնավորապես նշեց, որ Վազգեն Սարգսյանի սպանությունը Կարեն Հունանյանի արձագանքն է վարչապետի կողմից ինքնաձիգ հանելու շարժմանը։ Եվ որպեսզի ասվածն ամրապնդի, Հունանյանը նշեց, թե նման շարժում մեկ ուրիշի կողմից արվելու դեպքում, բնականաբար, իր կրտսեր եղբայրը կկրակեր այդ ուղղությամբ։ Ի դեպ, Վազգեն Սարգսյանին ուղղված կրակոցը Հունանյանը որակեց բնազդական։
Հենց այդ ժամանակ դատավոր Սամվել Ուզունյանի համբերությունը թերեւս հատեց, քանի որ նա դիմելով ամբաստանյալին ասաց, թե դատարանին Հունանյանն ակամա դարձնում է Շեհրազադեի ունկնդիր։ Մեղադրող Կորյուն Փիլոյանն էլ բողոքեց դատարանի դեմ այն կապակցությամբ, թե ամբաստանյալին չեն սաստում եւ թույլ է տրվում նրան պաշտպանական ճառի փոխարեն մեկնաբանություններ անել ինչպես օրենքի, այնպես էլ գործի առանձին դրվագների ու գործողությունների կապակցությամբ։
Դատավոր Սամվել Ուզունյանը Փիլոյանի դիտողությանն արձագանքեցՙ նշելով, որ ամբաստանյալի պահվածքով դատարանին անհիմն հանդիմանանք է առաջադրվում։ Դատավորի խոսքերով, Հունանյանն անցել է ֆանտաստիկ վերլուծությունների, կարծես ամբաստանյալ Կարեն Հունանյանը դատարանում չի եղել, ցուցմունք չի տվել։ Մինչդեռ, ըստ Կարեն Հունանյանի ցուցմունքի, Վազգեն Սարգսյանի սպանությունն իրականացնելիս ինքը աֆեկտի մեջ չի եղել, բնազդաբար չի գործել։ Ընդհակառակը, հենց կրտսեր Հունանյանի խոսքերով, նա գնացել է ապստամբության։
Ինչեւէ, Հունանյանը շարունակեց, ըստ իրեն, գործի հանգամանքներով ներկայացնել իրականությունը։ Ամբաստանյալն անդրադարձավ սպանություններին, խոսեց վիրավորվածների մասին։ Բնականաբար, երեւակայական տեսիլքների մեջ ընկած Հունանյանը ծայրահեղացավ այնքան, որ ասաց, թե բոլոր սպանությունները եղել են առանց դիտավորության եւ նվազագույնս են կապված հենց ամբաստանյալների հետ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Տարօրինակորեն դահլիճում նստածները համբերատար լսում էին, թե ինչպես, իմ կարծիքով, ցնդաբանելու մեջ վարպետացած մեկը շարադրում էր իր մտքերը, որոնք բնավ էլ չէին վերաբերում պաշտպանական ճառ ասվածի բովանդակությանը։ Դատական նիստի ավարտից բավականին առաջ լրագրողները, որպես դժգոհության ակցիա, լքեցին դահլիճը։ Դատավոր Ուզունյանի այն դիտարկմանը, թե ամբաստանյալին պետք է հասկանալի լինի լրագրողների բոյկոտը, կարծես թե չազդեց Նաիրի Հունանյանի վրա։ Նա դեռ էլի կես դատական նիստ, իր իսկ խոսքով, կշարունակի «ներկայացնել գործի հանգամանքները»։