«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2003-11-14 | #210, 2003-11-15 | #211, 2003-11-18


ՇԱ՜Տ Է ՄՌԱՅԼ, ԲԱՐԵԿԱՄՍ

Բերեզովսկու թերթը եւ Արտաշես Գեղամյանը

Կարելի է ասել, որ Բորիս Բերեզովսկու ֆինանսավորած «Նեզավիսիմայա գազետան» Հայաստանի հարցում արդեն լրիվ հրաժարվել է իր «անկախությունից» եւ հետեւողականորեն բռնել հակահայկական փնովումների ուղին։ Պատճառը մեկն էՙ Մոսկվան (հասկացեքՙ Պուտինը) գոհ է ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակից ու դրանց զարգացումից։ Չբավարարվելով սեփական նյութերով, թերթը վերջերս մի ամբողջ էջ էր հատկացրել հայ ընդդիմության ղեկավարներից մեկինՙ Արտաշես Գեղամյանին։ Բնական է, որ հայոց գահի հավակնորդներից մեկը չի կարող դրական արտահայտվել գահակալի մասին, եւ դրանում Գեղամյանին չի կարելի մեղադրել. յուրաքանչյուր ընդդիմություն (պարզ էՙ ամենաազնիվ ուժը) դժգոհ է, որ ինքը չէ իշխանության գլուխ։ Բնավ էլ նկատի չունենալով հարգարժան քաղաքական գործչին, արժե նշել այն պարադոքսալ պարագան, որ ամեն ինչ բացահայտ է դառնում, երբ ընդդիմադիր ուժերն իրենք են տեր դառնում իշխանությանը։

Հայտնի է, որ բյուրեղյա մաքրության տեր մարդիկ անելիք չունեն քաղաքականության մեջ, բայց նման տպավորություն նրանք կարող են թողնել, քանի դեռ հավակնորդի դերում են։ Հիշենք, թե համայն հայ ժողովուրդն ինչքա՜ն էր հմայված «ծակ գրպանով» ազնվագույն ՀՀՇ-ականներով, իսկ հիմա նրանց անունն անգամ լսել չի ուզում։ Հիշենքՙ ինչքան անբասիր էր Քոչարյանի վարկն առաջին ընտրությունների ժամանակ...

Եթե լսենք Գեղամյանին, ապա Հայաստանն աշխարհի ամենամռայլ ու ամենաանհեռանկար երկրներից մեկն է։ Ոչինչ դրական չի նկատվում, ամեն ինչ սեւ է, մութ, ապականված։ Հետաքրքրական է, որ դրանում Գեղամյանին առաջին հերթին փորձում է համոզել... «ՆԳ»-ի թղթակիցը։ Վերջինիս բոլոր հարցերը հստակ կողմնորոշիչներ են Հայաստանի ղեկավարության հեղինակազրկման որոնումներում. «Դուք մեկ անգամ չեք հայտարարել, որ պառլամենտական ու նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը «բռնագրավվել» է։ «Հավաստվում է, որ հանրապետությունում ձեռնարկատիրությամբ կարելի է զբաղվել միայն իշխանության բարձրագույն խավում ունեցած կապերի ու անձնական հարաբերությունների առկայության դեպքում»։ «Հայաստանում ասում են, որ քաղաքական իշխանության եւ տնտեսական կարողության իրական լծակները ոչ այնքան նախագահ Քոչարյանի, ինչքան Սերժ Սարգսյանի ձեռքում են» եւ այլն, եւ բոլորըՙ այս ոգով։ Արտաշես Գեղամյանի թանձր պատասխանների լեյտմոտիվն արտահայտված է վերնագրումՙ «Ռոբերտ Քոչարյանը ոչ լեգիտիմ է, նա պետք է հեռանա»։

Հազիվ թե «ընտրառատ» ժամանակահատվածից հոգնած ու դադրած հայ ժողովուրդն անհրաժեշտություն զգա նորեն ծանոթանալու սեփական ընդդիմության քանիցս կրկնված տեսակետներին։ Նման խնդիր չի դրված։ Նաեւ Գեղամյանին չի կարելի դատապարտել, ինչպես ռուսներն են ասում, վեճը տնից հանելու համար։ Հարեւան հանրապետությունների ու հատկապես նրանցից մեկի վերաբերյալ շատ ավելի վատթար հրապարակումներ են լինում։ Մի ուրիշ հարց է առաջանումՙ իսկ ի՞նչ է տալիս հայ ընդդիմությանն այս կարգի նյութը։ Արդյոք պարտադի՞ր է ապրել Ռուսաստանումՙ զգալու համար, որ այս երկիրն այնքան է խրված ու խճճված իր ներքին հակասությունների մեջ, որ երբեք մտահոգություն չի հայտնի Հայաստանում ստեղծված «ոչ լեգիտիմ» իրավիճակի առթիվ։ Հատկապես ներկա շրջանում, երբ Պուտինը պատասխանում է հրեա օլիգարխների նետած մարտահրավերին։ Չմոռանանք, որ օլիգարխ կոչված երեւույթը Ռուսաստանում վերածված է տնտեսական, քաղաքական, իշխանական, էթնիկական խնդրի, որի դեմ պայքարը նախագահից պահանջում է աներեւակայելի ջանքեր։ Եվ այս երկրի ղեկավար շրջանակների համար ընդհանրապես Հայաստանի ներկա իրադրությունը խնդրո առարկա չի կարող դառնալ։ Ու եթե դա այդպես է, ապա ո՞ւմ կարող են հետաքրքրել Գեղամյանի, ինչպես ասացինք, մռայլ մտքերը։ Հակակովկասյան հիստերիայի պայմաններում տեղի մարդկանց մեջ ամրանում է արհամարհական վերաբերմունքըՙ վայելեք ձեր անկախության «նվաճումները»։ Չարախնդում են այստեղ հանգրվանած մեր բազմաքանակ բացահայտ թշնամիները։ Եվ, ամենացավալին, նման հրապարակումները հոգեկան ծանր ապրումների մեջ են գցում տեղի հայերինՙ բնիկ թե հայաստանցի։ Եթե հավատանք համառուսաստանյան լսարանին դիմած Գեղամյանին, ապա Քոչարյանի պատճառով Հայաստանն անհրապույր է դարձել բուն հայի համար, էլ ուր մնացՙ արտասահմանցու։ Եվ ողբերգությունը կատարյալ կդառնա, զգուշացնում է նա, եթե ներկայիս նախագահն իշխանությունը զիջի կամ փոխանցի մերձավոր դաշնակցինՙ Սերժ Սարգսյանին։

Ոչ ոք չի ասում, թե հայ ընդդիմությունն իրավացի չէ իր շատ գնահատականներում։ Բայց այդ դեպքում մի ուրիշ օրինական հարց է ծագումՙ իսկ ինչո՞վ է զբաղված այդ իշխանամերժ խավը, նա մեղքի բաժին չունի՞ ստեղծված իրավիճակում։ Չէ՞ որ նույն ձեւով կարելի է ընդդիմությանն էլ մեղադրել անկարողության, ծախվածության, վառ լիդերների բացակայության մեջ եւ այլն։ «Նեզավիսիմայա գազետան» ընդգծված հակապուտինական թերթ է, եւ հազիվ թե իմաստուն քայլ է Քոչարյանին տապալելու գործում դիմել Բորիս Բերեզովսկու օգնությանը։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4