ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Երեկ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առաջնորդ Ասլան Աբաշիձեի մի քանի հազար կողմնակիցներ Թբիլիսիում անցկացրին զանգվածային բողոքի գործողություններ եւ տպավորիչ հանրահավաքՙ ի պաշտպանություն Վրաստանի կայունության եւ ընդդեմ ընդդիմադիր գործիչներիՙ Մ. Սահակաշվիլու, Զ. Ժվանիայի եւ Ն. Բուրջանաձեի։
Աբաշիձեի կողմնակիցները հիմնականում եկել էին Աջարիայից, նրանց հետՙ մոտ հազար ոստիկաններ։ Հանրահավաքի հռետորներըՙ դատապարտելով Էդ. Շեւարդնաձեի քաղաքականությունը, միաժամանակ կոչ էին անում չաջակցել «նեոֆաշիստներ Սահակաշվիլուն, Ժվանիային եւ Բուրջանաձեին»։
Երեւան, Բաքու եւ Մոսկվա կատարած այցելություններից երկուշաբթի օրը Բաթում վերադարձած Աբաշիձեն «Աջարա» հեռուստատեսությամբ հայտարարեց, որ փորձել է Վրաստանի հարեւաններին համոզել, որ նրանք կարող են միանալ երկխոսությանը եւ թույլ չտալ հեղաշրջում Վրաստանում։
«Վրաստանում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել եմ Քոչարյանի եւ Ալիեւի հետ։ Նրանք շատ են մտահոգված եւ համաձայն են, որ չպետք է թույլ տալ հեղաշրջում», ասաց Աբաշիձեն։
Այսօր սպասվում են ընդդիմության բազմահազարանոց ցույցը եւ քայլարշավը դեպի Շեւարդնաձեի նստավայր։
Երեկ Թբիլիսի ժամանեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Լին Պասկոնՙ քաջալերելու Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությունը։ Երեկ ամերիկացի դիվանագետը հանդիպումներ ունեցավ ընդդիմության առաջնորդների, պետնախարար Ավթ. Ջորբենաձեի եւ նախագահ Էդ. Շեւարդնաձեի հետ։
Վաղը Վրաստանի ԿԸՀ-ն պետք է ներկայացնի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։