«Վհուկների որս». ԱԺ ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր դաշտի պատգամավոր Ալեքսան Կարապետյանն այսպիսի որակում տվեց արդարադատության նախարարությունում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վերագրանցման մերժմանը։ Նրա գնահատմամբ, ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանին ու «Արդարություն» դաշինքին պաշտպանելը ճակատագրական դարձավ հնչակյանների համար, ովքեր 100-ամյա պատմությամբ կենսագրություն ունեն։ Այս առթիվ մեր հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը պատասխանեց. «Կուսակցության նախագահ Ջորջ Հակոբյանն անձամբ ստացել է մերժման հիմնավորմանՙ 4 էջանոց տեքստը։ Եթե համառոտ ասեմ, 9 հիմնական կետերով, կուսակցության ներկայացրած փաստաթղթերը հակասում են գործող օրենսդրությանը։ Եվս 5 կետերում իրարամերժ, ոչ հստակ ձեւակերպումներ կան։ Իսկ որ կուսակցությունը հին կուսակցություն է, այդ իրողությունն իրավական կատեգորիա չէ։ Միակ նախապայմանը փաստաթղթերի փաթեթի համապատասխանությունն է գործող օրենսդրությանը։ Սա վերաբերում է առանց խտրության յուրաքանչյուր կուսակցության»։
Իրավաբանական անձանց գրանցման ՀՀ օրենքի համաձայն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մերժումը կարող է վիճարկել դատական կարգով։ Սակայն առայժմ այդպիսի նախաձեռնություն չի ցուցաբերվել։
Կուսակցությունների մասին ՀՀ նոր օրենքը գործողության մեջ մտնելուց հետո (2002 թ. նոյեմբերի 15-ից) արդեն իսկ որոշակի վերադասավորումներ է արել կուսակցական հանրության կառուցվածքում։ Նոյեմբերի 17-ի օրվա վերջի դրությամբ վերագրանցման 59 հայտ է ստացվել։
Երկու կուսակցություններՙ «21-րդ դարը» եւ Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցությունը լուծարման գործընթացում են։ Հայաստանի նորացված կոմկուսը, Հայաստանի ինտելեկտուալների կուսակցությունը եւ Հայաստանի կոմունիստների միությունը միաձուլվել են եւ ստեղծել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը։ «Մտավորական Հայաստանը» միացել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը։
Ըստ գործող օրենսդրության, վերագրանցումը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 17-ը։
2003 թ. նոյեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանում դեռ հաշվվում էր 116 կուսակցություն։ Այս պահին Հայաստանում գործելու իրավունք ունեն միայն վերագրանցված 21 կուսակցություններ։ Դեռ մինչեւ դեկտեմբերի 17-ը ժամանակ կա, եւ կուսակցական խճապատկերի հնարավոր երանգափոխումներն առջեւում են...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ