«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Վրացական «Սպիտակ աղվեսի», «վարդյա հեղափոխության» ու խելագարված ամբոխների մասին

«Բատոնո (պարոն) Էդուարդ, դուք ո՞ւր եք գնում», Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեին հարցրեց վրացի լրագրողներից մեկը։

«Ես տուն եմ գնում», պատասխանեց նախկին նախագահը։

«Բատոնո Էդուարդ, Դուք հիմա ո՞ւր եք գնում», կրկնեց լրագրողը։

«Ասացիՙ տուն եմ գնում», մի կերպ ժպտաց բատոնո Էդուարդը։

Կիրակի երեկոյան ժ. 20։30-ին Շեւարդնաձեն հրաժարական տվեցՙ ստիպողաբար վերջ դնելով պատմական մի հատվածի, որը կոչվում է «Շեւարդնաձեի դարաշրջան»։

«Ես սովոր եմ հրաժարական տալուն»

«Ես սովոր եմ հրաժարական տալուն։ Սա ինձ համար նոր բան չէ», Կրծանիսի նստավայրում հայտարարեց Շեւարդնաձենՙ ակնարկելով 1990 թ., երբ ինքը հրաժարական տվեց ԽՍՀՄ արտգործնախարարի պաշտոնից։

Սակայն 1990 թ. եւ 2003 թ. նոյեմբերի 23-ի հրաժարականները տարբեր էին։ Կիրակի երեկոյան Շեւարդնաձեն հրաժարվեց նախագահի պաշտոնից վրաց ժողովրդիՙ Թբիլիսիի փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր «խելագարված ամբոխների» ճնշման տակ։ Դեռ մեկ օր առաջ Շեւարդնաձեին թվում էր, թե հնարավոր է պահել աթոռը, սպառնում էր անհապաղ ձերբակալել ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Սաակաշվիլուն, Զուրաբ Ժվանիային, Նինո Բուրջանաձեին։

Հարյուր հազարավոր մարդիկ արդեն երեք շաբաթ պահանջում էին «Սպիտակ աղվեսի» հրաժարականը, ծաղրում, անպատվում 76-ամյա Շեւարդնաձեին։ Շաբաթ օրը խորհրդարանի դահլիճից պրն Շեւարդնաձեին ուղղակի փախցրեցին, այլապես ամբոխը, որ Սաակաշվիլու հրամանատարությամբ գրոհեց խորհրդարան, պատրաստ էր պատառոտել երկրի նախագահին։

Բայց այս ամենի մեջ պետք է առաջին հերթին առանձնացնել հենց Շեւարդնաձեին։ Նա ընտրեց սեփական ժողովրդի հետ դիմակայության ուղին։ Նա գրեթե վստահ էր, թե հերթական ճգնաժամից ինքը կարող է հաղթանակած դուրս գալ ու վերապրել։ Տասնյակ հազարավոր մարդիկ սուլում էին խորհրդարանից փախչող երկրի նախագահի հետեւից։ Շեւարդնաձեն ինքն ընտրեց գահից բաժանվելու այս ուղին։

Նոյ Ժորդանիայից մինչեւ Էդուարդ Շեւարդնաձե

Վրաստանի մենշեւիկյան հանրապետության (1918-21 թթ.) առաջնորդ Նոյ Ժորդանիան իշխանությունից հեռացվեց 1921 թ. փետրվարին, մահկանացուն կնքեց օտարության մեջ։

Խորհրդային Վրաստանի կոմկուսի վերջին առաջին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլին հրաժարական տվեց 1989 թ. ապրիլի 9-ի արյունահեղությունից անմիջապես հետո, երբ խորհրդային զորքը խեղդեց Թբիլիսիի փողոցներ դուրս եկած ժողովրդի խաղաղ ցույցը։

Արյունահեղությունը չկանխելու մեջ մեղադրվեց Պատիաշվիլին, ով 14-ամյա լռությունից հետոՙ մի քանի օր առաջ հայտարարեց, թե այդ օրըՙ 1989 թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում էր ԽՍՀՄ արտգործնախարար Շեւարդնաձեն։

Անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան սպանվեց 1993 թ.ՙ Արեւմտյան Վրաստանիՙ Սամեգրելոյի անտառներում, թաղված է Չեչնիայի Գրոզնի վարչական կենտրոնում։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված եւ այն ժամանակ ժողովրդական առաջնորդ Գամսախուրդիային տապալեց Շեւարդնաձեն, ով Մոսկվայից համակարգում էր ԽՍՀՄ-ում հայտնի «օրենքով գող» Ջաբա Իոսելիանիի եւ չկայացած նկարիչ Թենգիզ Կիտովանիի հակագամսախուրդիական պատերազմը։

Հարյուր հազարավոր վրացիներ ողջունում էին 1992 թ. Շեւարդնաձեի վերադարձը իշխանություն։ Կիրակի գիշերը հարյուր հազարավոր վրացիներ ողջունում էին Շեւարդնաձեի խաղաղ տապալումը։ 2003 թ. նոյեմբերի 24-ի գիշերը հարյուր հազարավոր վրացիներ ուրախությունից եւ գինուց հարբած թափառում էին փողոցներում։

Վե՛րջ, Շեւարդնաձեն այլեւս նախագահ չէ։

Ընդդիմության առաջնորդներ Սաակաշվիլին, Ժվանիան եւ Բուրջանաձեն (նա 45 օրով երկրի նախագահն է, մինչեւ նոր նախագահական ընտրությունները) ժողովրդական ապստամբության, խաղաղ ճանապարհով տապալեցին Շեւարդնաձեին։

Սաակաշվիլին Շեւարդնաձեի իշխանությունը տապալելու խաղաղ արշավանքն սկսեց Արեւմտյան Վրաստանից, որտեղ 1993 թ., ենթադրաբար ոչ առանց Շեւարդնաձեի միջամտության, սպանվել էր Գամսախուրդիան։

«Գադադեքի» (թարգմ.ՙ հեռացի՛ր), «գադադեքի»ՙ բղավում էր խորհրդարան ներխուժած Սաակաշվիլին 2003 թ. նոյեմբերի 22-ին։ Շեւարդնաձեն չէր ուզում հեռանալ ու պայքարեց մինչեւ վերջՙ մինչեւ փառահեղ տապալում։

«Վարդյա» հեղափոխություն

Սաակաշվիլին խորհրդարան խուժեց վարդը ձեռքին, իսկ կիրակի օրը, երբ Վրաստանի ուժային կառույցները չեզոք դիրք գրավեցին արյունահեղությունից խուսափելու պատճառաբանությամբ, ու փաստորեն Շեւարդնաձեն մնաց մենակ, ընդդիմության գլխավոր առաջնորդը ժողովրդական ընդվզմանը տվեց «վարդեբիս ռեւոլյուցիա» կամ թարգմանաբարՙ «վարդյա հեղափոխություն» անունը։

Թե ովքեր էին կանգնած այս հեղափոխության հետեւում (դրսի ուժերից), միանշանակ դժվար է պնդել։ Սակայն ակնհայտ է, որ Սաակաշվիլին վերջին ամիսներին Վրաստանում պտտում էր խոշոր գումարներ, ենթադրաբարՙ ամերիկյան դոլարներ։

Վերջին ամիսներին Շեւարդնաձեն թեքվել էր հյուսիսՙ դեպի Ռուսաստան։ Վերջին ամիսներին Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը Շեւարդնաձեի հետ հանդիպումից հետո կամ առաջ չէր կարողանում ժպտալ ամերիկացի դիվանագետներին հատուկ լայն ժպիտով։ Փոխարենը նա ժպտում էր Սաակաշվիլուն, Ժվանիային, Բուրջանաձեին։ «Վարդյա» հեղափոխությունը դարձել էր անխուսափելի։

1991-92 թթ. դեսպան Մայլսը ԱՄՆ շահերը պաշտպանում էր Բաքվում։ Ադրբեջանում տեղի ունեցավ իշխանափոխություն։

1996-99 թթ. դեսպան Մայլսը ԱՄՆ շահերը պաշտպանում էր Բելգրադում։ Հարավսլավիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, տապալվեց Միլոշեւիչի վարչակարգը։

2002 թ. Վաշինգտոնը Թբիլիսիում դեսպան նշանակեց Մայլսին։ 2003 թ. նոյեմբերի 23-ին Վրաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Պետքարտուղար Ք. Փաուելն անմիջապես հայտարարեց, որ ԱՄՆ-ն աշխատելու է Նինո Բուրջանաձեի ժամանակավոր կառավարության հետ։

Ռուսները եւ Աբաշիձեն

Շաբաթ գիշերը ՌԴ նախագահ Պուտինի առաջադրանքով Թբիլիսի շտապեց արտգործնախարար Իգոր Իվանովը, որը Շեւարդնաձեի եւ ընդդիմության հետ մի շարք հանդիպումներից բացի մասնակցեց հականախագահական բազմահազարանոց հանրահավաքին։ Նա կանգնել էր Ժվանիայի կողքին ու երկու անգամ «գաումարջոս» (հաղթանակ) գոռաց։ Իվանովի մայրը վրացուհի է, ՌԴ արտգործնախարարը ծնվել է Պանկիսի կիրճում։

Իվանովի միջնորդությամբ կայացավ Շեւարդնաձեի եւ Սաակաշվիլու ու Ժվանիայի վերջին հանդիպումը, որից քիչ անց Վրաստանի նախագահը հրաժարական տվեց, իսկ ՌԴ արտգործնախարարը շտապեց Բաթումՙ Ասլան Աբաշիձեի մոտ։

Աջարիայի առաջնորդը, ինչպես խոստացել էր մի քանի օր առաջ, փաստորեն փակել է Վրաստանի հետ սահմանները, ինքնավար հանրապետությունում 30 օրով մտցրել արտակարգ դրություն։ Իր այս որոշումը Աբաշիձեն բացատրեց նրանով, որ հավանական է զինված խմբավորումների արշավանքը դեպի Աջարիա։ «Աջարա» հեռուստատեսությամբ «Առյուծը» վրացական ընդդիմության առաջնորդներին պիտակեց «ավազակներ, նեոֆաշիստներ» անունով։

«Վրաստանում հանգիստ չի լինի, հայտարարեց նա։ Նրանք տապալեցին ժողովրդի կողմից ընտրված նախագահին, ինչպես Գամսախուրդիային։ Նման «վարդյա» հեղափոխություններն ուղեկցվելու են ահաբեկչությամբ»։ Թեեւ վերջում Աբաշիձեն ասաց, թե պատրաստ է համագործակցելու Ժվանիայի հետ։

Ակնհայտորեն Աբաշիձեն պատրաստ չէ ճանաչելու Վրաստանի նոր իշխանություններին։ Լուրջ վտանգ կա, որ ռուսամետ Աբաշիձեն կարող է Աջարիան պոկել Վրաստանից։

Վրաց ժողովուրդը ցնծության մեջ է։ Քչերին է հետաքրքրում, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան փաստացի անկախ են։ Նրանք այսօր երջանիկ են, որ այլեւս չկա Շեւարդնաձեն։ Քչերին է հետաքրքրում, թե դրսի ուժերից հատկապես ո՞վ օժանդակեց Շեւարդնաձեի տապալմանը, ի՞նչ դիրք է գրավելու Ռուսաստանը եւ բազում այլ հարցեր։

Թերեւս այս հարցերին պատասխանելու ժամանակներն էլ կգան։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4