Հրաշք-պատահականություն
Բազմիցս գրվում, խոսվում է, որ Հայաստանից մի քանի ուղղություններով չվերթեր իրականացնող «Աերոֆլոտի» ինքնաթիռները հին են եւ վաղուց անցել է նրանց շահագործման ժամկետը։ Սակայն ավիաընկերությունն առանց վարանելու նոյեմբերի 3-ին կրկին անսարք «Տու 154» ինքնաթիռ էր տրամադրել Երեւան-Մոսկվա 194 չվերթին։ Մոտ 5 ժամ թռիչքը հետաձգվեց ինքնաթիռի անսարքության պատճառով, երբ արդեն ուղեւորները հրավիրվել էին թռիչքի ու գտնվում էին մաքսային գոտում։ «Աերոֆլոտի» ներկայացուցիչներից ոչ մեկը չէր ուղեկցում ուղեւորներին մինչեւ ինքնաթիռ, եւ ուղեւորները մնացել էին անորոշ վիճակում։ Իսկ սահմանապահներն ու մաքսավորները ոչնչից տեղյակ չէին, քանզի դա իրենց գործը չէր։ Բազմաթիվ դժվարություններից հետո ուղեւորներին կրկին վերադարձրին սպասասրահՙ առանց որեւէ ստույգ տեղեկություն տրամադրելու։ Իսկ 5 ժամ հետո նույն ստուգումներն ու իրեր քաշ տալը սրահի մի ծայրից մյուսը կրկնվեցին, ու մի կերպ տեղավորվեցինք ինքնաթիռում։
Դեռ նոր էին ինքնաթիռի շարժիչները թափ հավաքում, եւ նրան հրելով հասցրել էին թռիչքային գոտի, երբ հետեւի շարքից լսեցի մի տարօրինակ խոսակցությունՙ թեւը ծակ է։ Պատուհանի մոտ էի նստած եւ դուրս նայեցի ու ինչՙ աջ թեւի վրա, իրոք, մի մեծ անցք կար։ Ուղեկցողուհուն, մեխանիկին եւ օդաչուին տեղեկացնելուց հետոՙ քիչ անց ինքնաթիռի թեւին բարձրացան կարմիր անթեւ հագուստ հագած 3-4 մարդ։ Մեծ դժվարությամբ ինչ- որ մեծ թիթեղով ու ամրակներով ձգում էին ու փորձում փակել անցքը... Որից հետո միայն ինքնաթիռը արագություն վերցրեց ու թռավ... Սակայն անգամ ներողություն չխնդրեցին ուղեւորներիցՙ անհարմարությունների ու առաջացած դժվարությունների համար։ Իսկ տարանցիկ ուղեւորները կորցրեցին իրենց հաջորդ չվերթերի տոմսերն ու ստիպված եղան նոր տոմս գնելու համար տույժ մուծել։ Իսկ «Աերոֆլոտի» ներկայացուցիչները մեղադրում էին, որ ուղեւորներն իրենց ընկերությունից չեն գնել թռիչքի շարունակության տոմսերը։
Միայն հրաշքով ուղեւորները զոհ չդարձան կրկին անսարք ինքնաթիռի պատճառով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ