Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակիցների թվում է նաեւ 42-ամյա հայ դյուցազն Յուրի Սարգսյանը։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, բազում ռեկորդների հեղինակ Յուրի Սարգսյանն աշխարհի ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցն է։ Հայ ծանրորդը դեռեւս խորհրդային տարիներին իր անզուգական ելույթներով ուրախության բազում պահեր է պարգեւել հայ մարզասերներինՙ մեդալների հարուստ ավարով վերադառնալով ամենաբարձր կարգի միջազգային մրցասպարեզներից։ Մարզական իր հարուստ կենսագրության ընթացքում Յուրի Սարգսյանն ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում նվաճել է 33 մեդալ։ Չնայած պատկառելի տարիքին, անվանի մարզիկը բնավ էլ մտադիր չէ հրաժեշտ տալ սիրած մարզաձեւին։ Արդեն բավական ժամանակ է, ինչ նա բնակվում եւ մարզվում է Ավստրալիայում եւ միջազգային մրցաշարերում էլ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո։ Ընթացիկ առաջնությունում Յուրի Սարգսյանը մրցավեճի մտավ մինչեւ 62 կգ քաշային ծանրորդների հետ։ Բնական է, որ տարեց մարզիկը չէր կարող լրջորեն մրցակցել առաջատարների հետ, սակայն նրա ցույց տված արդյունքը արժանի է ուշադրության։ Հայ ծանրորդը երկամարտի 260 կգ (115+145) արդյունքով տեղ գրավեց առաջնության 20 լավագույնների ցանկում։ Իրոք, որ Յուրի Սարգսյանը զարմացնում է իր մարզական երկարակեցությամբ։
Իսկ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից մրցահարթակ դուրս եկավ Արթուր Դանիելյանը։ 20-ամյա ծանրորդը երկամարտի 305 կգ (130+175) արդյունքով 38 մասնակիցների մեջ գրավեց 19-րդ տեղը։ Արդյունքն, իհարկե, գոհացուցիչ չէ, սակայն հարկ է հաշվի առնել ծանրորդի երիտասարդ տարիքը։
Կանանց մրցավեճում մինչեւ 58 կգ քաշային ծանրորդների պայքարում լավագույնը չին մարզուհի Սուն Կայանն էՙ 225 կգ (100+125)։ Արծաթե մեդալը նվաճեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Պատմավատինՙ 217,5 կգ (97,5+120)։ Բրոնզե մեդալը բաժին հասավ թուրք Դասդելենինՙ 210 կգ (92,5+117,5)։ Այս քաշային կարգում ամենակրտսեր մասնակից, 17-ամյա ռուսաստանցի Մարինա Շաինովան 205 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը։