Վերջերս Հունաստանում կայացած ՖԻԴԵ-ի 74-րդ կոնգրեսում ճշտվել էին աշխարհի կանանց եւ տղամարդկանց շախմատի առաջնությունների ժամկետները։ Եթե կանանց առաջնության անցկացման հարցում ամեն ինչ հստակ է (այն անցկացվելու է 2004 թ. մայիս-հունիսին Վրաստանում, մրցանակային 450 հազար դոլար ընդհանուր հիմնադրամով), ապա նույնը չի կարելի ասել տղամարդկանց մրցաշարի մասին։ Այն նախատեսվում է անցկացնել 2 երկրում, յուրաքանչյուր մրցաշարին կմասնակցեն 64-ական շախմատիստներ։ Այդ մրցաշարերի հաղթողները հետագայում պետք է որոշեն ուժեղագույնին, որն էլ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում պետք է ուժերը չափի Գարի Կասպարովի հետ։
Մրցաշարերն իրենց մոտ անցկացնելու հայտ առայժմ ներկայացրել են Բաքուն եւ Տրիպոլին։ Եթե մրցաշարերն իրոք անցկացվեն նշված քաղաքներում, ապա որոշ երկրների (Հայաստան, Իսրայել) ներկայացուցիչները հնարավոր է հրաժարվեն մասնակցությունից։ Այս առթիվ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանա խաղալ Տրիպոլիում, հանդես կգան Բաքվում, եւ ընդհակառակը։ Ինչ վերաբերում է երկու մրցաշարերի հաղթողների միջեւ եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրին, ապա ե՛ւ Բաքուն, ե՛ւ Տրիպոլին պատրաստ են այդ մրցախաղն էլ իրենց մոտ կազմակերպել։ Բացառված չէ, որ մրցամարտն անցկացվի այլ երկրում։ Իսկ ահա Կասպարովի հետ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը Հունաստանի շախմատի ֆեդերացիան առաջարկել է անցկացնել Աթենքում, ամառային օլիմպիական խաղերի օրերին։ Արդեն նախնական բանակցություններ են ընթացել օլիմպիադայի կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ եւ բացառված չէ, որ հաջողվի այն ընդգրկել խաղերի ծրագրում։
Ինչ վերաբերում է շախմատային առաջիկա օլիմպիադաներին, ապա դրանց անցկացման ժամկետներն ու վայրերը հայտնի են։ Հաջորդՙ 36-րդ շախմատային օլիմպիադան կանցկացվի 2004 թ. հոկտեմբերի 21-31-ը իսպանական Մալյորկա քաղաքում։ 2006 թ. օլիմպիադայի մայրաքաղաքը իտալական Թուրինն է։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 20-ից հունիսի 4-ը։ 2008 թ. օլիմպիադայի մայրաքաղաքի համար արդեն հայտ են ներկայացրել Հայաստանը, Արգենտինան, Անգլիան, Հնդկաստանը, Կուբան, Նորվեգիան։