«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2003-11-20 | #214, 2003-11-21 | #215, 2003-11-22


ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ ԲՐԵՄԵՆՈՒՄ

Գերմանիայի Բրեմեն քաղաքում այս օրերին անցկացվում են հայկական մշակութային օրեր։ Միջոցառումը կազմակերպվել է Բրեմենի ավետարանական եկեղեցու խաղաղության համայնքի, Գերմանա-իսրայելական ընկերության, Բոխումի Հայ ակադեմիական միություն 1860, «Լոյվր» արվեստի սրահի եւ «Դոնաթ» հրատարակչության համատեղ ջանքերով։ Հովանավորն է Բրեմենի սենատի նախկին նախագահ Հանս Քոշնիկը։

Միջոցառման սկիզբն ազդարարվեց նոյեմբերի 2-ին Բրեմենի խաղաղության համայնքի սրահում։ Ողջույնի խոսքերով հանդես եկան քահանա դոկտ. Բերնդ Քլինգբայը եւ Հելմութ Դոնաթը։ Միջոցառումների շարքում ներառված են ցուցահանդեսներ, երաժշտական մաս, գրական ընթերցումներ, դասախոսություններ, զեկույցներ եւ այլն։

«Հաճելի էր տեսնել գերմանացի ժողովրդի ակտիվ մասնակցությունը հայկական մշակույթը ներկայացնելու գործում», տեղեկացնում է Գերմանիայում գործող «Հայկական տեղեկատվական եւ փաստագրական կենտրոնը» «Ազգին» հղած իր հաղորդագրությամբ։ 1915 թ.-ի Եղեռնի զոհերի հիշատակին Բրեմենի «Քորվերքշթաթ» երգչախմբի կատարմամբ հնչել է Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրաթորիումը»։ Ասմունքող Հորսթ Բրայթերը հանդիսատեսին է ներկայացրել Եղիշե Չարենցի եւ Պարույր Սեւակի բանաստեղծությունների ընտրանին գերմաներեն թարգմանությամբ։ Թիլման Ռոթրմելը մեկնաբանել է իր «Հիշողություններ նվիրված Հայաստանին» խորագրով պատկերների ցուցահանդեսը։

Միջոցառումների շարքում առանձնակի տեղ էր հատկացված 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններին, որի բանախոսը դոկտ. Թեսա Հոֆմանն է եղել։ Նա ունկնդիրներին միաժամանակ մեկնաբանել է այդ թեմայով ցուցադրվող «Բռնագաղթ, հալածանք եւ բնաջնջում» խորագրով լուսանկարները։ Թեմայի շուրջ բանախոսել է նաեւ դոկտ. Ժիրայր Քոչարյանը «Հիշողություն եւ ցեղասպանության կանխարգելում» խորագրով։ Նա իր ելույթում շեշտադրել է հատկապես թուրք ոճրագործների անպատիժ մնալը եւ հաղթանակած պետություններիՙ այդ ոճրագործության նկատմամբ ցուցաբերած անտարբերությունը, ինչն էլ առիթ տվեց Հիտլերի անպատկառ հայտարարությանը. «...Ի վերջո ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը», որին եւ հաջորդեցին Եվրոպայի հրեաների եւ մյուս ժողովուրդների ողջակիզումն ու բնաջնջումը։

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին առաջին անգամ մասնակցում եւ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայկական մշակույթի օրերը ավարտվելու են նոյեմբերի 23-ին։ Մինչ ավարտը նախատեսվում է ընթերցումներ Անդրեյ Բիտովի «Հայկական դասեր» գրքից եւ հանդիպում հեղինակի հետ։ Հայկական մշակույթին նվիրված միջոցառումները կեզրափակվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4