Նոյեմբերի 25-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Տաջիկստանի արտաքին գործերի, տնտեսության եւ առեւտրի, ֆինանսների, բնապահպանության նախարարները, Տաջիկստանի գիտությունների ակադեմիայի նախագահը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ։
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Էմոմալի Ռահմոնովի առանձնազրույցը։ Այնուհետեւ տեղի կունենա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը եւ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նախատեսվում է նաեւ երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
Տաջիկստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ։ Էմոմալի Ռահմոնովը կայցելի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, նրան կհյուրընկալի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Էմոմալի Ռահմոնովը կայցելի Մատենադարան, Մեծ եղեռնի հուշահամալիր, կլինի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, հուշահամալիրին հարող այգում կմասնակցի ծառատունկին։
Նոյեմբերի 26-ին Տաջիկստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից։