«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2003-11-14 | #210, 2003-11-15 | #211, 2003-11-18


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԾՐԱԳԻՐ ԱԺ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Երեկ Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեն ստորագրեցին փաստաթուղթ, որով կմեկնարկի «Հայաստանում մարդու իրավունքների խթանման եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման» ծրագիրը։ Ծրագրի նպատակներն են խթանել մարդու իրավունքները Հայաստանում, քարոզարշավի միջոցով բարձրացնել օմբուդսմենի ինստիտուտի հանրային իրազեկության մակարդակը, օժանդակել անկախ օմբուդսմենի ինստիտուտի հաստատմանը։

Նախատեսվում է նաեւ լայն քարոզարշավ իրականացնել հանրային իրազեկության ուղղությամբՙ համագործակցելով ԱԺ-ի, ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի, արտաքին գործերի, արդարադատության եւ սոցապահովության նախարարությունների հետ։

Հանդիպման ժամանակ Լիս Գրանդեն նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքներն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Լիս Գրանդեն ուրախություն է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հզորացմանն ուղղված ծրագիր է սկսվում, եւ որ այդ ծրագիրը մշակվել է եւ կիրականացվի Ազգային ժողովի եւ Արթուր Բաղդասարյանի անմիջական մասնակցությամբ։

Ավելացնենք, որ նշված ծրագիրը 2004 թ. հունվարից կիրականացվի Նիդեռլանդների կառավարության օժանդակությամբ (216 հազար 850 ԱՄՆ դոլար), կտեւի մեկ տարիՙ մրցութային կարգով ձեւավորված հատուկ ԾԻԳ-ի կողմից։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4