«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2003-11-18 | #212, 2003-11-19 | #213, 2003-11-20


ՕՐԵՆՍԴԻՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԶՐՈՒՅՑՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ

ԱԺ այս եռօրյայի հարցուպատասխանը կառավարության եւ պատգամավորների միջեւ, ինչպես միշտ, սոցիալական ուղղվածություն ուներ։ Քննարկվեցին բազմիցս տրված հարցեր, ինչպես միշտՙ տրվեցին խոստումնալից կամ խուսանավող պատասխաններ։

Կառավարության կոկորդում չմարսվող պատառ է մնում դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ ՀՀ կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանն արդեն որերորդ անգամ հիշեցրեց, որ ծրագիրն ընդունվել է այն ժամանակ, երբ դեռ ինքը նախարար չէր։ Ըստ իր տեղեկության, առ այսօր հայաստանյան դպրոցներից կրճատվել է 3600 ուսուցիչ, նախատեսվում է մինչեւ տարեվերջ այդ թիվը 1000-ով էլ ավելացնել։ Նույնիսկ օտար կամ մայրենի լեզուների ուսուցումն այժմ կատարվում եւ կատարվելու է 25-30 հոգանոց դասարաններում։ Թե ինչ կսովորեն երեխաները, Աստծուն է հայտնի։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, հավանաբար խնդրի սուր ծայրերը բթացնելու նպատակով, հիշեցրեց, որ մանկավարժական աշխարհում 60-70 հազար մարդ մասնագիտական կրթություն չունի, 20 հազար ուսուցիչների աշխատանքային դրույքը 1-ից ցածր է, ոմանք 0,25 դրույքով են աշխատում։ Եվ օպտիմալացման ծրագիրը համակարգի խառնաշփոթը վերացնելու նպատակ ունի։

Պատգամավոր Մեխակ Մխիթարյանի միջոցով էլ առողջապահական ոլորտի մի խումբ աշխատակիցներ իրենց խնդրանքը հասցրել էին ԱԺ։ Իբրեւ ոլորտի աշխատողներ նրանք ուզում են իրենց բուժսպասարկումը բացառապես պետպատվերային սկզբունքով իրականացնել։ Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը հավաստիացրեց, որ 2004 թ. հունվարի 1-ից նախարարությունը հատուկ շրջաբերական է իջեցնելու այս առթիվ։ Խնդիրը ներառվելու է նաեւ առողջապահության մշակվող օրենքի նախագծում։

Ջեռուցման, այն էլ այս ձմեռվա ջեռուցման խնդիրը դեռ գլխացավանք է դառնալու իշխանությունների համար։ 2500 նպաստառու եւ 2000 թոշակառուներով բնակեցված Գյումրու «Անի» թաղամասը սարսափում է մոտալուտ ձմռան հեռանկարից։ Թաղամասը գազաֆիկացված չէ, պետական աջակցությամբ ջեռուցվելու որեւէ հույս էլ բնակիչները չունեն։ Սակայն գործադիրն էլ հուսադրող ոչինչ չասաց բարձր ամբիոնում բարձրացված հարցին։ Քաղաքաշինության նախարարը նշեց, որ թաղամասը ջեռուցելու համար 674 մլն դրամ է պետք, իսկ բնակիչները դեռ նախորդ տարիներից ջեռուցման պարտքեր ունեն։

Ցավալի իրողություն է, որ աղետներն ու փորձանքները համաճարակի, մարդասպանության կամ այլ կերպարանքով, հաճախակի հյուրեր են դարձել մեր առօրյայում։ Սուդանում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ հայ օդաչուների ողբերգական մահն Արշակ Սադոյանին կրկին հանել էր հավասարակշռությունից։ «Իշխանությունները գոնե պատասխանատվություն զգո՞ւմ են, զգո՞ւմ են մեղքի իրենց բաժինը», ճչում էր նա դահլիճում։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հարցադրումը քաղաքական շահարկում որակեց, նշելով, որ մեծ ցնցումներ ապրած հայկական ավիացիայի 340 օդաչուներից 200-ն այսօր աշխատանք ունեն, եւ որ նման փորձանքները երբեւէ կանխատեսելի չեն։

Բավական ուշագրավ էր Վիկտոր Դալլաքյանի հարցադրումը։ Նա վկայաբերեց «Հայկական ժամանակ»-ում տպագրված տեղեկությունը (քաղված «Նեզավիսիմայա գազետա»-ից), թե ռազմական փորձագետների ուսումնասիրությունների համաձայն ռազմական պոտենցիալի առումով Հայաստանը 2002 թ. աշխարհում զբաղեցրել է 101-րդ տեղը, Ադրբեջանըՙ 86-րդ։ 2001 թ. համեմատությամբ Հայաստանը դիրքերը զիջել է 26, իսկ Ադրբեջանըՙ 22 կետով։ «Արդարություն» խմբակցության ներկայացուցչին հետաքրքրում էր, թե որքանով են այս փաստերը համապատասխանում իրականությանը։

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ռազմական պոտենցիալը շատ քիչ կապ ունի բանակի մարտունակության հետ։ Երկրի ռազմական պոտենցիալը բնորոշելիս բանակը միգուցե առաջին տեղում էլ չէ։ Ռազմական պոտենցիալը ներառում է երկրի տնտեսությունը, ներքաղաքական իրավիճակը, խորհրդարանի օրենսդիր աշխատանքը եւ այլն։ Այսօր հայկական բանակը մարտունակ է եւ ի վիճակի է 100 տոկոսով կատարել իր խնդիրը մեր սահմանների պաշտպանության գծով։ Բայց նաեւ շատ փխրուն է ներքին ոտնձգությունների նկատմամբ, եւ եթե բանակում եղած լուն ուղտ ենք սարքում, դրանով ուրիշի ջրաղացին ջուր ենք լցնում, վնասում մեր զինվորների մարտունակությանը»։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4