Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ որոշում ընդունվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի կապակցությամբ։
Ըստ այդմ, որպես սպանության կազմակերպիչ մեղադրված Արմեն Սարգսյանին դատարանը դատապարտեց 15 տարի ազատազրկման։ 15 տարի ազատազրկման դատապարտվեց նաեւ սպանության անմիջական կատարող Ջոն Հարությունյանը։ Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանին դատարանը դատապարտեց 12 տարի ազատազրկման, իսկ Գեղամ Շահբազյանինՙ 11 տարի։ 7 տարի ազատազրկման դատապարտվեցին Գրիգոր Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը։ Սամվել Աբրահամյանին եւ Սամվել Հարությունյանին դատարանը դատապարտեց վերջնական ազատազրկման մեկ տարի ժամանակով, բայց հաշվի առնելով, որ կալանքի տակ գտնվելու ժամանակվանից նշված երկուսն արդեն կրել են իրենց պատիժը, դատարանը վճռեց երկուսին էլ ազատել նիստերի դահլիճից։
Նիստերի դահլիճից ազատվեցին նաեւ մեկ տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալներ Լյովա Հարությունյանը եւ Խաչիկ Ահագինյանը։ Լյովա Հարությունյանը եւ Սամվել Հարությունյանն իրենց մեկ տարվա պատիժն արդեն կրել են, եւ նրանք դահլիճից ազատ արձակվեցին։
Ամբաստանյալ Նշան Մուրադյանի, Արմեն Մանասյանի եւ Ռաֆիկ Մելքոնյանի կապակցությամբ դատարանը վճռեց պատժաժամկետը սահմանել մեկ տարի, բայց պայմանականորեն չկիրառել, նշանակելով փորձաշրջան երկու տարի ժամանակով։
Սարո Արամյանի վճռով տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանին վերապահվեց քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք։
Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում հրապարակման պահից 15 օրվա ընթացքում։
Ա. Հ.