«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2003-11-12 | #208, 2003-11-13 | #209, 2003-11-14


ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իտալական ուսումնասիրությունների կենտրոնի միջեւ ստեղծված կապերը սերտանում են գործնական առնչություններով։ Երեկՙ նոյեմբերի 13-ին, կրկին ԵՊՀ այցելեց Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն։ Այս անգամ առիթն Իտալիայից առաքված գրականության հարուստ հավաքածուն հայ համալսարանականներին հանձնելն էր։

ԵՊՀ ղեկավարության անունից ողջունելով դեսպանին ու շնորհակալություն հայտնելով նոր ձեռնարկման համարՙ բուհի գիտքարտուղար Հայկ Ավետիսյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերությունների դարավոր գործընթացն այսօր ամուր հիմքերի վրա է, որում ներդրում ունի նաեւ հարգարժան դեսպանը։

Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն իր հերթին շնորհակալական խոսք ասացՙ հայոց մայր բուհում ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս լսարանում գտնվելն իր համար շատ հաճելի է, քանի որ այստեղ շրջապատված է իր մայրենի լեզվով ու մշակույթով հետաքրքրվող մարդկանցով եւ անգամ այն զգացողությունն ունի, թե հարազատ երկրի մի անկյունում է։ Նա հույս հայտնեց, որ Իտալիայի նվիրած մոտ 200 կտոր մասնագիտական եւ գեղարվեստական գրականությունն իր նպատակին կծառայի եւ առավել կխորացնի ուսանողների հետաքրքրությունն ու սերը Իտալիայի, իտալերենի եւ իտալական մշակույթի հանդեպ։

ԵՊՀ Լրատվական ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4