«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2003-11-18 | #212, 2003-11-19 | #213, 2003-11-20


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՔՆՆԱՐԿԱԾ ՆԱԽԱԳԾՈՎ

Իսկ ուրիշ ինչո՞վ պիտի զբաղվեր

Այս շաբաթ խորհրդարանական եռօրյայի ընթացքում Ազգային ժողովը, ի թիվս այլ օրինագծերի, քննարկեց պետական տուրքի օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը։ Այն վերաբերում էր ոստիկանության կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից միայնակ կենսաթոշակառուներին եւ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամներին ազատելուն։

Այս օրինագծի կապակցությամբ հետաքրքրականը ոչ թե բուն քննարկումներն էին, որոնց արդյունքում եթե օրինագիծն ընդունվի, ապա բնակչության սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց շատ փոքր մի խումբ կօգտվի նման արտոնությունից։ Օրինագծի կապակցությամբ պատգամավորների «խոսք ու զրույցը» լսելիս կարելի էր տպավորություն ստանալ, որ Հայաստանի Հանրապետությունը, ոչ ավելի, ոչ պակաս, որոշել է այսուհետեւ լինել իսկապես սոցիալական պետություն։

Իսկ իրականում խնդիրը թերեւս մեկն էՙ որքան հնարավոր է շատ խոսել այս կամ այն կուսակցության, այս կամ այն անձի նման օրինագծով հետաքրքրվելու մասին։ Այսինքնՙ ըստ էության խորհրդարանը թեեւ կարեւոր օրինագիծ էր քննարկում, բայց այդ քննարկումը պոպուլիստական է, ընդ որում խորհրդարանի նախագահի արդեն բազմիցս հնչած ելույթների մակարդակով։ Այն, որ նման արտոնություն պետք էր սահմանել ոչ միայն նշված կատեգորիայի մարդկանց համար, խորհրդարանականների համար պարզ էր, ինչը եւ պոպուլիստական ելույթների հիմնական մեխն էր։

Օրինագծով կոնկրետ դեպքում ոչ այնքան մեծ պետական տուրքից (շուրջ 1000 դրամ) որոշակի խավին ազատելը մեկնաբանվեց այնպես, որ հպարտության տեղիք է տալիս։ Ինչեւէ, նախօրոք այն որոշումը, որ այս օրինագիծը պետք է ընթերցումներն անցներ այս եռօրյայում, չիրականացավ, քանի որ հաղթեց «պոպուլիզմը»։ Հետաձգումը կապված էր այն բանի հետ, որ թերեւս միայնակ կենսաթոշակառուներին, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին կմիանան նաեւ սոցիալական այլ խավերի ներկայացուցիչներ եւ, ինչպես Արթուր Բաղդասարյանն արտահայտվեց, այն պարզ պատճառաբանությամբ, որ նման սահմանափակումը դեռեւս տրամաբանություն չունի։

Չնայած պոպուլիզմը պոպուլիզմ, բայց խորհրդարանականները նաեւ իրատես էին այն առումով, որ դեռ պարզ չէՙ կառավարության ներկայացրած 2004 թ. բյուջեով արդյոք նման հնարավորություն կլինի՞։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4