Սրանք էին արտգործնախարարի մամուլի ասուլիսի հիմնական թեմաները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանը մտահոգությամբ էր հետեւում Վրաստանի իրադարձություններին, որոնք բարեբախտաբար հանգուցալուծվեցին առանց լուրջ ցնցումների։ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ առայժմ ապրանքաշրջանառության մեջ որեւէ խնդիր չի առաջացել եւ Հայաստանի բեռնափոխադրումները չեն խաթարվել։ Շարունակելով Վրաստանի թեման, ԱԳ նախարարը հայտնեց, որ այդ երկրի հետ կապերը շարունակվելու են նախագահի պաշտոնակատարի կամ նրա նշանակած պաշտոնյաների միջոցով։
Կարեւորվեց կայունության եւ անդորրի վերջնական հաստատումը նոր ընտրություններից հետո։ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ Հայաստանը որեւէ գործնական միջամտություն չի ունեցել Վրաստանի իրադարձությունների հանգուցալուծմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի ընտրությունների տարբերության հարցին, ապա նախարարը մեջբերեց միջազգային դիտորդների տեսակետը, ըստ որի ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի կամքը։ Մինչդեռ նման կարծիք Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկար։
Վարդան Օսկանյանն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես ամենակայուն ու հուսալի երկիրը տարածաշրջանում։ Վրաստանի իրադարձություններից հետո մենք հնարավորություն ենք ստացել առավել ամրագրելու մեր այդ դերը։
Ասուլիսի ժամանակ արծարծված հաջորդ կարեւոր հարցը դեկտեմբերի 5-8-ը նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն էր տարածաշրջան եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Համանախագահները հայտնել են, որ իրենց հիմնական գործունեությունն ունենալու է երկու ուղղվածությունՙ վերականգնել կողմերի երկխոսությունը նախագահական ու ավելի ցածր մակարդակներով եւ պատրաստել նոր գաղափարներ լրացնելու համար գոյություն ունեցող առաջարկներըՙ բանակցությունների համար փոխընդունելի հիմքերի հասնելու նպատակով։ Արտգործնախարարը նշեց, որ խոսքը նախագահների ֆորմատով բանակցությունների վերսկսման մասին է, բայց բացառված չէ, որ հանդիպումներ լինեն նաեւ այլ ֆորմատներով։ «Ի՞նչ կետից պետք է վերսկսվեն բանակցությունները» հարցին Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ մինչ այժմ շատ հարցերի շուրջ համաձայնություն է եղել եւ շատ ափսոս կլիներ, եթե դա մի կողմ թողնվի։ Նա նաեւ արդիական համարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Քի Վեսթում քննարկված տարբերակը, ասելով, որ դա կարող է լուրջ հիմք դառնալ բանակցությունների շարունակման համար։
Անդրադառնալով «նոր գաղափարներին», նախարարը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մեծ անակնկալներ չեն լինի դրանցում։ Նա վերստին համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի։
Բեռլինում «Հարավային Կովկաս. Քաղաքական մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» միջազգային համաժողովում իր ունեցած ելույթը մեկնաբանելով, Վարդան Օսկանյանը նշեց, որ մասնակիցներն այն բնութագրել են որպես անկեղծ եւ զգացմունքային, ինչին ինքը համաձայն է։ Այդ անկեղծ ելույթում նախարարն ասել է, որ իրատեսական չեն ակնկալիքները, թե հայերը Լեռնային Ղարաբաղը կհանձնեն Ադրբեջանի իշխանությանը։
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչվող հարցին Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ինքը խստագույնս դատապարտել է այդ գործողությունը։ Նախարարը նշեց, որ առայժմ որոշակի չէ, թե Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը երբ կլինի։ Նա ընդունեց, որ զբոսաշրջիկների, դիվանագետների համար երկու երկրների մուտքի թույլտվության, Հայաստանից Թուրքիա էներգիա վաճառելու հարցերը քննարկվել են արտգործնախարարների հանդիպման ժամանակ, բայց վերջնական արդյունք դեռեւս չկա։