Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հյուստոնում ընթացող թենիսիստների աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում «կապույտ» խմբում խաղարկվող 2-րդ ուղեգիրը պետք է վիճարկեին Անդրե Աղասին եւ Դավիթ Նալբանդյանը։ Նրանց միջեւ կայանալիք հանդիպումը պետք է որոշեր, թե թենիսիստներից ո՞վ է շարունակելու պայքարը կիսաեզրափակիչում։ Հաջողությունն ուղեկցեց Աղասուն։ Մրցախաղը համառ բնույթ կրեց։ Առաջին խաղափուլում, միայն թայ-բրեքում Աղասին կարողացավ գերազանցել մրցակցինՙ 7-6։ Երկրորդ խաղափուլում Նալբանդյանը ռեւանշի հասավ (6-3)։ Վճռորոշ 3-րդ խաղափուլում Աղասին հաղթեց 6-4 հաշվով եւ մտավ կիսաեզրափակիչ։ «Կապույտ» խմբից ժամկետից շուտ կիսաեզրափակիչի ուղեգիրը նվաճել էր շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերը։
«Կարմիր» խմբում երկու տուրից հետո կիսաեզրափակիչի ուղեգրին տիրեց գերմանացի Ռայներ Շուտլերը, որը երկրորդ խաղն էլ շահեցՙ պարտության մատնելով Էնդի Ռոդիկին (4-6, 7-6, 7-6)։ Արգենտինացի Գիլյերմո Կորիայի հաղթանակով ավարտվեց նրա մրցամարտն իսպանացի Կառլոս Մոյայի հետ (6-2, 6-3)։ Այս խմբից 2-րդ ուղեգրի հարցը կվճռվի Կորիայի եւ Ռոդիկի մրցախաղում, որոնք մեկական միավոր են վաստակել։
Ամերիկացի Էնդի Ռոդիկը դարձավ 13-րդ թենիսիստը, որ տարին ավարտում է դասակարգման ցուցակի 1-ին տեղում։ Մինչ այդ, տարբեր տարիներին լավագույնն են ճանաչվել Իլիե Նաստասեն (1973 թ.), Ջիմի Կոնորսը (1974-1978 թթ), Բյոռն Բերգը (1979-1980 թթ. ), Ջոն Մաքինրոյը (1981-1984 թթ.), Իվան Լենդլը (1985-1987, 1989 թթ.), Մաթս Վիլանդերը (1988 թ.), Ստեֆան Էդբերգը (1990-1991 թթ.), Ջիմ Կուրյեն (1992 թ.), Փիթ Սամփրասը (1993-1998 թթ.), Անդրե Աղասին (1999 թ.), Գուստավո Կուեռտենը (2000 թ.) եւ Լլեյթոն Հյուիթը (2001-2002 թթ.)։