Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է վերջնագծին։ Նախավերջին տուրում, փաստորեն, լուծվեց նաեւ բրոնզե մեդալների հարցը։ Այդ պարգեւներին հավակնում էին Գյումրու «Շիրակն» ու Աշտարակի «Միկան»։ Վերջինս սեփական հարկի տակ հյուրընկալել էր երկրի չեմպիոնին։ Մրցանակային երրորդ տեղի համար պայքարում հաջողության հասնելու համար «Միկային» «Փյունիկի» նկատմամբ միմիայն հաղթանակ էր անհրաժեշտ։ Մարզական առումով թերեւս հանդիպումը փյունիկցիների համար այլեւս ոչ մի նշանակություն չուներ, սակայն թիմը ձգտում է առաջնությունն ավարտել առանց պարտության։ Այնպես որ, հանդիպումը «Փյունիկի» համար սկզբունքային նշանակություն ուներ։
Հուրախություն ֆուտբոլասերների, խաղն անցավ բավական դիտարժան ու սուր մրցապայքարում։ Չնայած հաղթանակն անհրաժեշտ էր «Միկային», սակայն առաջին խաղակեսում ավելի ակտիվ էր «Փյունիկը» որը գրոհում էր մեծ ուժերով։ Իսկ ահա «Միկան» հիմնականում շեշտը դրել էր հակագրոհների վրաՙ առջեւի գծում թողնելով միայն Արտյոմ Ադամյանին ու Ալեքսեյ Դավիդովին։ Հարկ է նշել, որ այդ խաղում դաշտի տերերի կազմում բացակայում էր Արտաշես Ադամյանը։ Փյունիկցիների կազմում խաղին չէին մասնակցում դարպասապահ Ապուլա Բետեն, Արթուր Մկրտչյանը, Գալուստ Պետրոսյանը եւ Էդգար Մանուչարյանը։ Ի դեպ, ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Բետեն ու Մանուչարյանն օրերս հաջող փորձամրցում են անցել Մարսելի «Օլիմպիկում» եւ վերադարձել են հայրենիք։ «Փյունիկի» ղեկավարության հավաստմամբ, պատանի ֆուտբոլիստների խաղն արժանացել է ֆրանսիական ակումբի մարզիչների ուշադրությանը եւ հնարավոր է մոտ ժամանակներս նրանք պայմանագիր կնքեն։ Առաջիկայում Ֆրանսիա կմեկնեն նաեւ Նդումբուկն ու Ժորա Հովհաննիսյանը։
Գոլային առաջին լուրջ պահը ստեղծվեց 13-րդ րոպեին «Միկայի» դարպասին։ Պարցիկյանի հարվածից հետո դարպասապահը գնդակը հետ մղեց եւ վրա հասած Մամադու Դիավարան քիչ էր մնացել գնդակն ուղարկեր դարպասը։ Քիչ անց հետեւեց «Միկայի» հակահարվածը, եւ արդեն Արտյոմ Ադամյանը ձեռքից բաց թողեց հաշիվը բացելու հիանալի հնարավորությունը։ Մինչեւ ընդմիջում նպաստավոր պահերը չիրացրին Մամադու Դիավարան եւ Ադամյանը։
Երկրորդ խաղակեսի սկիզբը հաջող դասավորվեց «Միկայի» ֆուտբոլիստների համար։ 48-րդ րոպեին թիմի հերթական գրոհը դիպուկ հարվածով ավարտեց Դավիթ Գրիգորյանըՙ սուր անկյան տակ գրավելով «Փյունիկի» դարպասը։ Բաց թողած գոլը ստիպեց չեմպիոնին դիմելու վճռական գործողությունների։ «Միկան» էլ իր հերթին փորձելով պահպանել հաղթական հաշիվը, մեծ ուժերով նահանջեց սեփական կիսադաշտ, իհարկե, չմոռանալով նաեւ առիթի դեպքում վտանգավոր հակագրոհներ կազմակերպել։ Երկու անգամ դաշտի տերերի սուր հակագրոհներից հետո գնդակը կարող էր հայտնվել «Փյունիկի» դարպասում, սակայն հաջող խաղաց դարպասապահ Սարգսյանը։ Մի դրվագում նա ընդառաջ դուրս եկավ Դավիդովին, հեռացրեց գնդակը, մյուսումՙ գերազանցեց Մուրադյանին։ Փյունիկցիներն ամեն ջանք ներդրեցին պարտությունից խուսափելու համար եւ դա, ի վերջո, նրանց հաջողվեց։ Անհատական վարպետությամբ աչքի ընկավ Աղվան Մկրտչյանը, որը խաբս տալով երկու պաշտպանի, հարվածի դուրս բերեց Փաչաջյանին, որն էլ գրավեց դարպասը։
Այսպիսով, «Միկային» չհաջողվեց վճռորոշ խաղը շահել։ Թանկարժեք երկու միավորի կորուստը, փաստորեն, բրոնզի արժեք ունեցավ, քանի որ «Միկայի» գլխավոր հակառակորդ «Շիրակը» սեփական հարկի տակ Ալեքսանյանի, Դավթյանի եւ Հարությունյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց «Կոտայքին»։ «Բանանցը» «Լեռնագործի» դարպասը 7 անպատասխան գնդակ խփեց, որոնցից 3-ի հեղինակն Արա Հակոբյանն էր։ «Դինամո»-«Արաքս» մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի (2-2)։ Հյուրերից երկու անգամ աչքի ընկավ Կարեն Ասատրյանը, դաշտի տերերից Ալբերտ Ներսիսյանը։
Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 22-ին։ «Շիրակը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Լեռնագործին», «Միկան»ՙ «Դինամոյին»։ Այդ հանդիպումների ելքից վերջնականապես կախված է երրորդ տեղի հարցը, թեեւ դժվար թե «Շիրակը» չկարողանա հաղթել մրցակցին։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 27 | 22 | 5 | 0 | 83-11 | 71 |
2. Բանանց | 27 | 20 | 3 | 4 | 84-14 | 63 |
3. Շիրակ | 27 | 16 | 2 | 9 | 57-33 | 50 |
4. Միկա | 27 | 14 | 6 | 7 | 47-29 | 48 |
5. Կոտայք | 27 | 8 | 7 | 12 | 29-52 | 31 |
6. Դինամո | 27 | 5 | 4 | 18 | 18-67 | 19 |
7. Լեռնագ. | 27 | 3 | 6 | 18 | 19-66 | 15 |
8. Արաքս | 27 | 2 | 3 | 22 | 16-81 | 9 |
Ռմբարկուները
Արա Հակոբյան | «Բանանց» | 45 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 19 |
Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 15 |
Գալուստ Պետրոսյան | «Փյունիկ» | 12 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 12 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 11 |