Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին Խաժակ արք. Պարսամյանը Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում հյուրընկալել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի արքեպիսկոպոս, Մոսկվայի պատրիարքության արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, նորին սրբություն մետրոպոլիտ Կիրիլին, որը Մ. Նահանգներում էՙ մասնակցելու Նյու Յորքի Սբ. Նիկոլաս ռուսական ուղղափառ եկեղեցու հիմնադրման 100-ամյակի տոնակատարություններին։
Հյուրին ի պատիվ տրված նախաճաշի ընթացքում արք. Պարսամյանը մետրոպոլիտին շնորհել է Սբ. Վարդան մեդալը, որը նախատեսված է վեհ դատի համար պայքարող նվիրյալներին։ Ռուս մետրոպոլիտը շնորհակալություն է հայտնել հայոց եկեղեցու ընդունելության առթիվՙ նշելով, որ երկու եկեղեցիների միջեւ հաստատված հարաբերությունները նպաստում են երկու ազգերի մերձեցմանը։ «Ձեր հոգեւոր ջանքերը շատ կարեւոր են, եւ մեծ դեր են կատարում մեր երկու երկրների համագործակցության ասպարեզում», ասել է նա։
Ընդունելությանն ու պատվասիրությանը ներկա են գտնվել այլ ուղղափառ եկեղեցիների ղեկավարներ։
Ի պատիվ հայր Զավեն Արզումանյանի
Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմից ստացված մեկ այլ հաղորդագրություն տեղեկացնում է, որ այսօրՙ նոյեմբերի 21-ին, հատուկ ընդունելություն է կազմակերպվելու Նյու Յորքի թեմական կենտրոնումՙ ի պատիվ հոգեւոր հովիվ Զավեն Արզումանյանի, նրա վերջերս հրատարակած «Ազգապատում» հատորի առթիվ։ Հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էր թեմի «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնը, վարելու է հայր Գրիգոր Մագսուտյանը։ Ելույթներ են ունենալու հայր Հայկազուն Նաջարյանը (հայերեն) եւ հայր Վահան Հովհաննիսյանը (անգլերեն)։ Տեղի է ունենալու նաեւ գրքի շնորհանդեսը։
Հայր Զավեն Արզումանյանի «Ազգապատումը» շարունակությունն է Մաղաքիա արք. Օրմանյանի եռահատորի, որը գրվել է 20-րդ դարի սկզբներին։ Նոր հատորը պարփակում է հաջորդ 40 տարիները, որոնք նշանավորվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի սփյուռքահայ համայնքներ կատարած բազմաթիվ այցելություններով։
Հայր Զավենը ծնվել է Եգիպտոսում եւ սովորել Անթիլիասի ճեմարանում, ապա Լոնդոնի համալսարանում եւ վերջապես Թեմպլ ու Կոլումբիա համալսարաններում, որտեղից ստացել է փիլիսոփայության մագիստրոսի եւ դոկտորի գիտական աստիճաններ։ Որպես հոգեւոր հովիվ ծառայել է Եթովպիայում, Լոնդոնում, Փարիզում, Ժնեւում, Ֆիլադելֆիայում եւ Բոկա Ռատոնում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Հեղինակ է նաեւ այլ պատմագիտական գրքերի, որոնցից հիշատակության արժանի են հայ պատմաբաններից Սեբեոսի, Ղեւոնդի եւ Կիրակոս Գանձակեցու մասին գրված մենագրությունները։
Հ. Ծ.