Հյուստոնում իրենց մրցավեճն ավարտեցին թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը վիճարկող ութ ուժեղագույն թենիսիստները։ «Կապույտ» խմբից կիսաեզրափակիչ էին դուրս եկել շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերը եւ ամերիկացի Անդրե Աղասին։ «Կարմիր» խմբից պայքարը շարունակելու իրավունք էին ստացել գերմանացի Ռայներ Շուտլերը եւ ամերիկացի Էնդի Ռոդիկը։ Կիսաեզրափակիչում հաջողությունն ուղեկցեց Ֆեդեռերին ու Աղասուն։ Շվեյցարացի թենիսիստը հաղթեց աշխարհի թիվ 1 ռակետ Էնդի Ռոդիկին (7-6, 6-2), իսկ Աղասին պարտության մատնեց Ռայներ Շուտլերին (5-7, 6-0, 6-4)։ Եվ այսպես, ուժեղագույնի կոչման համար վճռորոշ հանդիպումում մրցավեճի բռնվեցին Անդրե Աղասին եւ Ռոժե Ֆեդեռերը։ Առաջին խաղափուլը 6-3 հաշվով շահեց Ֆեդեռերը։ Երկրորդ խաղափուլն էլ հաջող սկսեց շվեյցարացի թենիսիստը, որն առջեւից էր ընթանում 2-0 հաշվով։ Սակայն տեղացած անձրեւի հետեւանքով մրցախաղն ընդհատվեց։ 2,5-ժամյա ընդմիջումն էլ չօգնեց Աղասուն հավաքվելու ու լուրջ պայքարի տրամադրվելու։ Նա 2-րդ խաղափուլը տանուլ տվեց ամոթալի 0-6 հաշվով։ Վճռորոշՙ 3-րդ խաղափուլն էլ շահելով (6-4), Ֆեդեռերը դարձավ մրցաշարի հաղթողՙ որպես պարգեւ ստանալով 1,52 մլն դոլար։ Այսպիսով, թենիսիստները եւս ավարտեցին մրցաշրջանը։ Հաջորդ մրցաշրջանը կսկսվի հունվարին։ Առաջին խոշոր մրցաշարը կլինի Ավստրալիայի բաց առաջնությունը, որը կմեկնարկի հունվարի կեսերին։