«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2003-11-18 | #212, 2003-11-19 | #213, 2003-11-20


ԱՅՍՊԻՍԻ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ Է, ՈՐ ՊԻՏԻ ՇԵՆԱՆԱՆՔ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵՆՔ

Նոյեմբերի 11-ին, ժամը 22։00-24։00-ը Հանրային հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ հեռուստամարաթոն-դրամահավաք էրՙ «Ազգային գրականությանըՙ ազգային պաշտպանություն» նշանաբանով։ Մինչեւ հեռուստամարաթոնի սկսվելը փորձում էինք գուշակել, թե ովքեր եւ ինչ մասնակցություն էին ունենալու ազգային գրականության պաշտպանությանը։ Համոզված էինքՙ ով-ով, բայց մեր երկրի ամենաճանաչված գործարարներից մեկըՙ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն իր մասնակցությունն ունենալու է։ Այդպես էլ եղավ։ Համահայկական գրական ֆոնդին Հրանտ Վարդանյանը նվիրաբերեց զգալի գումար։

Ես ներկա եմ եղել իմ մի քանի գրչեղբայրների գրքերի շնորհանդեսներին։ Այս հեղինակների գրքերի հովանավորը Հրանտ Վարդանյանն է եղել։ Եվ դա ինձ զարմացրեց։ Ինչո՞ւ...

Մեր ժամանակներում միայն հազվագյուտ գրքեր են տպագրվում պետական հովանավորությամբ (եթե, իհարկե, հաշվի առնենք գրքի այսօրվա շուկան եւ պետական պատվերի բաժինն այդ շուկայում)։ Ով ասես գիրք է տպագրում։ Բայց շատ քիչ գրքեր ունեն մնայուն արժեք, քիչ հեղինակներ կարող են հավակնել գրողի բարձրագույն կոչմանը։ Անկեղծ ասած, չէի կարծում, որ գործարարը, եթե անգամ նա խոշոր գործարար է, կարող էր ուշադիր լինել առանձին գրքերի նկատմամբ եւ ճիշտ գնահատել արժեքավոր գրականությունը։

¬ Ի՞նչ է, կարծում եք, որ եթե մենք գրքեր չենք տպագրում, բանաստեղծություններ չենք գրումՙ գրականությունից հեռու մարդի՞կ ենք,¬ ծիծաղելով ասաց Հրանտ Վարդանյանը, ապա լրջորեն ավելացրեց։ ¬Լավ ընթերցողը նույնպես գրականության մարդ է։

Երիցս ճիշտ է ասված։ Ճիշտ է, ոչ միայն գրականության, այլեւ մշակույթի, հոգեւոր ոլորտի առումով ընդհանրապես։ Եվ ուրախալին այն է, որ Հրանտ Վարդանյանն իր խոսքը միշտ էլ ապացուցում է գործով։

Ընդամենը վերջերսՙ նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքը (ճարտարապետներՙ Արթուր եւ Անահիտ Թարխանյաններ)։ Այս նոր եկեղեցին, որն իր մեծությամբ երկրորդն է լինելու Հայաստանում Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հետո, կառուցվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Մեկ միլիոն ամերիկյան դոլար գումարը գերազանցող այս տաճարի հիմնարկեքի ժամանակ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն ասաց.

- Կարծում եմ, այս տարածքի ժողովրդին եկեղեցին շատ անհրաժեշտ է, եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամն իր բարեգործական աշխատանքներից կարեւորագույններից մեկը համարում է այս եկեղեցու շուտափույթ կառուցումը։

Այո, Մասիսում Հայ առաքելական եկեղեցի կառուցելն անչափ անհրաժեշտ է։ Մայրաքաղաքին մերձ այս քաղաքում, շրջակա գյուղերում արդեն փորձում են տերուտնօրինություն անել աղանդները, հատկապես «Եհովայի վկաների» եւ «Հոգեգալստականների» հետեւորդները։ Առանց գործող եկեղեցու դժվար, գրեթե անհնար է հսկայաքանակ մի բնակչություն փրկել հոգեւոր ավերակումից։ Եվ պատահական չէր եկեղեցու հիմնարկեքին ներկա Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի բարեմաղթանքը «Վարդանյան ընտանիք» հիմնադրամին եւ անձամբ Հրանտ Վարդանյանին.

- Հոգեկան ուրախություն ենք ապրում ամեն անգամ, երբ նոր եկեղեցու հիմնարկեք կամ օծում ենք կատարում։ Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ այս եկեղեցին այսօր մեր ազնիվ բարերարի շնորհիվ պիտի իրականություն դառնա եւ վեր հառնի։ Այսպիսով, մեր ժողովրդի հայացքը դառնում է դեպի իր հայրերի նվիրական հավատքը, լցվում լավատեսությամբ եւ հույսով դեպի վաղվա լուսավոր օրը։ Այսպիսի գործերով է, որ պիտի շենանանք ու հարատեւենք։

¬ Եկեղեցու հիմքի ցեմենտապատումն է կատարված միայն։ Բայց այսօր արդեն այստեղ մոմեր են վառվում, հավատի մոմեր։

Այսպիսի գործեր Հրանտ Վարդանյանի «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի եւ «Գրանդ հոլդինգի» կենսագրություններում անչափ շատ են։ Եվ միայն դրանց սոսկական թվարկումն առանց չափազանցության էջեր կզբաղեցներ։ Խոսենք մի քանիսի մասին։

Վերջերս շուքով նշվեց «Հայրենիք» հեռուստաալիքի ստեղծման 2-րդ տարեդարձը, որի ստեղծման գաղափարը նույնպես Հրանտ Վարդանյանինն է։ Այս հեռուստաալիքը (որի մասին մի քանի անգամ գրել է «Ազգը») առանձնահատուկ է ոչ միայն Հայաստանի հեռուստաալիքների այսօրվա անչափ խիտ ցանցում, այլեւ հետխորհրդային հանրապետությունների ողջ տարածքում։ Միայն երեխաների համար նախատեսված հաղորդումների ընթացքում ոչ մի գովազդ չի հաղորդվում, այսինքնՙ խոսք անգամ չի կարող լինել ինքնածախսածածկման կամ եկամուտ ունենալու մասին։ Ամեն ինչ արվում է բարեգործական հիմունքներով։ Ամենաբարձր կարգի ռեժիսորներ, օպերատորներ, արտիստներ են աշխատում հեռուստաընկերությունում, ամենաբարձր ճաշակի ֆիլմեր են ցուցադրվում։ Իսկ արդեն ուշ ժամի, երբ երեխաները քնած են, ներկայացվում են դասական երաժշտության գոհարներ, այնպիսի ստեղծագործություններ, որոնք չեն ցուցադրվում ուրիշ որեւէ այլ ալիքով։ Անգամ... բողոքներ են ստացվում շատ ու շատ ծնողներից, ովքեր կամ օրվա լրատվությունը պետք է բաց թողնեն, կամ երկրորդ հեռուստացույց գնեն։

Թվարկենք (սոսկ թվարկենք) եւս մի քանի բարեգործական ակտեր «Գրանդ հոլդինգի» եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի գործունեությունից։

Երեքուկես տարի Երեւանի Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոցում (այստեղ սովորել է Հրանտ Վարդանյանը) ամենամյա նորոգումներ են կատարվում, իսկ բոլոր ուսուցիչներն ամեն ամիս ստանում են հավելավճար ամերիկյան 50 դոլար գումարի չափով։

Ցմահ ամենամսյա թոշակ են ստանում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսները եւ Հայաստանի աշխատանքի բոլոր հերոսներըՙ թվով մոտ 200 հոգի։

Զգալի ներդրումներ են կատարվում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Երգի-պարի «Կռունկ» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորներից մեկը եղել է «Գրանդ հոլդինգ»-ը։

Հովանավորվել են «Հայոց տուն» կենտրոնի գրքերի տպագրությունը եւ ֆիլմերի արտադրությունը, Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մի քանի համերգաշարեր։

Շատ լավ գիտակցելով հայ մշակույթի առաջնահերթությունն ու կարեւորությունը, Հրանտ Վարդանյանի ցանկությամբ ու միջոցներով հովանավորվել են Երեւանի կինոյի եւ թատերական արվեստի ինստիտուտի (ռեկտորՙ Սոս Սարգսյան) աշխատողներն ու ուսանողները։ Վերջերս Հայաստանում նկարահանված լավագույն ֆիլմերից մեկըՙ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը մասնակցեց միջազգային մի շարք փառատոների եւ մրցանակներ բերեց։ Փառատոներին մասնակցությունը եւս կատարվեց Հրանտ Վարդանյանի, նրա ղեկավարած ձեռնարկության եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի հովանավորությամբ։ Գրողների միության թարգմանությունների բաժնի աշխատողները մեկ տարուց ավելի մշտական աշխատավարձ էին ստանում։ Անապահով գրողների մեր ժամանակներում դա զգալի օգնություն էր։

Շախմատի ֆեդերացիային երկար ժամանակ հովանավորել է կրկին Հրանտ Վարդանյանը, իսկ վերջերս շախմատի կանանց հավաքականը սպորտային սխրանք գործեցՙ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Պատմական այս հաղթանակի միակ արձագանքողը, մեր հերոսներին միակ մեծարողը եւ պարգեւատրողը նա եղավ։

Երեւանի գազանանոցում գտնվող «Գրանդ» փղիկն այսօր դարձել է Հայաստանի երեխաների խորհրդանիշը։ Այժմ պատրաստվում է «Գրանդի» համար մի էգ փիղ բերել Հնդկաստանից։ Մեծ հարսանիք է սպասվում, որը խոստանում է վերածվել համազգային տոնախմբության։

Հրանտ Վարդանյանի բարեգործությունները սոսկ մշակույթի, հոգեւոր ոլորտին չեն վերաբերում։ Երկար ժամանակ Գյումրու 200 կարիքավոր ընտանիքներ 5000-ական դրամ էին ստանում։ Արդեն կարծես ավանդույթ է դարձել «Գրանդ հոլդինգի» ուղարկած ամանորյա նվերները Հայաստանի բոլոր գերատեսչություններին, հիմնարկներին, մանկատներին, ծերանոցներին ու ԶԼՄ¬ներին (ամեն տարի մոտ 120 հազար դոլար գումարի չափով ծխախոտ, քաղցրեղեն, լամպեր եւ այլ նվերներ)...

Մենք մեր հոդվածներից մեկը վերնագրել էինքՙ «Մանթաշովների ժամանակը»։ Այո, Մանթաշովների ժամանակ է նաեւ, որովհետեւ կա, աշխատում է Հրանտ Վարդանյանը։ «Մեր ազգը գոյատեւել է առաջին հերթին իր մշակույթով եւ հոգեւոր աշխարհով։ Մեզանից ամեն մեկը դա պետք է լավ գիտակցի եւ սատար կանգնի», մի անգամ ասաց Հրանտ Վարդանյանը։ Ինքն այդպես է անում։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4