Ասում է Չարլզ Վալդը
«Կուզենայի, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի մի համատեղ զորախումբ ստեղծվեր, որ կարողանայինք հաղթահարել ակնկալվող վտանգները, որովհետեւ ահաբեկիչները չեն հարգում այդ երկրները», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Վալդը։ Նա, վտանգը ռեալ համարելով, ելույթի հիմնական շեշտը դրեց ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային համագործակցության վրա։ «Վտանգը տեսնում եմ դրսից եւ, կարծում եմ, որ այս տարածաշրջանի երկրների հետ պետք է պայքարենք դրա դեմ», ասաց նա։
ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը, զգալով վտանգը, որոշել է համագործակցել այն բոլոր երկրների հետ, որտեղ նախկինում երբեք գործընկերներ չի ունեցել։ «Այժմ մեզ համար շատ լավ գործընկերներ են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Այս տարածաշրջանում նաեւ Ռուսաստանում եւ Հայաստանում համագործակցություն սահմանելու հնարավորություններ ունենք։ Իսկ ավելի լավ բան, քան ռազմավարական բնագավառում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունն է, չեմ կարող պատկերացնել», ասաց գեներալը։
Այստեղից գնալու են Ադրբեջան եւ այսուհետեւ հաճախ են այցելելու տարածաշրջան։ Չ. Վալդը նշեց, որ այցը ճանաչողական է, չնայած շատ են կարեւորում այս տարածաշրջանը, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում կամ Հայաստանում ռազմական բազա հիմնելու որեւէ նպատակ չունեն։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ