«Հոկտեմբերի 27»-ի գործն ավարտուն համարելու համար պակասում է միայն դատավճիռը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը երեկ շարունակեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Նախ նիստը տեխնիկական պատճառների բացատրությամբ սկսեց մոտ 1 ժամ ուշացումով, այնուհետեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, ինչպես եւ խոստացել էր, սկսեց իր վերջին խոսքը։
Ըստ Հունանյանի վերջին խոսքի, խափանվել է մի ծրագիր (նկատի ունի ահաբեկչությունը), որի իրագործմանն ինքը հավատում էր։ Ամբաստանյալի խոսքերով, դատարանում ոչ ոք չկարողացավ ապացուցել, որ իրենք սպանություններ են իրագործել։ Ստացվում է, ըստ Հունանյանի, որ դատարանը կգնա խորհրդակցական սենյակ, բայց, օրինակ, Արմենակ Արմենակյանի սպանությունը կդիտարկվի որպես ամբաստանյալ Կարեն Հունանյանի մեղավորություն, քանի որ գործում եղած միակ վարկածը դա է, այսինքնՙ քրեական գործն այդպես է կազմվել։
Շարունակելով իր խոսքը, Հունանյանը նշեց, որ դատավարության ընթացքը չի եղել օրենքների շրջանակներում, տուժողներն ու վկաները մասամբ են հարցաքննվել, դատավարությունը 6 ամիս ընդմիջվել է անհասկանալի պատճառներով։ Հունանյանը չմոռացավ նշել նաեւ, որ իր միջնորդությունների, բոլոր հայտարարությունների մեծ մասը մերժվել է կամ չի դրվել քննարկման։
Դատավոր Սամվել Ուզունյանը, ասվածները վերջին խոսքի հետ կապ չունենալու պատճառաբանությամբ նշեց, թե ամենացավալին այն է, որ դատավորն ամբաստանյալին օրենքով չի կարող ընդհատել, իսկ դատավարության մասնակիցներն անգամ ռեպլիկի իրավունք չունեն։ Սակայն դատավոր Ուզունյանը նկատեց, որ Հունանյանը փաստարկները խեղաթյուրված է ներկայացնում, ուստի առաջարկեց խոսել ըստ էության, խոսել միայն դատաքննությամբ ներկայացված նյութերի շուրջ։
Չնայած դատավորի դիտողությանը, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակեց «իր վերջին խոսքը»։ Նա նշեց, որ ասելիքներ ունի անգամ կազմակերպիչների գործի անջատված մասով։ Նրան թույլ չտրվեց արտահայտվել, թեեւ ենթադրելի էր, որ խոսքը պիտի վերաբերեր հենց անջատված մասով Հունանյանի հարցաքննություններին։ Ինչեւէ, Սամվել Ուզունյանը կրկին ընդմիջելով նշեց, որ անջատված մասի կապակցությամբ Հունանյանը կարող է ցուցմունք տալ հենց հարցաքննությունների ժամանակ։ Ուզունյանը նաեւ նախազգուշացրեց, որ եթե ամբաստանյալի խոսքը կապ չունենա գործի հանգամանքների հետ, ապա դատավորը կընդհատի նրան։
Ուզունյանը նշեց, որ վերջին խոսքը բացարձակ իրավունք չէ։ Այն պետք է լինի իրավական շրջանակներում։ Դատավորն ավելացրեց նաեւ, որ, ի տարբերություն Հունանյանի, մյուս ամբաստանյալներն իրենց վերջին խոսքի ենթադրվող բովանդակությունը ճիշտ են հասկացել։
Հունանյանը հայտնեց, որ հրապարակելու է նամակներ, դիմումներ, որոնք ուղղել է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազությանըՙ պարզելու, թե ինչո՞ւ 2003-ի հունվարից մինչեւ հուլիս դատավարությունը 6 ամսով ընդհատվեց։ Ըստ այդմ, Հունանյանը կասկածներ է ունեցել, թե դատավարության ընդհատումն օրինական պատճառներ չունի։ Եթե հրապարակի իր ասած փաստաթղթերը, ապա, ըստ իրեն, Հունանյանը կապացուցի, որ դատարանը եւ մեղադրող կողմը, ընդմիջելով դատավարությունը, գտնվել են թելադրանքի ազդեցության տակ։ Հունանյանը նշեց նաեւ, որ իր հրապարակելիք նյութերը կնպաստեն գործում նոր հանգամանքների բացահայտմանը։
Սամվել Ուզունյանը թույլ չտվեց հրապարակել այդ նյութերըՙ նշելով, որ դրանք դատարանում չապացուցված փաստաթղթեր են, եւ Հունանյանն իրավունք չունի դրանք հրապարակելու։ Հայտարարվեց ընդմիջում, որից հետո Հունանյանը շարունակեց նույն ոգով եւ ըստ էության համբերությունից հանեց դատավորին։ Դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց, որ եթե ինչ-ինչ փաստաթղթերից խոսելով Հունանյանը մտածում է, թե կարող է կոտրել Սամվել Ուզունյանին, ապա դա չի ստացվի։ «Ես ահաբեկչական գործ քննող դատավոր եմ եւ չեմ հանդուրժի ահաբեկչություն դատարանում», ասաց Ս. Ուզունյանը եւ ավելացրեց, որ ամբաստանյալի խոսքի ընդհատումները նրա իրավունքների ոտնահարում չեն։ Ընդհակառակըՙ դատավարության ընթացքում Սամվել Ուզունյանին քանիցս մեղադրել են Հունանյանի իրավունքները չափից ավելի պաշտպանելու մեջ։
Ինչեւէ, թերեւս անընդունակ լսելու դատավորի խոսքերը, Հունանյանը շարունակեց, թե վերջին խոսքի բովանդակությունը սահմանված չէ, ուստի եւ անդրադարձավ, ըստ իրեն, գործում եղած անօրինականություններին։
Սա վերջին կաթիլն էր, որ բերնեբերան լցրեց Սամվել Ուզունյանի համբերության բաժակը։ Դատավորն ապօրինությունների մասին ամբաստանյալի ասելիքները հասցեագրելով գլխավոր դատախազությանը, հայտարարեց, որ դատարանը համբերությամբ 3 օր լսել է Հունանյանի ճառը։ Այնուհետեւ Սամվել Ուզունյանը Նաիրի Հունանյանի վերջին խոսքը հայտարարեց ավարտված եւ հեռացավ խորհրդակցական սենյակ։
Հ. Գ. Երեկ թերեւս ավարտվեց նաեւ լրատվամիջոցների տանջանքըՙ խրոնիկ դարձած այս դատավարությունը լուսաբանելու առումով։ Հուսանք եւ ցանկանանք, որ նման իրավիճակներ երբեւէ չկրկնվեն։