Հայաստանը լավ էր ներկայացված Սեւիլում (Իսպանիա) անցկացվող այս տարվա Համաշխարհային երաժշտության ցուցահանդեսին (World Music Exposition), հաղորդում է այդ առթիվ էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։ Նորաստեղծ «Հայկական երաժշտական կոլեկտիվն» (ՀԵԿ) իր արվեստագետներին ներկայացրեց եվրոպացի, ասիացի եւ լատինաամերիկացի հասարակության ներկայացուցիչներին։ ՀԵԿ-ը կազմված է Ամերիկայում գործող երկուՙ «Պոմեգրենեյթ մյուզիք» եւ «Բանդազ փրոդաքշընզ» բարձրակարգ ընկերություններից, որոնց նպատակն է խտացյալ սկավառակների եւ կենդանի ելույթների միջոցով աշխարհին ներկայացնել հայկական երաժշտությունըՙ Գոռ Մխիթարյանի, Հայաստանի «Հովեր» կամերային երգչախմբի, «Բամբիրի» եւ «Կասկադ» ժողովրդական եռյակի միջոցով։
«Համաշխարհային երաժշտական ցուցահանդեսը կարեւոր միջոցառում է, եւ մենք կարողացանք բարձր մակարդակի ելույթներ ունենալ։ Մեր նպատակն էր մեր երգիչներին համաշխարհային շուկա դուրս հանել, եւ վերջիններիս ներկայացուցիչների առջեւ բացել Հայաստանի երաժշտական գանձարանը։ Կարծում եմ, մեզ հաջողվեց առաջին քայլը կատարել այդ ուղղությամբ», նշել է Բանդազնՙ իր անունը կրող ընկերության անունից խոսք առնելով։
«Հայաստանը հարուստ երաժշտական ժառանգություն եւ ներկա ունի, բայց աշխարհն անտեղյակ է դրանց։ «Հայկական երաժշտական կոլեկտիվը» փորձում է այդ կապը ստեղծել Հայաստանի եւ աշխարհի միջեւ», ավելացրեց «Փոմեգրենեյթ մյուզիք» խմբի հիմնադիր Րաֆֆի Մենեշյանը։
Ավելացնենք, որ Համաշխարհային երաժշտական ցուցահանդեսը պրեմիերաների կազմակերպման կարեւորագույն համակարգերից է աշխարհում եւ նպատակաուղղված է հատկապես բացահայտելու տարբեր ազգերի բոլոր տեսակի ավանդական, էթնիկական եւ ժողովրդական երաժշտությունը։ Անցյալ տարվա միջոցառմանն Հեսենում (Գերմանիա) մասնակցել են 1.800 կատարողներ։ «WOMEX 2002» մրցանակը շնորհվել է Ջիվան Գասպարյանինՙ համաշխարհային երաժշտությանը բերած նպաստի համար։
Հ. Ծ.