Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հայտարարությունը
Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում նշվում է, որ Հայաստանը շահագրգիռ է հարեւան-բարեկամ պետության քաղաքական կայունությամբ, հատկապես հաշվի առնելով Վրաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը։
Այդ շահագրգռվածությունը լիովին արտահայտվել է նախագահներ Քոչարյանի եւ Շեւարդնաձեի հեռախոսային զրույցում։ Հետընտրական իրավիճակի թեման քննարկվել է Քոչարյանի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Աբաշիձեի երեւանյան հանդիպման ընթացքում, ասվում է հայտարարությունում։
Չնայած դրան, Վրաստանում եղել են վերոնշյալ հեռախոսազրույցի եւ հանդիպման կամայական մեկնաբանություններ։ Վրաստանում ՀՀ դեսպանատունը կրկին հայտարարում է, որ Հայաստանը շահագրգիռ է Վրաստանի կայունությամբ եւ ոչ մի դեպքում չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վնասել վրաց պետությանը կամ ընկալվեն որպես այդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։