Կղզու մասնատումը հետզհետե անիրականանալի է դառնում
1974 թ. ամռանը թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս։ 1983 թ. նոյեմբերի 13-ին կղզու գրավյալ հատվածում հռչակվեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։ Այս հանգամանքը միանգամայն համապատասխանում էր Կիպրոսի մասնատման Թուրքիայի ռազմավարությանը։ Այլ կերպՙ թուրքական իշխանությունները մշտապես ձգտել են հասնելու կիպրական հիմնահարցի մասնատման տարբերակով լուծմանը, որպեսզի հնարավոր լինի մասնատված հատվածը կցել Թուրքիային։
Կցման համար, սակայն, անհրաժեշտ էր, որ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» միջազգայնորեն ճանաչվի։ Սակայն թուրքական իշխանությունների գործադրած ջանքերն առ այսօր որեւէ արդյունքի չեն հանգեցրել։ Նույնիսկ Ադրբեջանն անարձագանք է թողել վերջիններիս խնդրանքը։ Կասկածից վեր է, որ Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը Թուրքիային կզրկի նաեւ այդ ջանքերը գործադրելու հնարավորությունից, եւ նա ստիպված կլինի հրաժարվել Կիպրոսը մասնատելու ծրագրերից։
Համենայն դեպս, թուրքական զորքերի ներխուժման հետեւանքով 29 տարի խախտվել են կիպրացիների միասնությունն ու Կիպրոսի տարածքային ամբողջականությունը։ Այսօր լրանում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» 20-ամյակը։ Թե ինչ ընթացք կունենա կիպրական հարցի կարգավորումը, դժվար է ասել։ Բայց որ Կիպրոսի թուրքական հատվածում ինքնակոչ հանրապետության նախագահ Ռաուֆ Դենքթաշի դեմ ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել, եւ կիպրացի թուրքերը հույների հետ եվրոպական ընտանիքի մաս են ուզում կազմել, ակնհայտ է։
Ավելինՙ սեպտեմբերի 10-ին, երբ Կիպրոս այցելեց Հունաստանի վարչապետ Յորգո Պապանդրեուն, Դենքթաշի ընդդիմադիրներն ընդառաջ գնացինՙ հանդիպելով նրան չեզոք գոտում։ Հանդիպումը կարեւոր էր այն առումով, որ առաջիկա դեկտեմբերի 14-ին Կիպրոսի թուրքական հատվածում նշանակված են ընտրություններ, որոնք թերեւս կանխորոշելի են ոչ միայն Դենքթաշի եւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», այլեւ լուրջ ներգործություն են ունենալու Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության եւ նրա ռազմավարության, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։
Ինչո՞ւ։ Որովհետեւ Եվրահանձնաժողովի ամենամյա զեկուցագրում ԵՄ-ը Թուրքիային հորդորել է մինչեւ 2004 թ. մայիսի 1-ը լուծել Կիպրոսի խնդիրը, որպեսզի եվրոպական այդ կառույցին անդամակցելու պահին կղզին մասնատված չլինի։ Թուրքական «Ենի շաֆաք» թերթը նոյեմբերի 6-ի համարում դրա առնչությամբ գրել էր, որ ԵՄ-ի զեկուցագրի այս ձեւակերպումը պաշտոնական Անկարային խուճապի մատնեց, որովհետեւ Կիպրոսի հիմնահարցը երբեք զեկուցագրերի տեքստում որպես «պաշտոնական նախապայման» չէր արտացոլվում։
Ըստ երեւույթին, Անկարայի խուճապի մեկ այլ պատճառն էլ Եվրահանձնաժողովի հետեւյալ հայտարարությունն է. «Եթե 2004 թ. Կիպրոսի խնդիրը լուծված չլինի, ապա դժվար թե հնարավոր դառնան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները»։ Հարցը, սակայն, սոսկ բանակցությունները չեն, այլ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով առաջացած լարվածությունըՙ ԵՄ-ին մերձենալու միջոցով հակակշռելու Անկարայի հաշվարկները։ Ուրեմն, Կիպրոսի հիմնահարցը Թուրքիայի համար կարեւոր է նաեւ այդ հաշվարկների առումով։
Այլ կերպՙ գնդակը թուրքական դաշտում է։ Կհաջողվի՞ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դա փոխադրել հունական դաշտՙ ցույց կտա նրա Կիպրոսի թուրքական հատված կատարելիք այցը, որը տեղի է ունենում այսօր։ Թեեւ Էրդողանը, ըստ «Հյուրիեթի», հայտարարում է, թե այցը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակ է հետապնդում, բայց եւ այնպես դժվար չէր կռահել, որ նա դրանով դեկտեմբերի 14-ի ընտրությունների նախօրյակին մի անգամ եւս Դենքթաշին կհավաստի Թուրքիայի աջակցությունը, միաժամանակ դրական ազդանշաններ կհաղորդի հունական կողմին։
Բայց ինչ էլ որ անի, միեւնույն է, Կիպրոսում օղակը հետզհետե սեղմվում է, ինչ վերաբերում է թուրքական հատվածում հետզհետե հզորացող ընդդիմությանը, ապա նա Դենքթաշին Էրդողանի աջակցությունը կարող է որպես մարտահրավեր ընդունել։ Այդ դեպքում առաջիկա ընտրություններում Դենքթաշի պարտությունը կդառնա անխուսափելի։ Մինչդեռ Դենքթաշը Անկարայի դրածոն է։ Սա նշանակում է, որ նրա պարտությունը համազոր կլինի Թուրքիայի պարտությանը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ