2002 թ. դեկտեմբերի 28-ին Երեւանի Զաքիյան փողոցում գտնվող հայրական տանից դուրս գալիս սպանվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Տիգրան Նաղդալյանը։ Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ատյանների առաջին դատարանում կհրապարակվի այդ սպանության գործով դատավճիռը (դատավորՙ Սարո Արամյան)։
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվել էին Արմեն Սարգսյանը (որպես պատվիրատու), Ջոն Հարությունյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեղամ Շահբազյանը, Գրիգոր Պետրոսյանը, Ֆելիքս Առուստամյանը, Սամվել Աբրահամյանը, Սամվել Հարությունյանը, Լյովա Հարությունյանը, Խաչիկ Ահագինյանը, Նշան Մուրադյանը, Ռաֆիկ Մելքոնյանը եւ Արմեն Մանասյանը։ Մեղադրող կողմն իր ճառում միջնորդել էր Արմեն Սարգսյանի եւ սպանության անմիջական կատարող Ջոն Հարությունյանի համար պատժաչափ սահմանել 15 տարի, Ֆելիքս Առուստամյանինՙ 12, Գեղամ Շահբազյանինՙ 11, Գրիգոր Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանինՙ 7։
Նշված պատժաչափերը տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը համարել էր ոչ բավարար, մեղմ։ Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալներին, ապա որպես կազմակերպիչ մեղադրվող Արմեն Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր այդպես էլ չճանաչեց։ Մյուս ամբաստանյալներից ոմանք զղջման խոսքեր ասացինՙ իրենց մեղավոր համարելով։
Ա. Հ.