«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2003-11-15 | #211, 2003-11-18 | #212, 2003-11-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՄԻԱՑՆԻ ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԱՍԻԱՆ

Հոկտեմբերի 27-29-ը Տաշքենդում կայացավ TAE համակարգի (Տրանս Ասիա Եվրոպա մանրաթելային կաբելային համակարգ) կառավարման կոմիտեի 16-րդ հանդիպումը։ TAE նախագծի 14 անդամ-պետություններ, այդ թվում նաեւ Հայաստանը ներկայացնող «Արմենտել» ընկերությունը, ներկա էին այդ հանդիպմանը։

TAE օպտիկամանրաթելային մայրուղին միացնում է Շանհայը (Չինաստան) եւ Ֆրանկֆուրտը (Գերմանիա), անցնելով 20 պետությունների տարածքով։

Հայաստանն արդեն 2000 թվականից TAOS Հյուսիս ծրագրով միացել է Վրաստանի միջոցով Եվրոպային եւ ԱՊՀ երկրներին։ 2003 թ. վերջին Մեղրի-Մարանդ օպտիկամանրաթելային գծի կառուցումից հետո Հայաստանը կմիանա Ասիային TAOS Հարավ ծրագրի միջոցով։ Այս ճանապարհով Հայաստանը կդառնա երրորդ երկիրը Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո, որը Եվրոպան եւ Ասիան կմիացնի TAE-ի միջոցով։

Հանդիպման ժամանակ «Արմենտելի» գործադիր տնօրենի պաշտոնակատար պրն Ջ. Վասիլակիսը ստորագրեց TAE պայմանագիրը, համաձայն որի «Արմենտելը» միացավ պայմանագրի կողմեր հանդիսացող Ասիայի եւ Եվրոպայի 9 պետություններին։

TAE հանդիպումից հետո հոկտեմբերի 30-31-ին Տաշքենդում կայացավ կապի տարածաշրջանային համագործակցության (PCC) անդամ պետությունների հեռահաղորդակցության օպերատորների խորհրդի 13-րդ խորհրդակցությունը եւ էլեկտրակապի հանձնաժողովի 9-րդ նիստը։

Վերոհիշյալ, արդեն ավանդական դարձած ֆորումներն ունեն բավականին ընդգրկուն աշխարհագրություն։ «Արմենտելի» պատվիրակության հետ Տաշքենդի ֆորումին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի հեռահաղորդակցության օպերատորները։ Երկօրյա նիստում քննարկվեցին եւ որոշումներ ընդունվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգային 15 հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես բուռն քննարկումներ տեղի ունեցան ապօրինի հեռախոսակապի, ինչպես նաեւ IP հեռախոսային ծառայությունների կարգավորման հարցի շուրջ։ PCC-ի բոլոր անդամները մտահոգված էին այս հարցերով եւ որոշում կայացվեց հանձնարարել PCC-ի էլեկտրակապի հանձնաժողովին, մանրակրկիտ ուսումնասիրել հարցի վերաբերյալ բոլոր օպերատորների առաջարկությունները, մշակել դրանք եւ ներկայացնել 2004 թ. ապրիլին Կիեւում կայանալիք հանձնաժողովի հերթականՙ 10-րդ նիստում վերջնական որոշում կայացնելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4