«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2003-11-12 | #208, 2003-11-13 | #209, 2003-11-14


«ԲՐԻՏԻՇ ԷՐՈՒԵՅԶԻ» ՁՄԵՌԱՅԻՆ ՉՎԱՑՈՒՑԱԿԸ

Հոկտեմբերի 26-ից «Բրիտիշ էրուեյզն» անցել է ձմեռային չվացուցակի կիրառմանը, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։

Բրիտանական ավիագործակալությունը Երեւանից շաբաթական երեք թռիչք է իրականացնում դեպի Լոնդոնՙ երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին։ Ուղեւորները «Հիթրոու» օդանավակայան են հասնում կեսօրին եւ հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուղեւորությունը դեպի Հյուսիսային Ամերիկայի գլխավոր քաղաքները, իսկ «մեկաշխարհ» (oneworld) ալյանսի» գործընկերների միջոցով նաեւ 136 երկրների 570 քաղաքներ։

Լոնդոնից Երեւան վերադարձի թռիչքներն իրականացվում են չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին ժամը 14.35-ին եւ հասնում են Երեւան ժամը 23.35-ին։

Երեւան-Լոնդոն թռիչքների ծառայությունը կատարում է «Բրիտիշ մեդիտերանյըն էրուեյզի» A 320 էրբասը, որն ունի ինչպես «Կլաբ ուորլդ» կոչված «Բիզնես», այնպես էլ «Ուորլդ թրավելեր» կոչված «Էկոնոմի» կարգեր։ Առաջինի ուղեւորները կարող են օգտվել անհատական տեսաէկրաններից եւ ռադիոալիքներից, մինչդեռ երկրորդի ուղեւորները կարող են դիտել մեկ էկրանի վրա ցուցադրվող ֆիլմեր եւ լսել անհատական ռադիոալիքներ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4