ՄՈՍԿՎԱ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը Մոսկվա է հրավիրել Կովկասի հոգեւոր ղեկավարներինՙ նրանց հետ քննարկելու տարածաշրջանում առկա հիմնախնդիրների կարգավորումը։ Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Միջկրոնական խորհրդի գործադիր քարտուղար Ռոման Սիլանտեւը։ Նրա ասելով, հանդիպմանը, բացի Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարից, կմասնակցեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն։ Մոսկովյան պատրիարքարանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մինչ այդ Ալեքսի Երկրորդը պարբերաբար հանդիպումներ է ունեցել հայերի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր ղեկավարների հետ, այժմ Մոսկվա ժամանելու ցանկություն է հայտնել նաեւ Իլյա Երկրորդը։ Առաջին քառակողմ հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
«Ներկայիս հանդիպումը պայմանավորված է Կովկասի խաղաղության եւ հանգստության ապահովման հարցերի շուրջ շարունակաբար զրուցելու անհրաժեշտությամբ», ասել է Սիլանտեւը։ Նա հայտնել է, որ քառակողմ հանդիպման արդյունքների հիման վրա կընդունվի համատեղ հայտարարություն։ Ըստ նրա, «միջկրոնական համագործակցության զարգացումը լավ հեռանկարներ է բացում այդ տարածաշրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների կարգավորման համար»։