«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2003-11-12 | #208, 2003-11-13 | #209, 2003-11-14


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀՈՒՄ ԵՆՔ»

Ասաց ՀՀ պաշտպանության նախարարը

Ռուսական «Միգ-29» ռազմական ինքնաթիռի վթարի հավանական պատճառը բախումն էր 2557 մ բարձրության լեռանը։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նա ավելացրեց, որ ինքնաթիռը եւ օդաչուն գտնվել են վթարի հաջորդ օրը, այսինքնՙ երեկ։ Օդաչուն ընկած է եղել ինքնաթիռից 30-40մ հեռու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ժամանել են խմբեր, որոնք պետք է հետաքննեն վթարի պատճառները։

Հայաստանի պաշտպանության նախարարիՙ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսին մասնակցելու մյուս պատճառը ռուսական ռազմահանգրվանների կոմունալ վճարները Հայաստանի բյուջեից կատարելու առնչությամբ պարզաբանումներ տալն էր։ Սերժ Սարգսյանն անհասկանալի համարեց որոշ ուժերի շահարկումներն այս առիթով, նշելով, որ Հայաստանն այդ պարտավորությունն ստանձնել է 1996 թ. սեպտեմբերին կնքված պայմանագրով։ Նախարարը հավաստեց, որ Հայաստանը վճարում է ռուսական ռազմակայանների հոսանքի, ջրի եւ ջեռուցման վարձերը, որոնք կազմում են տարեկան 1,5 մլն դոլար։ Սակայն դա փոխհատուցում է ռուսական կողմի առաջարկած այլ ծառայությունների դիմաց, որոնցից նշվեց միայն մեկըՙ հայ սպաների ուսուցումը Ռուսաստանում։ 1996 թ. նույն պայմանագրով 1 սպայի ուսուցման համար Հայաստանը պետք է վճարեր 2,5 հազար դոլար։ 2002 թ. նոյեմբերին այստեղ կուտակված պարտքը Ռուսաստանի կողմից զրոյացվեց։ Սպաների ուսուցման վարձն այժմ առավելագույնը 200 դոլար է, որն ավելի կնվազեցվի։ Այժմ Ռուսաստանում սովորում է 650 հայ զինծառայող։ Այս, ինչպես նաեւ այն հանգամանքը վկայակոչելով, որ ռազմատեխնիկական համագործակցության առումով Հայաստանի համար հատուկ պայմաններ են տրվել, Սերժ Սարգսյանը եզրակացրեց, որ մենք դրանից ավելի շատ շահում ենք։ Նախարարը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ու պաշտպանության նախարարը բնութագրում են որպես դաշնակցային, ինչով էլ պայմանավորված է Հայաստանի համար ստեղծված հատուկ վիճակը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4