«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2003-11-13 | #209, 2003-11-14 | #210, 2003-11-15


«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՐԺԱՆԱՆԱ ՉԱՈՒՇԵՍԿՈՒԻ ԵՎ ՄԻԼՈՇԵՎԻՉԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ»

Շեւարդնաձեն կարող է հրաժարական տալ միայն նոր խորհրդարանի ձեւավորումից հետո

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեկ Վրաստանի նախագահը հատուկ ուղերձ է հղել վրաց ժողովրդին, կոչ անելով չմասնակցել ընդդիմության հանրահավաքին, զգուշացնելով քաղաքացիական առճակատման եւ քաղաքացիական պատերազմի հնարավոր վտանգից։

«Եթե ամբողջ վրաց ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը, ապա հրաժարական կտամ։ Երբեք Չաուշեսկուի եւ Միլոշեւիչի ճակատագրին չեմ արժանանա», հեռուստաուղերձում ասել է Շեւարդնաձեն։ Նախագահը նշել է, որ հենց նոր խորհրդարանն սկսի աշխատանքները, կարող է ինքը ստորագրել իր հրաժարականը։ «Բայց այժմ, հրաժարականը կլինի անպատասխանատու քայլ», ասել է Շեւարդնաձեն։

Վրացական ընդդիմությունը երեկ մինչեւ ուշ գիշեր շարունակում էր բողոքի ցույցըՙ պահանջելով խորհրդարանական նոր ընտրություններ եւ Շեւարդնաձեի հրաժարականը։ Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահի նստավայրի շուրջ եւ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների թիվը հասնում է 35 հազարի։

Ցուցարարներին առաջնորդում են ընդդիմադիր գործիչներ Միխայիլ Սահակաշվիլին, խորհրդարանի նախկին եւ ներկա նախագահներ Զուրաբ Ժվանիան եւ Նինո Բուրջանաձեն։

«Մենք սպասում ենք, որ Շեւարդնաձեն ընդունի, թե խորհրդարանական ընտրությունները ձախողվել են եւ նշանակի նոր ընտրություններ», ըստ Civil.ge էլեկտրոնային թերթի, ցուցարարների առաջ ասել է Բուրջանաձեն։

«Ես կոչ եմ անում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու հայտարարել քաղաքացիական անհնազանդություն գործող վարչակարգի դեմ։ Ես ոստիկանությանը եւ բանակին կոչ եմ անում չհնազանդվել իշխանությունների կարգադրություններին», ասել է Սահակաշվիլին, կոչ անելով Շեւարդնաձեին դուրս գալ ժողովրդի առաջ եւ համոզվել, որ վրաց ժողովուրդը նրա հրաժարականն է պահանջում։

Ըստ Ինտերֆաքս գործակալության, ցուցարարների մի խումբ Սահակաշվիլու հորդորով փորձել է գրոհել նախագահի նստավայրը, սակայն վրացական ներքին զորքերի ստորաբաժանումները կանխել են հարձակումը։ Նախագահի նստավայրը շարունակում է շրջափակված մնալ զորքերով եւ զրահամեքենաներով։

Վրաստանի ներքին գործերի նախարար Կոբա Նարչեմաշվիլին սպառնացել է, թե հասարակական կարգը պաշտպանողների դեմ զինված հարձակման դեպքում զորքն իրավունք ունի համարժեք պատասխան տալու։

Արդեն երկրորդ օրն է Մոսկվայում ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ է անցկացնում Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն։ Նա այսօր երկու անգամ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի հետ։

Երեկ երեկոյան կայացել է վերջին մեկ շաբաթում Էդուարդ Շեւարդնաձեի եւ Վլադիմիր Պուտինի երկրորդ հեռախոսազրույցը։ Պուտինը հույս է հայտնել, որ Վրաստանում կայունությունը կպահպանվի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4