«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի պատրիարք Ալեքսի Բ-ի հրավերով կմեկնի Մոսկվաՙ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ռուս պատրիարքի եւ Կովկասի կրոնական առաջնորդների քառակողմ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ամենայն հայոց հայրապետը, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն կքննարկեն կովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ միջկրոնական հանդուրժողականության զորացմանը վերաբերող խնդիրներ։

Վեհափառ հայրապետին կընկերակցեն Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Մեսրոպ աբղ. Պարսամյանըՙ որպես գավազանակիր եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը։

Մոսկովյան հանդիպումից հետոՙ նոյեմբերի 27-ին Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնաբեր հայրապետական այցը կկատարի Հարավային Ռուսաստանի հայոց թեմ։ Այցի ընթացքում Նորին սրբության ձեռամբ կօծվի Պյատիգորսկի Սբ. Սարգիս նորակառույց եկեղեցին։ Վեհափառ հայրապետը կմասնակցի նաեւ Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 160-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Նախատեսվում են նաեւ հանդիպումներ տեղի իշխանությունների եւ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների հետ։

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4