ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Դեռեւս «Հայաստան¬սփյուռք» առաջին խորհրդաժողովում խոսվել էր լրատվամիջոցների համահայկական համաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին, նկատի ունենալով արդի աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում հայանպաստ քարոզչության, հայապահպանության, հայրենիքի հետ անմիջական կապի եւ այլ գործոնների անհրաժեշտությունը։ Երկարատեւ ձգձգումներից հետո այս տարվա մարտին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի տեղեկատվության միջոցների առաջին ֆորումում որոշվեց համաժողովն անցկացնել այս տարվա նոյեմբերի 14¬16¬ըՙ Ծաղկաձորում, հայկական միությունների ֆորումի, «Արմենակոբ» հեռուստաընկերության, նաեւ «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության հովանավորությամբ։ Մասնակցեցին ավելի քան 150 հայաստանյան եւ սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ։
Համաժողովը սկսվեց ընդունված կարգով. ՀՀ նախագահի մամլո խոսնակ Աշոտ Քոչարյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ¬ի օրհնությունը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտգործնախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանը եւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի գլխավոր քարտուղար Թորոս Սակերյանը։ Պրն Մովսիսյանի ելույթում ընդգծվեց սփյուռքի լրատվամիջոցների դերը արտերկրում մեր երկրի քաղաքականությունը, խնդիրները, մշակութային եւ հոգեւոր արժեքները ներկայացնելու գործում, իսկ պրն Սակերյանի ելույթում ի հավելումն շեշտվեց հայաստանյան տեղեկատվական միջոցների, մասնավորապես հանրային հեռուստատեսության ծրագրերում հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության քարոզչությանը մեծ տեղ հատկացնելուն։ Նրա կարծիքով, այսօր անհրաժեշտություն է դարձել նաեւ համահայկական եռալեզու թերթի հրատարակումը, որը խորապես կնպաստի Հայաստան¬սփյուռք կապերի ամրապնդմանը։ Այնուհետեւ լսվեցին ՀՀ հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի («Համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, վիճակը եւ զարգացման ուղղությունները»), սիրիահայ գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանի («Խոսք սփյուռքահայ լրագրողների մասին») եւ այլոց զեկուցումներն ու ելույթները, որոնք ուղեկցվեցին հարցերով, բանավեճերով ու լրացումներով։ Դրանցում շոշափվեցին ամենատարբեր հարցերըՙ գլոբալիզացիան իբրեւ վտանգավոր երեւույթ համարելուց մինչեւ հարեւան Վրաստան հայկական թերթեր առաքելու խնդիրը։ Առանձին¬առանձին ելույթները մանրամասնելու փոխարեն լսենք համաժողովի մասնակիցներից մի քանիսի կարծիքները եզրափակիչ նիստից առաջ.
Վարդան Գաբրիելյան, Փարիզի «Այբ էֆ Էմ» ռադիոյից ¬ Ողջունելի է, որ համաժողովը բոլոր լրատվամիջոցների միջեւ կապեր է հաստատում, եւ անձնական հարաբերություններ են մշակվում։ Նաեւ առիթ էր խոսելու, վիճելու այնպիսի հարցերի մասին, որոնք մինչ օրս խորհելու առիթ չէին տվել։ Կարծում եմ, որ հետագա հանդիպումներում դրանց ավելի խորաթափանց հայացք կնետենք։ Սա առաջին փորձն էր, հետեւաբար կոնկրետ արդյունքներ դժվար է ակնկալել։ Իսկ կազմակերպական առումով կարելի էր ավելին անելՙ աշխատանքային հանձնաժողովներ ստեղծել, մասնագիտացված ու լայն քննարկումներ անցկացնել։
Արա Քոչունյան, Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ¬ Ինձ թվում է, նոր քայլ արեցինք հայկական լրատվամիջոցների համագործակցության ընթացքը մի քիչ էլ հասունացնելու համար։ Արդյունքները դրական են, կարելի է ասել, որ հետզհետե մոտենում ենք այն փուլին, որ հայկական լրատվամիջոցները համատեղ օրակարգ են ձեւավորում։ Սա նշանակում է, որ հետագայում կունենանք ավելի գործնական արդյունքներ, թե ժամանակակից լրահոս ունենալու, թե դյուրին համագործակցություն հաստատելու իմաստով։ Այս զգացումներով եմ հեռանում, համաժողովի գլխավոր պակասը համարելով Հայաստանի առաջատար թերթերի խմբագիրների բացակայությունը։ Մեր թերթը նրանց կարեւոր մասի հետ անձնական ծանոթություն ունի եւ նրանց տեսակետներն ու հայացքները մեր մամուլի ապագայի համար անչափ կարեւոր է համարում։
Վարդան Թաշճյան, «Լուսամուտ» հեռուստաժամ, Լիբանան ¬ Համաժողովը գեղեցիկ էր ամեն մի մեծ գործի առաջին քայլի գեղեցկությամբ եւ լի էր ամեն մի նոր գործին հատուկ թերություններով, երկրորդը բնավ չի նսեմացնում առաջինին։ Ինձ թվում է, որ այն նպատակների առաստաղը, որ թղթի վրա էր, շատ ավելի բարձր էր քան ինչ ի վիճակի էինք իրականացնել 3 օրվա ընթացքում։ Բավարարվածության զգացումով եմ հեռանում։ Ունեցանք բազմաթիվ գործնական ծրագրեր, որոնք Լիբանանի հայության համար օգտակար կլինեն, հուսամ նաեւ մյուսների համար։
Վան Բայբուրթյան, «Վրաստան» թերթի խմբագիր ¬ Հոյակապ գաղափար էրՙ կյանք տալ վաղուց արդեն առաջացած մտքին։ Վերջապես լրատվական դաշտը կարգի բերելու առաջին փորձ արվեց։ Ամենից շատ կամենում եմ, որ գոնե 5 տարի ողջ հայությունը համախմբվի հայկական պետականության շուրջը, մի կողմ թողնի անձնական շահերն ու խնդիրները, այլապես մեր ազգը կհայտնվի ողբերգական վիճակում։ Ամեն վայրկյան պիտի մտածենք, որ տարածաշրջանային զարգացումները մեզ պարտադրում են ամրապնդել մեր պետականությունըՙ առանց լոզունգային կոչերի։ Հենց սրան պիտի միտված լինի լրատվամիջոցների գործունեությունը, ամեն ինչ պիտի անենք այս նպատակի համար։
Կարծիքներն, իհարկե, շատ էին, բավարարվենք այսքանով եւ անցնենք համաժողովի հրապարակած որոշմանն ու հռչակագրին։ Եվ այսպես, որոշվեց ստեղծել աշխատանքային սպասարկող խումբ, հայկական լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեների շտեմարանը ձեւավորելու եւ մշտապես թարմացնելու, լրատվամիջոցների մասին հավաքական տեղեկատվություն կազմելու, համահայկական մամլո ակումբ ստեղծելու, փոխհամագործակցությամբ տեղեկատվություն փոխանակելու եւ հայկական համակարգչային միասնական ստանդարտ ընդունելու համար։ Ի դեպ, վերջին առաջարկի հեղինակը «Ազգ» օրաթերթի ինտերնետային էջի պատասխանատու Վալերի Մակարյանն է, նրա նամակը ընթերցվեց համաժողովումՙ արժանանալով ընդհանուր համաձայնության։
Իսկ հռչակագրում ընդգծվում է, որ համաժողովը նոր գործերի սկիզբ կդնի եւ լայն հեռանկարներ կբացի Հայաստան¬սփյուռք կապերի ամրապնդման համար, նշելով լրատվամիջոցների կարեւորագույն դերը ազգային խնդիրների շուրջ ժողովրդին համախմբելու ու միավորելու համար։ Համաժողովը կդառնա ավանդական եւ կգումարվի ամեն տարի։ Եվ վերջում համաժողովը կոչ է անում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրատվամիջոցներին սերտորեն համագործակցելուՙ ի շահ մեր երկրի ու ժողովրդի անվտանգ զարգացման։
Այսպիսով, ավարտվեց եւս մեկ համահայկական համաժողով, որի մասին, կարծում ենք, դեռ երկար է խոսվելու, քանի որ լրագրողական համերաշխությունը մեզանում դեռեւս թերի է ու անկատար։ Ցավում ենք, որ «Նոյյան տապան» գործակալությանն այս անգամ չհաջողվեց նախապես հայտարարած օն¬լայն ֆորումը իրականացնել, անգամ հիմնական զեկուցումները երեկ ամբողջությամբ զետեղված չէին։ Պարզեցինք, որ պատճառը դրանք գրավոր չներկայացնելն էր։ Կազմակերպված լինելուց էլի հեռու ենք մնում։