«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


ՀԱՄԱՏԵՂՎԵԼ ԵՐԱՆԵԼԻ ԳԾԻՆ

Էդվարդ Միլիտոնյանի երկու նոր գրքերը

Լույս են տեսել Էդվարդ Միլիտոնյանի երկու գրքերըՙ «Այս պահին» («Նաիրի» հրատարակչություն, 2003 թ.) եւ «Վահագն Վիշապաքաղի արկածները» («Ծիծեռնակ», 2003 թ.)։ Երկուսն էլ պետական պատվերով։ Առաջինը բանաստեղծությունների ժողովածու է, որը կարող է հավակնել ՀՀ պետական մրցանակի, երկրորդը, որը նույնպես մրցանակի հավակնություն ունի, մեր Վահագն վիշապաքաղի մասին նոր պատում է։

Ամեն գրքից նախ եւ առաջ վերցնում ես այն, ինչ հարազատ է քեզ, հոգեմոտ։ Էդվարդ Միլիտոնյանի «Այս պահին» գրքից լրջորեն հուզեց իր «Զվարթախոսությունը», որն սկսվում է այսպես.

«Մարդու մեծագույն նվաճումներից է մահվան մասին հումորով խոսելը։ Կարեւոր է անմեղ հումորը զատել հեգնելուց, սարկազմով խեթելուց, կծելուց, ինքնահեգնանքով պատսպարվելուց, մի խոսքովՙ մահը պիտի հարգի քեզ, չվիրավորի եւ հասկանա քո զվարթախոսությունը...»։

Լուրջ միտք է, անչափ լուրջ եւ բնավ զվարթախոսություն չէ։ Կարեւորն այն է, որ բանաստեղծը չի փախենում մահից։ Իսկ եթե դա իսկապես այդպես է եւ ճիշտ ենք հասկացել Էդվարդ Միլիտոնյանի ասվածի տակ եղած ասելիքը, ապա կարելի է ասել, որ բանաստեղծը հասել է երանելի մի վիճակի, երբ գիծը շոշափող է դարձել շրջանին, այսինքնՙ խոսքի ու լռության միասնությունը եւ խոսքի ու լռության անհամաձայնությունը մեկտեղվել, համատեղվել են երանելի գծին։

Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործությունըՙ լինի այն բանաստեղծություն, արձակ, նկարչությունՙ առաջին շերտից դժվար թարգմանելի իրողություններ են։ Պետք է ծանոթ լինել գրականությանը, լրջորեն ծանոթ լինել, որպեսզի կարողանաս այս ստեղծագործությունը վայելել։ Այսինքնՙ պարապ վախտի մտավարժանքներ չեն Միլիտոնյանի ստեղծածները։ Քեզ ոչ միայն տանում են իրենց հետեւից, այլեւ ստիպում են համաձայնությամբ գնալ։ Առաջին պատճառն այն է, որ որքան էլ բանաստեղծը հասունացել է (հապա մի պատկերացրուՙ 25 գիրք է տպագրել), միեւնույն է բանաստեղծի համար ամենակարեւոր հատկանիշըՙ զարմանալու ունակությունը պահել է։ Պահել է մանկան մաքուր հայացքը, հաստատ իմանալով, որ հակառակ դեպքում պետք է նայեր հայելու մեջ եւ տեսներ սպանված բանաստեղծին։ Դժվար է, բայց պահել է այդ անաղարտ հայացքը, մաքուր աչքը։

Դեպքերի եւ իրադարձությունների արձանագրող չէ Էդվարդ Միլիտոնյանը, այլ զգացմունքների, երեւակայության, երազների, հույսերի եւ հուսախաբությունների։ Եվ եթե անգամ տալիս է ժամանակի պատկերը, ապա պահի մեջ տեղավորելով հային ու Հայաստանը, հայի ու Հայաստանի հոգու աշխարհագետն է դառնում։

Միլիտոնյանի հայը հատկապես հետաքրքրական մի երեւույթ է։ Նա այս պահին կտրում-անցնում է Լեհաստանի ու Գերմանիայի սահմանը, ինքնասպան է լինում Նյու Յորքի ամենամեծ եկեղեցում, բայց եւ աստղասփյուռից տուն չի գալիս (Գրիգոր Գուրզադյան)։ Ու հայի մասին Էդվարդ Միլիտոնյանի ասած խոսքը չի վիրավորի ոչ մի հայի, որովհետեւ հայը որքան հողի վրա է, նույնքանՙ երկնքում, որքան լալիս է, այդքան էլՙ ծիծաղում, որքան պատմության մեջ է, նույնքանՙ ապագայում։

Մեր Փոքր Մհերի մասին փառաբանության հազար երգ է հյուսվել։ Էդվարդ Միլիտոնյանի փառաբանությունն ուրիշ է, ավելի ճշմարիտ լինելու չափ ցանկալի, որովհետեւ Փոքր Մհերի սիզիփոսյան ողբերգության մեջ քեզ ու քո ժողովրդի պնդությունը հավաստող զգացողությունն ես տեսնում։

Մարդու համար ցավում է բանաստեղծի հոգին, այսօրվա մարդու համար («... Երբ փոքր էի, մեծերն էին դաժան թվում/, երբ մեծ եմՙ/ երեխաներն են կարծես դժնի...»)։ Այսպես միայն ճշմարիտ բանաստեղծը կնկատեր։ Եվ Աստծո տասը պատվիրաններին կներկայացներ եւս 110 պատվիրանՙ չխոզանալ, չէշանալ, չագռավանալ, արյամբ եւ կրակով չշինել մեգապոլիսներ, չխորտակել երազներ ու սուզանավեր, պետություններ չկազմել այլոց հին հողերի վրաՙ հին վրեժ ծնող...

Իրական դեմքեր (Արամ Խաչատրյան, Սալվադոր Դալի, Լեւոն Ներսիսյան...) եւ դեպքեր կան այդ գրքում։ Բայց որքան իրական, տասնապատիկ ավելի բանաստեղծական, որովհետեւ ներկայացված են նորովի, մեզ համար անսպասելի։ Ահա այստեղ է, որ կարեւորվել է ամեն ինչին եւ ամեն մեկին անաղարտ հայացքով նայելու Միլիտոնյանի շնորհը։

Ահա այս առումով անչափ հետաքրքրական է Էդվարդ Միլիտոնյանի մյուս գիրքըՙ «Վահագն Վիշապաքաղի արկածները»։ Մեզ քաջ ծանոթ այս պատմությունը Միլիտոնյանը պատմում է այլ ձեւով։ Այս վեպը, ինչպես ներկայացված է, հեթանոս աստված Վահագնի մասին է, որը պայքարում է վիշապների դեմ, հաղթում հնարամտությամբ եւ սրամտությամբ։ Նրան հրավիրում են Հին աշխարհի երկրներՙ Եգիպտոս, Հռոմ, Պարսկաստան, Հնդկաստան, Չինաստան։ Վահագն Վիշապաքաղը հաղթում է նաեւ Հայաստանի բազում վիշապների։ Եվ եթե այս գիրքը գրվել ու տպագրվել է, նշանակում է, որ հույս կա, թե Վահագն Վիշապաքաղը պիտի հաղթի գոնե Հայաստանի բոլոր վիշապներին։ Այս հույսը ունենանք։

Իր գրչեղբոր մասին Հրաչյա Թամրազյանն ասում է. «... Հաճախ հորինում է ռիսկի սահմանին, դառնում արկածախնդիր եւ բառահենՙ ակոսում է պատմա-մշակութային տարածքներն ու մայրցամաքներըՙ խոսքի գանձերին տիրանալու համար։ Արարում է ու կարծես չի հագենում ինքնարարումից...»։

Թո՛ղ մշտատեւ լինի այս ինքնարարումը, այսպիսինը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4